1

fb you od

  • Թեմ
  • Թեմի պատմություն
  • Գավազանագիրք
  • Հայ գաղթօջախներ
Վիրահայոց Թեմ

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը անբաժան մասն է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, որի կենտրոնն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Թեմը ղեկավարվում է Աստվածաշնչի, Հայ Եկեղեցու կանոններով և Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինություններով: Թեմի առաջնորդը նշանակվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից:

2002թ-ի սեպտեմբերի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդ է նշանակվել Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդի նստավայրն է Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցուն կից 2010 թվականին կառուցված առաջնորդարանը: Վիրահայոց թեմի առաջնորդին կից գործում է խորհրդատվական մարմին:

Վիրահայոց թեմը ընդգրկում է Վրաստանի տարածքը։

Առաջնորդարան

Թեմի առաջնորդանիստը Թբիլիսիի 13-րդ դարի Սուրբ Գևորգ եկեղեցին է: Վիրահայոց Թեմը համախմբում և գլխավորում է Վրաստանի տարածքում գործող եկեղեցիները, առաջնորդում հայ քրիստոնյա համայնքը, ներկայանում է մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Եկեղեցու ենթակայության ներքո: Վիրահայոց թեմի կազմի մեջ մտնում են Թբիլիսիի, Ջավախքի, Աջարիայի, Քվեմո Քարթլիի տարածաշրջաններում գտնվող համայնքները, գործող և չգործող եկեղեցիները: 2013թ. դրությամբ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմն ունի 23 հոգևորական, գործող 57 եկեղեցիներ:

2011 թվականի հուլիսին Վրաստանի խորհրդարանն ընդունեց օրենք, ըստ որի Վրաստանում գործող կրոնական համայնքները կարող են ստանալ կարգավիճակ: Այդ օրենքի հիման վրա, 2012 թվականի մարտի 12-ին, Վիրահայոց թեմը Վրաստանի Արդարադատության նախարարության Հանրային Ռեեստրում գրանցվեց որպես Հանրային իրավունքի իրավաբանական անձ:

Թեմի պատմությունը

Պատմական աղբյուրների համաձայն, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին` Վրաստանում որպես առանձին եկեղեցական միավոր, գործել է V դարից: Այս մասին է վկայում X դարի պատմիչ Ուխտանեսը իր «Պատմություն հայոց» պատմագրքի «Հայերից վրացիների բաժանվելու պատմությունը» գլխում, նշելով, որ արդեն V դարում Ցուրտավիում նստում էր հայ եպիսկոպոս: Ուշագրավ է, որ Ցուրտավին թեպետ Վրաց Եկեղեցուն պատկանող, սակայն հայալեզու թեմ էր, որտեղ V դարից սկսած, Սուրբ Շուշանիկի կարգադրությամբ, եկեղեցական պաշտամունքը կատարվում էր հայերեն:
Հարկ է նշել, որ XI դարի պատմիչ Մատթեոս Ուռհայեցու պատմության համաձայն, վրաց նշանավոր թագավոր Դավիթ Շինարարի (1089-1125թթ.) կողմից Վրաստանում Հայոց Եկեղեցու ներկայացուցչությանը տրվում է այն ժամանակների բարձրագույն կարգավիճակ, վարչական կենտրոն ունենալով Թբիլիսին: Նախքան թեմի հիմնվելը, դեռևս VII դ. վիրահայ համայնքը ղեկավարել են հայ եպիսկոպոսներն ու քահանաները, հայերն ունեցել են իրենց եկեղեցիներն ու մատուռները։ Ենթադրվում է, որ Վիրահայոց թեմը հիմնվել է XII դարում։ Վիրահայոց թեմի Առաջնորդանիստն է եղել Տփղիս (Թբիլիսի) քաղաքի Ս. Գևորգ եկեղեցին (XIII դարից)։

Թբիլիսիի նախկին Գարեթուբանիի, այժմ՝ Աթոնելիի փողոցում, Քուռ գետի աջափնյակին գտնվող Վանքի Մայր Տաճարում կամ Հարանց վանքում XVI դարից մինչև խորհրդային տարիները, տեղակայված է եղել Վիրահայոց թեմի առաջնորդարանը:

ԳԱՎԱԶԱՆԱԳԻՐՔ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ԳԱՎԱԶԱՆԱԳԻՐՔ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Մեզ հայտնի Վիրահայոց թեմակալ առաջնորդները մինչև 1770-ական թվականները:

Մինչև 1770-ական թվականները Վրաստանում ունեցել ենք Հայ Եկեղեցու ականավոր շատ հոգևորականներ, որոնք, իբրև թեմակալ առաջնորդներ, հոգևոր ու մշակութային կարևոր աշխատանք են կատարել, սակայն շատերը ցարդ հայտնի չեն մեզ: Ոմանց մասին էլ մեզ են հասել կցկտուր տեղեկություններ:

ԲԱՐՍԵՂ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ: 1179 թ. մասնակցել է Հռոմկլայում հրավիրված ազգային եկեղեցական ժողովին: Եղել է հեղինակավոր անձնավորություն և ժողովրդի պատգամավորների շարքում հիշվում է յոթերորդ տեղում (Մ. Չամչեան. «Պատմութիւն հայոց», հ. 3, Վենետիկ 1786, էջ 132): Բարսեղ արքեպիսկոպոսը հիշվում է նաև Բասիլիոս անունով. «Բասիլիոս արքեպիսկոպոս թագաւորանիստ քաղաքին Վրաց Տփխեաց»:

1284 թ., որպես Վրաստանի հայոց առաջնորդ, հիշվում է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԸ, որի ժամանակ, այդ նույն թվականին, հայազգի Ումեկ իշխանի կառուցած Ս. Գևորգ եկեղեցում Հովհաննես Երզնկացի վարդապետը, որը հայտնի է նաև Պլուզ անունով, քարոզ է խոսել «Ի վերայ սքանչելարուեստ արարչագործութեանց Աստուծոյ և մանաւանդ յաղագս զարդու երկնից և շարժման երկնային մարմնոց» թեմայով, որն ունեցել է մեծ արձագանք. «Եւ եղև ախորժելի յոյժ լսողաց բանին» (Մ. Չամչեան. «Պատմութիւն հայոց», հ. 3, Վենետիկ 1786, էջ 272): Ումեկի կրտսեր որդին` Վախթանգ զվարթամիտ պատանին «բազում թախանձանօք» աղաչում է Հովհաննես Երզնկացուն, որ իր այդ տրակտատը գրի առնի, արձակի վերածի և նվիրի իրեն: Տեղի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսն էլ կարգադրում է Երզնկացուն, որ գրի առնի իր քարոզը: Այսպիսով, նա շարադրում է մի գիրք` «Իմաստուն բանիւք, յորում խօսի ի վերայ թուոյ երկնից աստեղաց և շարժման լուսաւորաց և կարգի տարերաց և եղանակաց տարւոյ և ի վերայ այլոց բնական իրաց» (Մ. Չամչեան. «Պատմութիւն հայոց», հ. 3, Վենետիկ 1786, էջ 272-73):

1443 թ. հիշվում է ՄԱՐԿՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՎՐԱՍՏԱՆՑԻՆ, որպես Վիրահայոց թեմի առաջնորդ (Մ. Օրմանեան, «Ազգապատում», հոդ. 1466):

1496-1515 թթ. Վիրահայոց թեմի առաջնորդ է եղել ՍԱՐԳԻՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՎՐԱՍՏԱՆՑԻՆ, որը հետագայում օծվում է կաթողիկոս` Սարգիս Դ Վրաստանցի անունով 1520-1536 թթ. (Մ. Օրմանեան, «Ազգապատում», հոդ. 1535):

1722-1723 թթ. հիշվում է ՄԻՆԱՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՓԱՐՎԵԶՅԱՆԸ, որպես Վիրահայոց թեմի առաջնորդ (Մ. Օրմանեան, «Ազգապատում», հոդ. 1931, նաև` Լեո, հ. 5, Երևան, 1936 թ., էջ 459-460): Սա նամակով ռազմական միջամտություն խնդրեց Պետրոս I ցարից Հայաստանի փրկության համար, և նրա խնդրանքը անհետևանք չմնաց:

1740 թ. հիշվում է ԱՆԱՆԻԱ ՎԱՐԴԱՊԵՏԸ, որպես Թիֆլիսի հայոց առաջնորդ («Դիվան հայոց պատմության», Գիրք 1, Երևան ԳԱ հրատ., 1984, էջ 130):

1765 թ. Տփղիսի հայոց առաջնորդ է եղել ԶԱՔԱՐԻԱ ՎԱՐԴԱՊԵՏԸ (Մ. Օրմանեան, «Ազգապատում», հոդ. 2092): Նույն անձը հիշվում է նաև 1767 թ. («Դիւան հայոց պատմութեան, Գիրք. Ը, մաս 2, 1767-1776», Գիւտ Աւագ քահանայ Աղաեանց, 1908, Թիֆլիս, էջ 42, 52):

1769 թ. որպես Տփղիսի հայոց առաջնորդ, հիշվում է ՄԱՐՏԻՐՈՍ ԱՆԿՈԹ ԵՊԻՍԿՈՊՈՍԸ, որին Սիմեոն կաթողիկոսը հատուկ պաշտոնով Ախալցխա է ուղարկում (Մ. Օրմանեան, «Ազգապատում», հոդ. 2097):

