Կարմիր գյուղում օծվեց Մեծ Եղեռնի սրբադասված նահատակների հիշատակի խաչքարը |
Շուրջ 200 ընտանիք ունեցող Մառնեուլի շրջանի Կարմիր գյուղը , տեղի մեծահասակների պատմածների համաձայն, 100 տարվա պատմություն ունի, գյուղը հայաբնակ է և այստեղ հիմնականում բնակվում են Արևմտյան Հայաստանից տեղահանված ու մազապուրծ փրկվածների սերունդները: Հաստատվելով բարենպաստ պայմաններ ունեցող այս տեղանքում, հայերը պահել ու պահպանել են իրենց լեզուն, հավատքը, ազգային արժեքները: Սակայն ապրելով խորհրդային տարիների աստվածամերժման ժամանակաշրջանում, չեն ունեցել իրենց աղոթատեղին ու եկեղեցին, թերևս Աստծո տան կարիքը միշտ էլ զգացել են գյուղովի: Եվ ահա Վիրահայոց թեմի աջակցությամբ և Վիլիամ Խաչատրյանի հովանավորությամբ, 2012 թվականին այստեղ կառուցվեց և հանդիսավորապես օծվեց Սրբոց Ավետարանչաց մատուռը, որտեղ թեմի հոգևոր սպասավորները պարբերաբար մատուցում են Սուրբ Պատարագներ և անցկացնում ծիսական արարողություններ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նահատակների ոգեկոչմանը գյուղն արձագանքեց ծնունդով տեղացի, այժմ ռուսաստանաբնակ Գիորգի Էլոյանի և Դավիթ Դավթյանի նախաձեռնությամբ և մյուսների հովանավորությամբ կանգնեցված Հիշատակի խաչքարով, որի հանդիսավոր օծումը տեղի ունեցավ 2015 թվականի հունիսի 26-ին: Դեռևս առավոտյան Կարմիր գյուղ ժամանած Վիրահայոց թեմի հոգևոր սպասավորներ Տեր Սամվել քահանա Թորոսյանը և Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը տեղի Սրբոց Ավետարանչաց մատուռում կատարեցին եկեղեցական ծես ու կազմակերպեցին մկրտության հոգեշնորհ արարողություն: Գյուղի տարբեր տարիքի բնակիչներ քահանաների ձեռամբ ստացան մկրտություն և օծվեցին Սրբասուրբ մյուռոնով: Իսկ մինչ այդ խաչքարի մոտ էր հավաքվել գյուղի հասարակությունը: Երևանից ժամանած Ջավախքի աջակցության հիմնադրամի պատվիրակության և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի պաշտոնեության մասնակցությամբ կատարվեց օծման արարողությունը: Մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը, դիմելով ներկաներին արժևորեց Կարմիր գյուղում Հիշատակի խաչքարի խորհուրդը՝ որպես տեղի բնակչության խոնարհում ազգի բնաջնջված ու տեղահանված նախնիների հիշատակին: Նա փոխանցեց Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի բարեմաղթանքները գյուղի բնակչությանը: Հոգևոր հայրերը Սրբասուրբ մյուռոնով օծեցին մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակի ոգեկոչման խաչքարը: Տեր Սամվել քահանա Թորոսյանը խոսեց նաև հրեշտակներ դարձած սուրբ նահատակների բարեխոսության խորհրդի մասին, որը խաչքարի միջոցով հասնելու է գյուղի բնակչությանը: Տեր Հայրը ներկաներին հաղորդեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը նախնիների հիշատակը պահելու և սերունդներին փոխանցելու պատգամով: Ոգեկոչման խոսքով ներկաներին դիմեցին Ջավախքի աջակցության հիմնադրամի գրասենյակի ղեկավար Սամվել Մկոյանը, Վիրահայոց թեմի լրատվական բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը: Իսկ Վիլիամ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց բարերարներին և և գյուղի ողջ բնակչությանը հիշատակի խաչքարը կանգնեցնելու և Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը արժևորելու համար: Հուզիչ էր գյուղի երեխաների ձեռքով խաչքարի կողքերին մշտադալար եղևնիների տնկումը, որը փոքրիկները ոռոգեցին բուռ –բուռ բերած ջրով: Հավելենք, որ Կարմիր գյուղում կանգնեցված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի խաչքարը առաջինն է Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Մառնեուլիի հայաբնակ գյուղերի շրջանում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում միջոցառումները շարունակվում են Վիրահայոց թեմում: |