1772 թ. հիշվում է ՌԵԹԵՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԸ, որպես Թիֆլիսի նվիրակ և առաջնորդ. («Դիւան հայոց պատմութեան, Գիրք. Ը, մաս 2, 1767-1776», Գիւտ Աւագ քահանայ Աղաեանց, 1908, Թիֆլիս, էջ 245):

1773 թ. Թիֆլսի առաջնորդ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԸ ծայրագույն վարդապետության իշխանություն է ստանում Սիմեոն կաթողիկոսից. («Արարատ», 1876, էջ 174):

1774 թ. Թիֆլիսում որպես առաջնորդ է հիշվում ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՊԵՏԸ. «Թուղթ գրեաց սրբազան վեհն առ Թիֆլիս նորոգ առաջնորդ Յովհաննէս վարդապետն...» («Դիւան հայոց պատմութեան, Գիրք. Ը, մաս 2, 1767-1776», Գիւտ Աւագ քահանայ Աղաեանց, 1908, Թիֆլիս, էջ 266):

1773-1781 (առաջնորդական տարիներ). ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՔԱՆԱՔԵՌՑԻ: 1781 թվի հունվարին Ղուկաս կաթողիկոսը Հովհաննես վարդապետին «Ոչ բարւոք վարիւք ընդ ժողովրդեանն» պատճառով Թբիլիսիից տեղափոխում է Մայր Աթոռ, տալով նրան նոր պաշտոն` «Ցորենոյ ժողովարար» (Դիվան Հայոց պատմության, գիրք առաջին, Եր., 1984, էջ 196, 200):

1781-1784 (առաջնորդական տարիներ). ԿԱՐԱՊԵՏ ՎԱՐԴԱՊԵՏ ԸՆՁԱՑԻ կամ ՀՆՁԱՑԻ (ՄԵԼԻՔՅԱՆ): Եղել է «Հանճարունակ» և «Աստվածիմաստ» վարդապետ: Եղել է նաև տաղերգու: Եպիսկոպոսական աստիճանն ու արքայության պատիվն ստացել է 1784 թ. հետո: 1784 թ. դեկտեմբերին Ղուկաս Ա կաթողիկոսի հրամանով տեղափոխվում է Մայր Աթոռ` նոր պաշտոն ստանձնելու: Ծնվել է Կարինի Հինձն գյուղում, վախճանվել է 1790 թ. (տես` Գառնիկ Ստեփանյան, «Կենսագրական բառարան», տպ. Երևան):

1784-1795 (առաջնորդական տարիներ). ՄԱՐՏԻՐՈՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՆԿՈԹ: Ճանաչված է եղել որպես «խոհեմազարդ» հոգևորական: Սրա պաշտոնավարության շրջանում կարճ ժամանակով Վիրահայոց թեմի առաջնորդ է նշանակվում ՊԵՏՐՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԸ, որը հիվանդության պատճառով 1792 թ. վերադառնում է Մայր Աթոռ, և կրկին առաջնորդ է նշանակվում Մարտիրոս Անկոթը:

Աղա Մահմեդ խանի արշավանքների ժամանակ ելուզակները թալանում են Մայր Աթոռի 21 սայլաբեռ հարըստոթյունը, որն ապահովության համար տարվում էր Թբիլիսի: Վեց սայլաբեռն ուղեկցվում էր Մարտիրոս արքեպիսկոպոսի գլխավորությամբ, որին նույնպես գերեվարում են: Հայերը փրկագին են տալիս և ազատում Մարտիրոս արքեպիսկոպոսին:

Ղուկաս կաթողիկոսն այս առթիվ մեղադրում է Անկոթին, և նրա բարկությունը երբեք չի մեղմանում: Կաթողիկոսը հատկապես ցավում էր Ղազար կաթողիկոսի թագի, վակասի և շուրջառի համար:

Մարտիրոս արքեպիսկոպոսը մահանում է 1795 թ. (Օրմանեան, «Ազգապատում», հոդ. 2201):

1795-1798 (առաջնորդական տարիներ). ԱՎԵՏԻՔ ԵՊԻՍԿՈՊՈՍ (Ալ. Երիցեան, Ամենայն Հայոց կաթողիկոսութիւնը և Կովկասի Հայք, հ. Ա. Թիֆլիս, 1894, էջ 97): Սրա առաջնորդական տարեթվերը տրված են հավանական ժամանակագրությամբ:

1798-1802 (առաջնորդական տարիներ). ՍԱՐԳԻՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ: Արղությանի 12 նոյեմբեր 1800 թվակիր նամակում Սարգիս արքեպիսկոպոսը հիշվում է որպես Թիֆլիսի հայոց առաջնորդ (Ալ. Երիցեան, նույն աշխ., հատոր Ա, Թիֆլիս, էջ 9): Իր եղբոր` Աղվանից Հովհաննես կաթողիկոսի սպանությունից հետո, 1792 թ. Գանձակում օծվում է կաթողիկոս: Քաղաքական պատճառներով 1798 թ. փախչում է Թբիլիսի և Ղուկաս կաթողիկոսի կողմից նշանակվում Հաղպատի վանքի առաջնորդ վրաց Գեորգի թագավորի միջնորդությամբ: 1802 թ. գնում է Գանձասար և օգտագործում կաթողիկոսական տիտղոսն ու կնիքը: 1815 թ. Եփրեմ կաթողիկոսը և Ներսես արքեպիսկոպոս Աշտարակեցին ռուսական պետության համաձայնությամբ վերացնում են Գանձասարի կաթողիկոսությունը` այն վերածելով միտրոպոլիտության կամ արքեպիսկոպոսության: Սարգիս միտրոպոլիտը 1828 թ. ծանր հիվանդությունից հետո վախճանվում է: Նրան հաջորդում է իր եղբորորդի ԲԱՂԴԱՍԱՐ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԸ իբրև միտրոպոլիտ:

1802-1810 (առաջնորդական տարիներ). ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԿՆԵՑԻ ԳԵՂԱՐԴԱԿԻՐ: 1798 թ. Թիֆլիսում տարածված ժանտախտի ժամանակ վրաց Գեորգի թագավորը խնդրում է հայոց Ղուկաս կաթողիկոսին, որ Ս. Գեղարդը Թիֆլիս ուղարկեն: Նա հավատում էր, որ Ս. Գեղարդը (նիզակը, որով հռոմեացի զինվորը խոցել էր Քրիստոսի աջ կողը խաչի վրա) կարող է իր զորությամբ վերացնել համաճարակը: Ղուկաս կաթողիկոսը 1798 թ. նոյեմբերի 3-ին Ս. Գեղարդն ուղարկում է Թիֆլիս Հովհաննես արքեպիսկոպոսի հետ: Այսպիսով, Հովհաննես արքեպիսկոպոսն ստանում է Գեղարդակիր անունը (Օրմանեան, «Ազգապատում» հոդ. 2203): Վախճանվել է 1810 թվին:

1810-1814 (առաջնորդական տարիներ). ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ: Առաջնորդ է նշանակվել Եփրեմ կաթողիկոսի կողմից 1810 թվին: Սա 1813 թվի նոյեմբերի 22-ին Թիֆլիսի հայոց Հարանց վանքի եկեղեցում հանդիսավոր իրադրության մեջ կարդում է ռուսաց Ալեքսանդր Ա կայսեր հրովարտակը ռուսերեն և հայերեն լեզուներով: Ապա մատուցում է հանդիսավոր Սուրբ Պատարագ: 1814 թ. Եփրեմ կաթողիկոսը Մայր Աթոռ է կանչում Աստվածատուր արքեպիսկոպոսին և նրա փոխարեն Վրաստանի հայոց առաջնորդ է նշանակում 44-ամյա ՆԵՐՍԵՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒՆ (Օրմանեան, «Ազգապատում» հոդ. 2333, 2341 և Ա. Երիցեան. «Ամենայն Հայոց կաթողիկոսութիւնը և Կովկասի Հայք», Հ. Ա, Թբիլիսի, էջ 67-73):

 

 

 

1

1814-1828 (առաջնորդական տարիներ). ՆԵՐՍԵՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՇՏԱՐԱԿԵՑԻ: Եկեղեցական, մշակութային ականավոր գործիչ, ազգային-ազատագրական շարժման ռահվիրա: Ավազանի անունը եղել է Թորոս: Որդին էր Տեր Հարություն քահանա Շահազիզյանի: Մայրը բյուրականցի մի հայուհի էր Սուսամբար անունով: Ծնվել է 1770 թ. փետրվարի 13-ին Աշտարակում: 1791 թ. ձեռնադրվել է սարկավագ: 1794 թ.` վարդապետ, 1808 թ.` եպիսկոպոս և արքեպիսկոպոս: 1814 թ. մարտի 7-ին նշանակվում է վիրահայոց թեմի առաջնորդ: 1822 թ. Սուրբ Ղևոնդյանց քահանայից տոնին, փետրվարի 7-ին կատարում է հիմնօրհնեքը (Ստ. Մալխասեան, Համառօտ պատմութիւն Ներսիսեան հոգևոր դպրոցի, Թիֆլիս, 1900, էջ 17) Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի` ներկայությամբ Երմոլով կուսակալի: Ներսիսյան դպրոցի շինությունն ավարտվում է 1824 թ. և նույն տարվա դեկտեմբերի 1-ին այն բացվում է ձեռամբ Հարություն քահանա Ալամդարյանի: 1828 թ. Պասկևիչի կարգադրությամբ Աշտարակեցուն ուղարկում են Բեսարաբիա որպես Բեսարաբիայի հայոց թեմի առաջնորդ: Դա մի տեսակ պարտադրված ազատ աքսոր էր: 1828-1829 թթ. Ներսես Աշտարակեցին կազմակերպել է հայերի ներգաղթ Պարսկաստանից և Թուրքիայից: Կարնո նահանգից մոտ 90.000 հայեր տեղավորել է Ախալցխայի և Ախալքալաքի շրջաններում:

1843 թ. օծվել է Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Ե անունով:

Ապրել է փոխ առ փոխ Էջմիածնում և Թբիլիսիում: Աշտարակեցուց հիշատակ են մնացել. Թբիլիսիում Ներսիսյան դպրոցի շենքը, Էջմիածնում` Ներսիսյան լիճը և Ներսիսյան անտառը:

Ներսես Ե Կաթողիկոսը վախճանվել է 1857 թ. փետըրվարի 13-ին, 87 տարեկան հասակում, Թբիլիսիի հայոց առաջնորդարանի գրասեղանի առջև: Հետագայում նրա մարմինը տեղափոխում են Ս. Էջմիածին:

 

 

 

2

1828-1830 (առաջնորդական տարիներ). ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՍՏՐԱԽԱՆՑԻ ԱԼԱՄԴԱՐՅԱՆ: Ավազանի անունը` Գևորգ: Եկեղեցական, հասարակական-քաղաքական գործիչ, բանաստեղծ և մանկավարժ: Ծնվել է 1795 թ. հունվարի 14-ին: Հոր անունը` Մանուկ: Լազարյանների կողմից 1813 թ. հրավիրվում է Մոսկվա և նրանց մոտ աշխատում է որպես գրագիր: 1815 թ. հիմնադրվում է Լազարյան ճեմարանը: Ալամդարյանը եղել է Լազարյան ճեմարանի տեսուչ և ուսուցիչ: 1824-1830 թթ. Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տեսուչ:

Դպրոցի պատմության մեջ այդ տարիները հայտնի են «դար Ալամդարյան» անունով: Նրա առաջնորդության տարիներին վիրահայ թեմի հոգևոր գործերի և եկեղեցական վարչության նախանդամ է եղել ՍԻՄԵՈՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԲԶՆՈՒՆԻՆ (Թոփալ):

Հարություն վարդապետ Ալամդարյանը մեղադրվել է որպես Ներսես Աշտարակեցու գաղափարակից: Ի. Պասկևիչի թելադրանքով Ս. Էջմիածնի Սինոդը 1830 թ. նրան աքսորել է Հաղպատ: Մեկ տարի անց, 1831 թ. նա նշանակվել է Նոր Նախիջևանի Ս. Խաչ վանքի վանահայր, ուր և 1834 թ. մայիսի 25-ին գազանաբար սպանվել է ավազակների կողմից, իսկ վանքը թալանվել է:

Ալամդարյանը համարվում է իր ժամանակի ակնառու մտավորականներից մեկը:

 

 


 

3

1830-1831 (առաջնորդական տարիներ). ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿԱՐԲԵՑԻ: Ծնվել է 1762 թ. Կարբի գյուղի մաս կազմող Հովհաննավանք գյուղակում: Աշակերտել է Մուղնու վանական դպրոցում և Ս. Էջմիածնի ճեմարանում: Կուսակրոն քահանա է ձեռնադրվել Ղուկաս կաթողիկոսի օրոք: 1807 թ. Դանիել կաթողիկոսի ձեռամբ օծվել է եպիսկոպոս և նշանակվել Վիրահայոց թեմի առաջնորդ: Իր առաջնորդության շրջանում ամեն կերպ աշխատել է նսեմացնել Ներսես Աշտարակեցու կատարած գործերը և նսեմացնելով` վերացնել նրա թողած ազդեցությունը: 1831 թ. Կարբեցին ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս` Հովհաննես Ը անունով: Նա ընդունեց հայոց կաթողիկոսներին պատմականորեն թվահամարով որոշելու սկզբունքը: Նրա օրոք` 1836 թ. հաստատվեց «Պոլոժենիե» ռուսահայերի ազգային-մշակութային իրավունքների կանոնադրությունը: Կարբեցին վախճանվել է 1842 թ. մարտի 26-ին Ս. Էջմիածնում, ուր և թաղված է Մայրավանքի զանգակատան հյուսիսային պատի մոտ: Կարբեցուց հիշատակ է մնացել Ս. Էջմիածնի Սինոդի շենքը (Հ. Ս. Հանրագիտարան և Օրմանեան. «Ազգապատում», հոդվ. 2334):

1832-1836 (առաջնորդական տարիներ). ՍՏԵՓԱՆՈՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՐՂՈՒԹՅԱՆ: 1832 թ. Վիրահայոց թեմի առաջնորդության համար կային երկու թեկնածուներ` Ստեփանոս Արղության և Զաքարիա Գուլասպյան արքեպիսկոպոսները: Արղությանը ընտրվեց Վիրահայոց թեմի առաջնորդ, իսկ Գուլասպյանը` Երևանի թեմակալ առաջնորդի փոխանորդ: Գուլասպյանը չգոհացավ իր պաշտոնով և որպես Հովհաննես Ը Կարբեցու հին համակիր, նրա իշխանության տակ դրվեց նաև Հաղպատի վանահայրությունը: Ապա, մեկնելով Թբիլիսի, Գրիգոր Բեհբության ազդեցիկ իշխանի միջոցով նա կամեցավ Ղազախն ու Բորչալուն անջատել Թիֆլիսի հայոց թեմից և միացնել Հաղպատին, սակայն Արղությանն ընդդիմացավ, և Գուլասպյանի ցանկությունը չկատարվեց:

Ստեփանոս Արղության արքեպիսկոպոսը իր քառամյա առաջնորդության շրջանում ենթարկվեց հոգեբանական ծանր ճնշումների Գուլասպյանի, իշխան Գր. Բեհբությանի, ինչպես նաև Հովհաննես Ը կաթողիկոսի կողմից: Վերջինս հակառակորդ էր Աշտարակեցուն և ձգտում էր Վրաստանի թեմակալ առաջնորդ Արղության արքեպիսկոպոսի միջոցով վնասել Աշտարակեցուն: Նա ուզում էր Ներսես Աշտարակեցու հիմնադրած Ներսիսյան դպրոցի անունը փոխել և այն կոչել «Վարժարան Էջմիածնի և Տփղիս»: Նա նույնիսկ ծրագրել էր դպրոցի շենքը վաճառքի հանել Ներսեսի անունը ջնջելու համար: Աշտարակեցու կողմնակիցները հորդորում էին նրան, որ հրապարակայնորեն հանդես գա, բայց մեծ հոգևորականը հանգստացնում էր նրանց ասելով. «Եթէ զբարիսն ընկալաք ի ձեռանէ Տեառնէ, չարեացն ո՞չ համբերիցեմք»: Շուտով, 1835 թ. Զաքարիա Գուլասպյան արքեպիսկոպոսը վախճանվում է, իսկ 1836 թ. Արղությանը տեղափոխվում է Երևան, և այդպիսով փակվում է Թբիլիսիի հարցը (Օրմանեան. «Ազգապատում», հոդվ. 2507):

Արղությանը եպիսկոպոսական օծում է ստացել 1832 թ. մայիսի 28-ին, իսկ արքության պատիվ` 1835 թ.: Նա կառուցել տվեց Վիրահայոց թեմի եռահարկ առաջնորդարանը Թբիլիսիում: Ստեփանոս արքեպիսկոպոսը Սանահին վանքին է նվիրել մի մասնատուփ Ս. Գրիգոր Աղվանից կաթողիկոսի նշխարներով (Սարգիս վրդ. Ջալալեան. «Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան», Հ. Ա, Տփղիս, 1842, էջ 52):

 

 

 

4

1837-1856 (առաջնորդական տարիներ). ԿԱՐԱՊԵՏ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ: Եկեղեցական և հասարակական գործիչ: Ավազանի անունը` Հովհաննես: Սերված է իշխանական ցեղից: Նախապես հայտնի է եղել Եղիկյան ազգանունով: Հոր անունը Գրիգոր, մորը` Արեգնազան: Կարապետ արքեպիսկոպոսը ծնվել է 1779 թ. մայիսի 18-ին Կարինում (Էրզրում): Սովորել է Ակնում, ապա` Կ. Պոլսում: 1801 թ. ձեռնադրվում է վարդապետ: 1808 թ. օգոստոսի 21-ին նշանակվում է Կարինի առաջնորդ: 1811 թ. նոյեմբերի 2-ին ձեռնադրվում է եպիսկոպոս ձեռամբ Եփրեմ Ա կաթողիկոսի, ապա նրան շնորհվում է արքեպիսկոպոսի կոչում: Կարապետ արքեպիսկոպոսն ունեցել է հաջողակ գրիչ և ճարտար լեզու: Աշխատանքի մեջ եղել է անխոնջ, տոկուն մարդ, գործունյա և հնարամիտ հոգևորական: 1829-1830 թթ. Կարինից և նրա շրջակա գյուղերից նա մոտ 50.000 հայերից բաղկացած արտագաղթ է կազմակերպել դեպի Ախալքալաքի, Ախալցխայի, Ծալքայի, Լոռի-Փամբակի և Շորագյալի շրջանները: Նա գաղթականների հետ միաժամանակ Ախալցխա է տեղափոխել Կարինի և շրջակայքի եկեղեցիների ամբողջ սպասքը, եկեղեցական գրքերն ու ձեռագրերը, որոնց մեջ իր հնությամբ հայտնի է «Ծուղրութի Ավետարանը»: 1837 թ. սեպտեմբերին Կարապետ արքեպիսկոպոսը Թբիլիսիում դիմավորել է Ռուսաստանի Նիկոլայ Առաջին ցարին, ապա տեսակցություն ունեցել նրա հետ և իր համայնքում նվիրյալ ու եռանդուն գործունեության համար արժանացել Նորին Կայսերական Մեծության գովասանքին: Ցարը արտոնություն է տվել նաև հայ գաղթականներին, որ ամբողջ մեկ տարի պետական հարկեր չվճարեն: Իր մատուցած բազում ծառայությունների համար նա 1838 թ. պարգևատրվել է Ս. Աննայի առաջին կարգի շքանշանով: Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունին իր առաջնորդության շուրջ քսան տարիների ընթացքում կառուցել է տվել մոտ 60 եկեղեցիներ, ինչպես նաև բազմաթիվ հայկական դպրոցներ, որոնցից հիշատակության արժանի են Նոր Կարապետյան վարժարանը Ախալցխայում և Ս. Մեսրոպ Մաշտոցի անվան արական դպրոցը Ախալքալաքում: Վախճանվել է 1856 թ. և թաղվել Ախալցխայի Ս. Փրկիչ եկեղեցու գավթում: 1953 թ. նրա աճյունը տեղափոխել են տեղի քաղաքային գերեզմանատունը: 1985 թ. նրա գերեզմանի վրա կառուցվեց մի մատուռ, որի օրհնությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 1-ին` նախագահությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպիսկոպոս Սերայդարյանի («Էջմիածին» ամսագիր, 1985, ԺԱ-ԺԲ, էջ 85): Կարապետ սրբազան արքեպիսկոպոսի գերեզմանը այժմ վերածված է ուխտատեղիի:

 

 

5

1857-1861 (առաջնորդական տարիներ). ՍԱՐԳԻՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՋԱԼԱԼՅԱՆՑ: Եկեղեցական ականավոր գործիչ, բանասեր, հնէաբան, գրող: Սերվել է Խաչենի Հասան-Ջալալյանների տոհմից: Ծնվել է 1819 թվին: Ճանապարհորդել է Արևելյան Հայաստանում և գրի առել պատմական արժեք ներկայացնող մի շարք հնագիտական նյութեր ճոխ նկարագրություններով հետևյալ գրքում. «Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան» (մ. 1-2, 1842 և 1856 թթ.): Սարգիս Ջալալյանց արքեպիսկոպոսը 1861 թ. իր ավարտին է հասցնում Թբիլիսիում վիրահայոց առաջնորդարանի շենքի կառուցումը: Այդ մասին կա մի արձանագրություն, որ զետեղված է նաև Պ. Մ. Մուրադյանի «Վրաստանի հայերեն արձանագրությունները» գրքում (Երևան, 1988, էջ 57, ռուսերեն լեզվով): Արձանագրության բովանդակությունը հետևյալն է. «Ի լրումն բանաւոր կտակի հոգևոր ծնողի իմոյ Տեառն Ներսիսի ազգասէր կաթողիկոսի Ամենայն Հայոց աւարտեցի զառաջնորդարանս Տփղիսոյ ի 1861 ամի ես` Սարգիս նուաստ եպիսկոպոս Հասան-Ջալալեանց: Աղաչեմ յիշել զիս յայնմ աւուր յորում բանք սպառին և գործք թագաւորեն»:

Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցը հայ հոգևոր, մշակութային և կրթական հաստատությունների համար 1880 թ. կտակել է 25.000 ռուբլի` օգտագործվելու համար 2005 թվականին, երբ գումարը 125 տարվա ընթացքում կհասնի 12 միլիոնի:

Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցը վախճանվել է 1879 թ. 60 տարեկան հասակում:

 

 

 

 

6

1864-1878 (առաջնորդական տարիներ). ՄԱԿԱՐ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԹԵՂՈՒՏՑԻ (ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ): Ծնվել է Մուշի նահանգի Թեղուտ գյուղում 1813 թ.: Որդին է Հազրոյենց Տեր Պետրոս քահանայի: 1828-1834 թթ. սովորել է Ս. Էջմիածնի ժառանգավորաց վարժարանում: 1842 թ. ձեռնադրվել է վարդապետ, իսկ մի տարի անց նշանակվել է Ս. Էջմիածնի ժառանգավորաց վարժարանի տեսուչ, ուր միաժամանակ զբաղվել է դասախոսական աշխատանքով: Շրջագայել է Պարսկաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի հայաշատ շրջաններում և հավաքել բազմաթիվ հայերեն ձեռագրեր, որոնցով հարստացրել է Ս. Էջմիածնի մատենադարանը:

1848 թ. ընտրվել է Ս. Սինոդի անդամ, իսկ 1849 թ. նշանակվել է Ս. Էջմիածնի մատենադարանի վարիչ: 1852 թ. ապրիլի 12-ին ստանում է ծայրագույն վարդապետական աստիճան և նույն թվի օգոստոսի 15-ին ձեռնադրվում է եպիսկոպոս, ապա 1859 թ. նրան շնորհվում է արքության պատիվ: 1862 թ. նշանակվում Տփղիսի կառավարիչ և 1864 թ. մարտի 15-ին` նույն վիճակի առաջնորդ: 1876 թ. փետրվարի 20-ին Թեղուտցին Նոր-Նախիջևանի և Բեսարաբիայի առաջնորդ է: Նա այդ պաշտոնը վարում է մինչև 1885 թվականը, երբ Ազգային-Եկեղեցական ժողովի կողմից ընտրվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս:

Մակար կաթողիկոսը իր փորձառությամբ և խոհականությամբ իր վեց տարվա կաթողիկոսության շրջանում ունեցավ արդյունավետ գործունեություն, սակայն նա միշտ սիրում էր կրկնել. «Մարդը գործի կկոչեն, երբ արդեն ուժաթափ եղած է»:

Մակար կաթողիոսը 1888 թ. սկսել է կատարել Մայր Տաճարի վերանորոգությունը: Վերջին անգամ Մայր Տաճարը վերանորոգվել էր Մովսես Գ. Տաթևացի (1629-1632 թթ.) կաթողիկոսի կողմից: Մակար կաթողիկոսի հաջորդ մեծ ձեռնարկումը Մայր Աթոռի տպարանի հիմնարկեքն էր:

Մակար կաթողիկոսն էր, որ, առաջին անգամ լինելով, Գերմանիա ուսման ուղարկեց երկու սարկավագների` Կարապետ Տեր-Մկրտչյանին` աստվածաբանության մեջ խորանալու, իսկ Սողոմոն Սողոմոնյանին` (Կոմիտաս վարդապետ) երաժշտության մեջ:

Մակար Թեղուտցու ջանքերով հնարավոր եղավ ստանալ ցարական արքունիքի թույլտվությունը` Հայաստանում հայկական դպրոցները վերաբացելու և կաթողիկոսական իրավունքները վերականգնելու:

Մակար կաթողիկոսը վախճանվել է 1891 թ. և թաղվել Ս. Էջմիածնի Մայր Տաճարի զանգակատան մոտ: (Մ. Օրմանեան. «Ազգապատում», Հ. Գ. հոդվ. 2917, 2945, 2951, 2952: Գ. Ստեփանյան «Կենսագրական բառարան»: Հ. Ս. Հ. հատոր 7):

 

 

7

1876-1880 (առաջնորդական տարիներ). ԳԱԲՐԻԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՅՎԱԶՅԱՆ: Հայ եկեղեցական գործիչ: Եղել է խմբագիր, բանասեր, պատմաբան, գրող, թարգմանիչ և մանկավարժ: Ծնվել է 1812 թ. մայիսի 10-ին Թեոդոսիայում: Որդին է եղել Մոլդովիայից գաղթած Գեվորգ Այվազի կամ Հայվազի (Կոստանդին Հայվազովսկի) անունով մի մանր առևտրականի և եղբայրը աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես (Իվան) Այվազովսկու: 1826-1830 թթ. սովորել է Ս. Ղազարում (Վենետիկ): 1830 թ. դառնում է Մխիթարյան միաբանության անդամ, իսկ 1834 թ. ձեռնադրվում վարդապետ: Վանքում գործում է որպես միաբանության ընդհանուր քարտուղար: Մխիթարյան վարժարանում դասավանդում է աստվածաբանություն, փիլիսոփայություն, ինչպես նաև արևելյան և եվրոպական լեզուներ: Եղել է Ալիշանի դաստիարակը: 1843-1848 թթ. խմբագրում է «Բազմավեպ» ամսագիրը` լինելով նրա առաջին խմբագիրը: 1848 թ. նշանակվում է Փարիզի Մուրադյան վարժարանի տնօրեն և այդ պաշտոնը վարում մինչև 1855 թ.: Նույն տարին նա այդ վարժարանում դասավանդում է հայ ժողովրդի պատմություն և հայոց լեզու: 1855 թ. գժտվելով Մխիթարյանների հետ` հրաժարվում է կաթոլիկությունից: Նա Խորեն Գալֆայանի և Սարգիս Թեոդորյանի հետ Փարիզում հիմնում է Հայկազյան վարժարանը, սկսում խմբագրել և հրատարակել «Մասեաց աղաւնի» ամսագիրը հայերեն և ֆրանսերեն լեզուներով: 1858 թ. Գևորգ Դ կաթողիկոսի հրամանով գործուղվում է Թեոդոսիա, ուր հիմնում է Խալիբյան վարժարանը և ստանձնում այդ կրթական հաստատության տեսչության պաշտոնը: Թեոդոսիայում շարունակում է հրատարակել «Մասեաց աղաւնի»-ն հայերեն-ռուսերեն լեզուներով մինչև 1865 թ.: Խալիբյան վարժարանը փակվում է 1871 թ.:

Գաբրիել արքեպիսկոպոսը եպիսկոպոսական աստիճան է ստացել 1867 թ., իսկ արքության պատիվ` 1871 թ.` Գևորգ Դ կաթողիկոսի կողմից: 1875-1876 թթ. նշանակվում է Ս. Էջմիածնի Գևորգյան ճեմարանի տեսուչ, իսկ 1876-1888 թթ.` վիրահայոց թեմի առաջնորդ: Գաբրիել արքեպիսկոպոսը վախճանվում է Թբիլիսիում 1880 թ. և թաղվում վանքի գավթում: 1977 թ. նրա աճյունը մեծ հանդիսությամբ և հոգևոր արարողություններով տեղափոխվում է և ամփոփվում Ս. Գևորգ մայր եկեղեցու գավթում, Խորեն եպիսկոպոս Ստեփանեի, Աբգար Հովհաննիսյանի և Պետրոս Սիմոնյանի աճյունների հետ միասին:

 

 

 

8

1880-1881 (առաջնորդական տարիներ). ԳԵՎՈՐԳ Դ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԵՑԻ ՔԵՐԵՍՏԵՃՅԱՆ: Գաբրիել արքեպիսկոպոսի մահից հետո Վեհափառ Կաթողիկոսը «չկամենալով առանց մխիթարութեան թողնել Թիֆլիս քաղաքի իւր սիրելի ժողովուրդը` և մինչև ընտրութիւն արժանաւորագունին առաջնորդութեան պաշտոնի անունը առժամանակեայ վերապահելով յինքն, հրամայեց Թիֆլիսի Կոնսիստորին շարունակել իւր գործերը ընդ նախագահութեամբ շնորհունակ Մամբրէ վարդապետ Սանասարեանի և անմխիթար չթողնելու համար ժողովուրդը հոգևորապէս, բարեհաճեց իր կողմից նշանակել Գերաշնորհ Գրիգոր եպս. Աղափիրեանին, որ քարոզէ և մխիթարէ ժողովուրդը պէտք եղած օրերին, պատարագէ հինգ տաղաւարի տօներին...» («Արարատ», 1880 թ., էջ 365-366): Գևորգ Դ կաթողիկոսը ծնվել է 1813 թ. հուլիսի 7-ին: Սովորել է Կ. Պոլսի ժառանգավորաց վարժարանում: 1835 թ. ձեռնադրվել է վարդապետ, 1848 թ.` եպիսկոպոս: 1844 թ. նշանակվել է Բրուսայի հայոց առաջնորդ: 1858 թ. հոկտեմբերի 17-ին ընտրվել է Կ. Պոլսի հայոց պատրիարք: 1860 թ. ապրիլի 21-ին Ազգային Սահմանադրությանը դեմ դուրս գալով` հրաժարվել է պատրիարքական պաշտոնից: 1861 թ. հոկտեմբերից նա կրկին Բրուսայի թեմի առաջնորդ է: 1866 թ. ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս: 1868 թ. հիմնել է Մայր Աթոռի պաշտոնաթերթ «Արարատ» ամսագիրը և կառուցել Ս. Էջմիածնի թանգարանը: Կարգավորել է Մայրավանքի տպարանն ու մատենադարանը: Գևորգ Դ կաթողիկոսը հիմնադրել է նաև Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, իսկ 1879 թ. կառուցել է Օշականի եկեղեցին Ս. Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի վրա: Կանոնավորել է հայ հոգևոր երաժշտությունը: Գևորգ Դ մեծագործ կաթողիկոսը վախճանվել է 1882 թ. դեկտեմբերի 6-ին Ս. Էջմիածնում:

 

 

9

1881-1889 (առաջնորդական տարիներ). ԱՐԻՍՏԱԿԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՍԵԴՐԱԿՅԱՆ (ՄԵԼԻՔ-ԱՌԱՔԵԼՅԱՆ): Հայ եկեղեցական գործիչ, բանասեր, պատմաբան, գրքերի հեղինակ: Ծնվել է 1845 թ. օգոստոսի 23-ին, Երևանի նահանգի Խալֆալու գյուղում: Հոր անունը` Սեդրակ: 1869-1882 թթ. եղել է Երնջակի Ս. Կարապետ և Էջմիածնի Ս. Գայանե վանքերի վանահայր: 1874-76 թթ. նա Էջմիածնի Գևորգյան ճեմարանի ուսուցիչ է, իսկ 1891-93 թթ.` նույն ճեմարանի տեսուչ: Վարել է Տաթևի, Արցախի, Վրաստանի, Իմերեթիայի և Աստրախանի հայոց թեմերի առաջնորդական պաշտոնները: Ուսումնասիրել և նկարագրել է հայոց պատմությանը և մշակույթին վերաբերող բազմաթիվ հիշատակարաններ, հայկական բանահյուսության նմուշներ: 1894 թ. հրատարակել է «Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցի կենսագրությունը»: Ունի աշխատասիրություններ հայ Եկեղեցու պատմության և դավանաբանության վերաբերյալ: Հիշատակության են արժանի 1904 թ. Ս. Պետերբուրգում հրատարակված «Հայաստանյայց Եկեղեցու պատկերայագրութիւնը» ծավալուն աշխատության առաջին մասը, (երկրորդ մասը լույս չի տեսել), «Ամուսնական խնդիրներ» (1891 թ.), «Քահանայական խնդիրներ» (1900 թ.) աշխատությունները: Ունի նաև թարգմանություններ, անտիպ գործեր և այլն: Վախճանվել է 1906 թ. նոյեմբերի 10-ին Վաղարշապատում (Հ. Ս. Հանրագիտարան. Հ. 10):

 

1889-1892 (առաջնորդական տարիներ). ՄԱՄԲՐԵ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ: Ծնվել է 1844 թ.: Սովորել է Ս. Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում: 1864 թ. ձեռնադրվել է սարկավագ, 1865 թ.` վարդապետ: 1868 թ. նշանակվել է Գորու (Վրաստան) հայոց վիճակի առաջնորդական փոխանորդ: 1871 թ. ստանձնել է Նոր-Նախիջևանի Ս. Խաչ վանքի վանահայրության պաշտոնը: 1875 թ. կարգվել է քննիչ Նոր-Բայազեդի գավառի հոգևոր գործերի: 1877 թ. նա առաջնորդական փոխանորդ է Հին-Նախիջևանի վիճակի, ապա` նախանդամ Թբիլիսիի Կոնսիստորիայի և վանահայր Ս. Սարգիս ուխտատեղիի: 1883 թ. նշանակվում է առաջնորդական փոխանորդ Ախալցխայի վիճակի, իսկ 1884 թ.` անդամ Ս. Էջմիածնի Սինոդի: 1886 թ. Մակար Ա կաթողիկոսի կողմից ձեռնադրվում է եպիսկոպոս և 1889 թ. հաստատվում վիրահայոց թեմի առաջնորդ: Այդ պաշտոնում էլ նա կնքում է իր մահկանացուն` 1892 թ. օգոստոսի 1-ին Կոջորի (Վրաստան) ամառանոցում, երկարատև հիվանդությունից հետո, 48 տարեկան հասակում:

Մամբրե եպիսկոպոսը պարգևատրվել է ծաղկյա փիլոնով, լանջախաչով, եպիսկոպոսական պանակեով և Ս. Աննայի 2-րդ կարգի շքանշանով («Արարատ», 1892 թ., էջ 768):

 

 

 

 

101894-1904 (առաջնորդական տարիներ). ԳԵՎՈՐԳ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ ՏՓՂԻՍԵՑԻ (Հ. Ս. Հանրագիտարան. Հ. 3, էջ 19): Ծնվել է Թբիլիսիում, 1847 թ. օգոստոսի 28-ին: 1872 թ. ձեռնադրվում է վարդապետ: 1874 թ. Գևորգյան ճեմարանում կոչվում է ուսուցչի պաշտոնի: 1875 թ. Ղարաբաղի թեմի առաջնորդ է և դպրոցների տեսուչ: 1878 թ. նշանակվում է Ալեքսանդրապոլի վիճակի առաջնորդ (կառուցել է Ալեքսանդրապոլի Ս. Աստվածածին եկեղեցին): 1882 թ. ձեռնադրվում է եպիսկոպոս: 1886 թ. մեկնում է Աստրախան թեմակալ առաջնորդի պաշտոնով: Այնուհետև տասը տարի, 1894-1904 թթ., վարում է վիրահայոց թեմի առաջնորդի պաշտոնը: 1907 թ. ընտրվում է կաթողիկոսական տեղապահ, 1912 թ.` Ամենայն Հայոց Կաթողիկոս: Նրա գահակալության տարիները Հայաստանում եղել են քաղաքական փոթորկալի վերիվայրումների ծանր մի ժամանակաշրջան: Այդ պատճառով նա իր պաշտոնական գրություններն ու կոնդակները ստորագրել է` «վշտալի կաթողիկոս»: Նրա հմր. 349 կոնդակի հրահանգով 1924 թ. հունվարի 1-ից Հայաստանյայց Եկեղեցին պաշտոնապես ընդունում է նոր տոմարը: Բացառության կարգով, հունադավան երկրներում, հայ եկեղեցիներին արտոնվում է նախկինի նման ղեկավարվել հին տոմարով: Երջանկահիշատակ Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսը վախճանվել է Ս. Էջմիածնում, 1930 թ. մայիսի 8-ին և թաղվել Ս. Էջմիածնի Մայր Տաճարի զանգակատան մոտ:

 

11

1900-1901 (առաջնորդական տարիներ). ԳԱՐԵԳԻՆ ՎԱՐԴԱՊԵՏ ՀՈՎՍԵՓՅԱՆՑ (ՀՍՀ, Հ. 6): Հայ մշակութային գործիչ, մանկավարժ, հայագետ, Հայաստանի գիտական ինստիտուտի գիտնական անդամ (1921 թ.), փիլիսոփայության դոկտոր (1897 թ. Լայպցիգ), Մոսկվայի կայսերական հնագիտական ընկերության կովկասյան բաժանմունքի և Պետերբուրգի կայսերական հնագիտական ընկերության իսկական անդամ (1902 թ.):

Ծնվել է Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում, 1867 թ. դեկտ. 17-ին: Սովորել է Ս. Էջմիածնի Գևորգյան ճեմարանում և ավարտել այն 1890 թ.: Բարձրագույն կրթությունն ստացել է Բեռլինի, Հալլեի, Լայպցիգի համալսարաններում (1892-1896 թթ.): 1897 թ. դասախոսել է Գևորգյան ճեմարանում, ապա նշանակվել է ճեմարանի տեսուչ 1905, 1906, 1915-1917 թթ.: 1897 թ. ձեռնադրվել է աբեղա և նույն թվին ստացել վարդապետական աստիճան: 1900-1901 թթ. վիրահայոց թեմի առաջնորդական փոխանորդ է, Գևորգ արքեպիսկոպոս Սուրենյանցի առաջնորդության շրջանում: Պաշտոնավարել է Էջմիածնի Ս. Հռիփսիմե վանքում` իբրև վանահայր: 1907-1908 և 1915-1917 թթ. նշանակվել է «Արարատ» ամսագրի խմբագիր: 1917 թ. ձեռնադրվել է եպիսկոպոս: 1918 թ. մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին:

Երևանի համալսարանում դասավանդել է արվեստի պատմություն և հնագիտություն: Մասնակցել է Ալ. Թամանյանի հետ Հայաստանի հուշարձանների պահպանության կոմիտեի ստեղծմանը: 1925 թ. ստացել է արքության պատիվ: 1927-1933 թթ. Ղրիմի և Նոր-Նախիջևանի, իսկ 1938-1943 թթ. ԱՄՆ-ի հայոց թեմերի առաջնորդ: 1943 թ. ընտրվել է Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո: Վախճանվել է 1952 թ. հունիսի 21-ին Անթիլիասում (Լիբանան):

Մեծ երախտավորից հիշատակ են մնացել բազմաթիվ գիտական մեծարժեք աշխատություններ, որոնք վերաբերում են հատկապես հնագիտությանը, հայ մշակույթին ու արվեստին: Ունի բազմաթիվ անտիպ գործեր:

 

 



12

1904-1910 (առաջնորդական տարիներ). ԳԱՐԵԳԻՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՍԱԹՈՒՆՅԱՆՑ («Արարատ» 1910 թ., էջ 1008-1009): Ծնվել է Աշտարակում 1852 թ.: Ավազանի անունն է Հարություն: 1867 թ. ընդունվել է Մայր Աթոռի ժառանգավորաց դպրոցը, որն ավարտել է 1872 թ.` ստանալով դպրության աստիճան և համարվելով Մայր Աթոռի միաբան: 1873 թ. ձեռնադրվել է սարկավագ, իսկ 1876 թ.` աբեղա: 1878 թ. ստացել է վարդապետական մասնավոր իշխանության աստիճան: 1901 թ. ձեռնադրվել է եպիսկոպոս և 1907 թ. ստացել արքեպիսկոպոսության տիտղոս:

Վարել է հետևյալ պաշտոնները.

1882 թ. եղել է Գորիում (Վրաստան) առաջնորդական փոխանորդ:

1883 թ. փոխադրվել է Նուխի և կարգվել առաջնորդական փոխանորդ:

1884 թ. վարել է նաև Նուխիի թեմական տեսչի օգնականի պաշտոնը: 1887 թ. տեղափոխվել է Նոր-Նախիջևան, որտեղ ծառայել է որպես հոգևոր կառավարչության նախագահ, ինչպես նաև թեմական տեսչության նախագահ մինչև 1889 թ. սեպտեմբերի 2-ը:

1890 թ. փետրվարի 28-ին նշանակվում է առաջնորդական փոխանորդ Ալեքսանդրապոլում: 1892 թ. վերադառնում է Մայր Աթոռ: 1894 թ. առաջնորդական փոխանորդ է Գանձակի, իսկ 1895-1897 թթ.` Ղարաբաղի թեմի կառավարիչ: 1901 թ.` Սանահինի վանքի վանահայր: 1904 թ. օգոստոսի 10-ին Մկրտիչ Ա Խրիմյան կաթողիկոսի կողմից Գարեգին արքեպիսկոպոսը հաստատվում է որպես Վրաստանի և Իմերեթի հայոց թեմի առաջնորդ: Այդ պաշտոնում էլ նա ավարտում է իր բազմավաստակ կյանքը 1910 թ. նոյեմբերի 3-ին, Թբիլիսիում, 58 տարեկան հասակում: 1881 թ. պարգևատրվել է վարդապետական լանջախաչով, 1883 թ.` ծաղկյա փիլոնով, 1901 թ.` եպիսկոպոսական պանակեով, 1907 թ.` Ս. Ստանիսլավի Ա կարգի շքանշանով:

Գարեգին արքեպիսկոպոս Սաթունյանցը շինարար հոգևոր պաշտոնյա էր: Նա կառուցել է Ալեքսանդրապոլի առաջնորդարանը և վերանորոգել Սանահինի վանքը: Նա ցույց է տվել նաև վարչական ընդունակություն` 1904-1907 թվերի ծանր տարիներին կառավարելով Վրաստանի և Իմերեթի հայոց ընդարձակ թեմը:

1911-1913 (առաջնորդական տարիներ). ԵՓՐԵՄ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ: Ծնվել է 1855 թ. Աշտարակ գյուղում: Սովորել է Ս. Էջմիածնի վանական ժառանգավորաց դպրոցում և ավարտել այն 1873 թ.: Սարկավագ է ձեռնադրվել 1876 թ. և նույն տարում նշանակվել է ժառանգավորացի կրոնուսույց: 1880 թ. նշանակվում է Մայր Աթոռի Տպարանական ժողովի անդամ: 1882 թ.` Գևորգյան ճեմարանում հայոց լեզվի ուսուցիչ, իսկ 1886 թ.` Վաղարշապատի Օրիորդաց դպրոցի կրոնուսույց և հայոց լեզվի ուսուցիչ: 1887 թ. ձեռնադրվել է աբեղա և նշանակվել Նոր-Նախիջևանի Ս. Խաչ վանքի վանահայր, որտեղ պահել է դպրոց և կառուցել մանր շինություններ: 1889 թ. նա ստանում է մասնավոր վարդապետական աստիճան: 1893 թ. նշանակվում է անդամ այն պատգամավորությանը, որը գնալու էր Երուսաղեմ` նորընտիր Խրիմյան Հայրիկ կաթողիկոսին ուղեկցելու և բերելու Ս. Էջմիածին: 1897 թ. նշանակվում է Մայր Աթոռի Վանական Խորհրդի անդամ: Նույն թվին Խրիմյան Հայրիկի կոնդակով նշանակվում է Քիշինևի Կոնսիստորիայի անդամ: 1900 թ. փոխադրվում է Շամախի` տեղի Կոնսիստորիայի նախանդամության պաշտոնով: 1904 թ. նշանակվում է Թիֆլիսի Կոնսիստորիայի նախագահ և միաժամանակ ստանձնում Թիֆլիսի Էջմիածնապատկան կալվածքների կառավարչի պաշտոնը: 1910 թ. Մատթևոս կաթողիկոսի ձեռամբ օծվում է եպիսկոպոս: 1911 թ. սեպտեմբերի 17-ին նշանակվում է Թիֆլիսի հայոց թեմի ժառանգավոր կառավարիչ: 1913 թ. նշանակվում է Ս. Էջմիածնի Սինոդի անդամ: 1914-1915 թթ. վարում է Ս. Էջմիածնի տեղական գաղթականական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Տ. Եփրեմ եպիսկոպոսը զբաղվել է նաև գրական աշխատանքներով: Ունի հայ պարբերական թերթերում տպագրված մի շարք հոդվածներ «Սէթ» և «Սահրաթ» ստորագրություններով: Վախճանվել է 1915 թ. օգոստոսի 4-ին, 60 տարեկան հասակում:

1913-1916 (առաջնորդական տարիներ) ՄԵՍՐՈՊ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՏԵՐ-ՄՈՎՍԻՍՅԱՆ (ՄԱԳԻՍՏՐՈՍ) («Էջմիածին» ամսագիր, 1989 թ., Ը, էջ 17): Ծնվել է Տաթևի շրջանի Շիկահող գյուղում 1865 թ. մայիսի 7-ին: Ավազանի անունն է Փարսադան: Հոր անունը` Վարդան: 1882 թ. ավարտել է Շուշիի թեմական դպրոցը, իսկ 1885 թ.-ին` Թբիլիսիի Ներսիսյան դպրոցը: 1887 թ. ընդունվել է Դորբատի համալսարանի դասական բանասիրության բաժանմունքը և 1891 թ. այն ավարտել գերազանց գնահատականներով: Դորբատից գնացել է Վիեննա և որոշ ժամանակ աշխատակցել տեղի Մխիթարյան հայրերի կողմից հրատարակվող «Հանդէս ամսօրեայ» պարբերականին: 1892 թ. անցել է Փարիզ և այնտեղից հրավիրվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան որպես հայագիտության դասախոս:

1893 թ. ապրիլի 24-ին ձեռնադրվել է աբեղա, իսկ հունիսի 21-ին նշանակվել է նորընտիր Խրիմյան Հայրիկ կաթողիկոսին Երուսաղեմից Էջմիածին ուղեկցող պատգամավորության անդամ: Ուղիղ մեկ ամիս հետո ստանում է վարդապետական աստիճան: 1895 թ. նա Երևանի թեմական դպրոցների տեսուչ է, իսկ մեկ տարի անց Շուշիի թեմական դպրոցների տեսուչ: 1898 թ. ընտրվում է Շուշիի կոնսիստորիայի նախանդամ: 1902 թ. Պետերբուրգում ստանում է մագիստրոսի գիտական աստիճան: Նրա աշխատասիրության թեման է եղել «Աստվածաշնչի հայերեն թարգմանության պատմությունը»: 1905 թ. նրա գործադրած ջանքերի և վարած բանակցությունների շնորհիվ Հայաստանում վերաբացվում են հայկական դպրոցները և վերադարձվում եկեղեցական կալվածքները: 1908 թ. սեպտեմբերին նշանակվում է Էջմիածնի Սինոդի անդամ: 1909 թ. Կ. Պոլսից Ս. Էջմիածին է ուղեկցել նորընտիր կաթողիկոս Մատթեոս Բ Իզմիրլյանին, իսկ հոկտեմբերին ստացել է ծայրագույն վարդապետի աստիճան: Նույն 1909 թ. ձեռնադրվել է եպիսկոպոս: Նրա ջանքերով 1908-1911 թթ. կառուցվում է Ս. Էջմիածնի մատենադարանի շենքը, և 1912 թ. Մայր Աթոռի բոլոր ձեռագրերը փոխադրվում են այդ շենք: 1911-1913 թթ. վարել է Ս. Էջմիածնի մատենադարանապետի պաշտոնը: 1913 թ. հունվարի 18-ից մինչև 1916 թ. կեսերը վարել է Վրաստանի և Իմերեթի Հայոց, իսկ 1916 թ.-ից մինչև 1917 թ. վերջը` Աստրախանի Հայոց թեմերի առաջնորդության պաշտոնները: 1922 թ. աշնանից մինչև 1931 թ. աշունը վարել է Պարսկա-Հնդկաստանի հայոց թեմակալ առաջնորդի պաշտոնը: Վախճանվել է 1939 թ. հունիսի 3-ին Երևանում: Թողել է 130-ից ավելի գիտական աշխատություններ: 1989 թ. նրա աճյունը Երևանից տեղափոխվել և ամփոփվել է Էջմիածնի Ս. Գայանե վանքի միաբանական գերեզմանատանը:

1916-1920 (առաջնորդական տարիներ) ՄԽԻԹԱՐ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՏԵՐ-ՄԿՐՏՉՅԱՆ (Ս. Էջմիածնի պաշտոնական «Օրացույց», 1923 թ.: «Արարատ» ամսագիր, 1909 թ., էջ 812): Ծնվել է 1864 թ. Ծուղրութ գյուղում (Վրաստան): Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Ավարտել է նաև Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: Որոշ ժամանակ անց պաշտոնավարել է հայկական ծխական դպրոցներում որպես ուսուցիչ: 1893 թ. ընդունում է հոգևոր կոչում. ձեռնադրվում է վարդապետ և բարեխղճությամբ ու մեծ նվիրումով վարում է զանազան հոգևոր պաշտոններ: Երկար ժամանակ եղել է առաջնորդական փոխանորդ Նոր-Նախիջևանում և ապա Ալեքսանդրապոլում: Մկրտիչ Ա Խրիմյան կաթողիկոսի առաջարկությամբ ընտրվում է Սուրբ Սինոդի անդամ: 1908 թ. կաթողիկոսական տեղապահ Տ. Գևորգ արքեպիսկոպոսի առաջարկությամբ հաստատվում է Աստրախանի Հայոց թեմի կառավարիչ: Մի տարի անց, 1909 թ. հոկտեմբերի 25-ին, ձեռնադրվում է եպիսկոպոս և նշանակվում նույն թեմի հոգևոր առաջնորդ: 1916 թ. մեկնում է Վրաստան և 4 տարի ձեռնհասորեն վարում է Վիրահայոց թեմի թեմակալ առաջնորդի պաշտոնը մինչև 1920 թ.:

Տ. Մխիթար եպիսկոպոսն իր առաջնորդության շրջանում բաց է արել և հովանավորել հայկական մի շարք թեմական ծխական դպրոցներ: Նրա գրական ժառանգության մեջ հիշատակության է արժանի Ֆարրարի «Քրիստոնեության արշալույսին» վերնագրով գրքի ռուսերենից կատարած նրա թարգմանությունը, որը տպագրվել է 1903 թ. Մայր Աթոռի տպարանում:

 

 

 

 

13

1921-1927, 1936-1938 (առաջնորդական տարիներ) ԳԵՎՈՐԳ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՐԵՔՉՅԱՆ («Տ. Տ. Գևորգ Զ կաթողիկոսի կյանքը և գործունեությունը», Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 1955 թ.): Եկեղեցական ազգային հասարակական գործիչ: Ծնվել է 1869 թ. դեկտեմբերի 2-ին Նոր-Նախիջևանում: Ավազանի անունը նույնպես եղել է Գևորգ: Հոր անունը Խաչատուր Աբրահամի Չորեքչյան, արհեստով փականագործ, մոր անունը Կատարինե:

Պատանի Գևորգը նախնական կրթությունը ստացել է տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցու ծխական դպրոցում, ապա տեղի սեմինարիայում: 1879 թ. ընդունվում է Ս. Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, որի լրիվ դասընթացն ավարտում է 1889 թ. և նույն թվին ստանում է սարկավագության աստիճան: Մակար կաթողիկոսի հրամանով Գևորգ և Կարապետ (Տեր-Մկրտչյան) սարկավագները ուղարկվում են Գերմանիա` սովորելու Լայպցիգի համալսարանի աստվածաբանական և փիլիսոփայական ֆակուլտետներում: Այստեղ մեկ տարի նախապատրաստվելուց հետո Գևորգ սարկավագն ընդունվում է Լայպցիգի կոնսերվատորիա: Համալսարանն ու կոնսերվատորիան ավարտելուց հետո, 1894 թ. Գևորգյան ճեմարանի երկու նախկին սաները վերադառնում են Ս. Էջմիածին: Գևորգ սարկավագը Գևորգյան ճեմարանում դասավանդում է երաժշտություն, Հայ Եկեղեցու պատմություն` միաժամանակ ղեկավարելով ճեմարանի երգչախումբը: Մեկ տարի անց նա ազատվում է աշխատանքից` ճեմարանում հաստատված կարգ ու կանոնի դեմ դուրս ելած ուսանողների նկատմամբ համակրանք ցուցաբերելու պատճառով: Գևորգ սարկավագը մեկնում է Նոր-Նախիջևան` պաշտոնավարելու Ս. Խաչ վանքում, ուր մնում է ավելի քան 18 տարի և, որպես երաժիշտ ու մանկավարժ, մեծ օգնություն է ցույց տալիս տեղի համայնքի եկեղեցական գործերին, ժողովրդական կարիքներին, մտավորականներին, հայկական հասարակական կազմակերպություններին, որբերին, գաղթականներին և այլն: Նրա աշակերտներից են եղել Ալ. Մյասնիկյանը, կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանը և շատ ուրիշներ:

Ընդառաջելով Նոր-Նախիջևանի հայկական համայնքի դիմումին` Գևորգ Ե կաթողիկոսը 1913 թ. հունիսի 20-ին Գևորգ սարկավագին ձեռնադրում է աբեղա, իսկ երեք օր անց` վարդապետ և նշանակում Նոր-Նախիջևանի թեմի առաջնորդական փոխանորդ, հաստատելով նրան Ս. Խաչ վանքում: 1916 թ. կաթողիկոսի ցանկությամբ Գևորգ վարդապետը փոխադրվում է Մայր Աթոռ մշտական աշխատանքի և նշանակվում Սուրբ Սինոդի անդամ: 1917 թ. ստանում է ծայրագույն վարդապետական աստիճան: Նույն թվի ապրիլին ձեռնադրվում է եպիսկոպոս:

Գևորգ եպիսկոպոսն այնուհետև վարում է մի շարք պաշտոններ. լինում է Մայր Աթոռի տնտեսական խորհրդի նախագահ, վանական կառավարչության նախագահ, 1921 թ.` Մայր Տաճարի լուսարարապետ, նույն թվի աշնանը` Վիրահայոց թեմի առաջնորդական փոխանորդ, իսկ 1922 թ. ընտրվում է նույն թեմի թեմակալ առաջնորդ: 1925 թ. նրան շնորհվում է արքության պատիվ: 1927 թ. Չորեքչյան արքեպիսկոպոսը վերադառնում է Մայր Աթոռ և ընտրվում է Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ: 1936 թ. Խորեն Ա կաթողիկոսի կողմից նշանակվում է Հայրապետական փոխանորդ և նորից գործուղվում Թբիլիսի որպես թեմակալ առաջնորդ` կարգավորելու թեմը, որը նախորդ տարիներին «Ազատ եկեղեցականների» շարժման պատճառով զգալիորեն քայքայված վիճակում էր («Տ. Տ. Գևորգ Զ կաթողիկոսի կյանքը և գործունեությունը», Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 1955 թ., էջ 47): 1938 թ. ապրիլի 5-ին խորհրդավոր պայմաններում վախճանվում է Խորեն Ա Կաթողիկոսը և Գևորգ արքեպիսկոպոսը ստանձնում է Ամենայն Հայոց Հայրապետի Տեղապահի պատասխանատու պաշտոնը:

1941 թ. ապրիլի 10-ին Ս. Էջմիածնում հրավիրվում է Ազգային-Եկեղեցական ժողով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրության համար: Սակայն նկատի ունենալով, որ պատերազմի պատճառով պատգամավորների թիվը փոքր է, ժողովը հետաձգվում է բարեպատեհ մի ժամանակի, իսկ Գևորգ արքեպիսկոպոսը միաձայնությամբ ընտրվում է Ազգընտիր Տեղակալ Ամենայն Հայոց Հայրապետության: Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո, 1945 թ. հունիսի 16-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարվում է Ազգային-Եկեղեցական սրբագումար ժողով, և Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանն ընտրվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս: Օծումը կատարվում է հունիսի 24-ին:

Մեծագործ և իմաստուն Հայրապետը ինը տարի գահակալելուց հետո վախճանվում է 1954 թ. մայիսի 9-ին: Նրա աճյունը ամփոփված է Ս. Էջմիածնի Մայր Տաճարի զանգակատան մոտ: Գևորգ Զ Չորեքչյան կաթողիկոսից, որպես գրական ժառանգություն, մնացել են բազմաթիվ քարոզներ, կոնդակներ և հոգևոր երգեր:

 



 

14

1929-1933 (առաջնորդական տարիներ) ԱՐՏԱԿ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՍՄԲԱՏՅԱՆՑ («Էջմիածին» ամսագիր, 1973, հունիս, էջ 26): Ծնվել է 1876 թ. մարտի 19-ին Տավուշ (այժմ Թովուզ) գյուղում: Հոր անունը` Եփրեմ Տեր Հովակիմի Հարությունյանց (նույնը և Սըմբատյանց), իսկ մոր` Ջավահիր Հերապետյան: Փոքրիկ Ղազարը նախնական կրթությունը ստանում է իր ծննդավայրում: 1877-1894 թթ. սովորում և ավարտում է Թբիլիսիի Ներսիսյան դպրոցը:

Ապա 1894-1897 թթ. սովորում և ավարտում է նաև Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: 1895 թ. Խրիմյան Հայրիկի կոնդակով ստանում է ուրար կրելու իրավունք ու մտնում Մայր Աթոռի միաբանության շարքերը: 1896 թ. ձեռնադրվում է սարկավագ: 1899-1902 թթ. մասնագիտական բարձրագույն կրթություն ձեռք բերելու նպատակով մեկնում է Դորպատ և սովորում տեղի համալսարանում իբրև ազատ ունկնդիր: 1902 թ. ձեռնադրվում է աբեղա: 1903 թ. ձեռնադրվում է վարդապետ: 1920 թ. ստանում է ծայրագույն վարդապետական աստիճան, իսկ 1922 թ. ձեռնադրվում է եպիսկոպոս: Արտակ եպիսկոպոսը Մայր Աթոռում վարել է գանձապահի, վանական կառավարչության անդամի, Մայր Աթոռի հյուրընկալի, Գևորգյան ճեմարանի ուսուցչի, ուսումնական հանձնաժողովի անդամի և Մայր Տաճարի վերանորոգության հանձնաժողովի անդամի պաշտոնները: Վարել է նաև պատասխանատու պաշտոններ Մայր Աթոռի տպարանում: 1914-1920 թթ. եղել է Շիրակի թեմի առաջնորդական փոխանորդ, իսկ 1920 թ.-ից` թեմակալ առաջնորդ: 1922-1927 թթ. նա Սյունյաց թեմի առաջնորդ է: 1927-1929 թթ. Արտակ եպիսկոպոսը կրկին Շիրակի թեմի առաջնորդ է նշանակվում: 1929 թ. դեկտեմբերի 13-ին Թիֆլիսի պատգամավորական ժողովը միաձայն նրան ընտրում է Վրաստանի Հայոց թեմի առաջնորդ: Նա այդ պատասխանատու պաշտոնը վարում է մինչև 1933 թ.: 1935 թ. Արարատյան թեմում նշանակվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ և այդ պաշտոնը վարում է մինչև իր մահը` 1937 թ.: Արտակ եպիսկոպոս Սմբատյանցը զբաղվել է նաև գրական գործունեությամբ: Ունի հրատարակած մի շարք գրքեր, բազմաթիվ հոդվածներ, ինչպես նաև անտիպ գործեր:

1945-1946 (առաջնորդական տարիներ) ՆԵՐՍԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ («Էջմիածին» ամսագիր, 1948, Ա-Բ, էջ 29-30): Ծնվել է 1879 թ. օգոստոսի 22-ին Ղրիմի Ղարասու-բազար քաղաքում, Ռումինիայից այնտեղ վերաբնակություն հաստատած արհեստավորի ընտանիքում: Նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական դպրոցում, այնուհետև սովորել ու ավարտել է նաև Թիֆլիսի Ներսիսյան թեմական դպրոցը: Ավարտելուց հետո վերադառնում է իր ծննդավայրը և որպես ուսուցիչ պաշտոնավարում մինչև 1903 թ.: 1905 թ. ուսուցչական պաշտոնով հրավիրվում է Աստրախան` թեմակալ առաջնորդ Արիստակես արքեպիսկոպոսի կողմից, որի ձեռքով էլ ձեռնադրվում է սարկավագ և ապա` քահանա: Տասնյակ տարիներ նա քահանայագործում է անդրկասպյան քաղաքներում` Չարժոյում, Թերմեզում, Քերքիում, Կոկանդում, Պորտ-Ալեքսանդրովսկում և այլուր` ամեն տեղ արժանանալով իր հոտի սիրույն և համակրանքին:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ներսես քահանա Աբրահամյանը ռազմաճակատի հոգևոր հովվի պաշտոնով ծառայում է գործող բանակի շարքերում: Այդ տարիներին նա հանգանակություններ է կատարում համաշխարհային պատերազմի ընթացքում զոհված հայ զինվորների ընտանիքների և թուրքահայ գաղթականների օգտին: Գևորգ Ե կաթողիկոսը, իբրև գնահատություն, հատուկ կոնդակով նրան նվիրում է լանջախաչ և շնորհում ավագ քահանայության կոչում: Ներսես ավագ քահանան 1918 թ. պաշտոնավարում է Կրասնոդարում և մեծ օգնություն ցուցաբերում Կուբանում ապաստան գտած հայ ընտանիքներին: 1919 թ. Բեկգուլյանց ավագ քահանայի աշխատակցությամբ նա կազմում և հրատարակում է ռուսերեն լեզվով հայկական պատկերազարդ օրացույց` Ս. Էջմիածնի, հայկական եկեղեցիների, պատմական հուշարձանների, հայաբնակ վայրերի, թուրքահայ ժողովրդի զանգվածային կոտորածների մասին հարուստ տեղեկություններով: Կրասնոդարում Տեր Ներսեսը հայերեն լեզվով օրացույց է հրատարակում 1920, 1921, 1922 թթ.:

Հայաստան տեղափոխվելով` նա աբեղա է ձեռնադրվում և դառնում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության անդամ: 1945 թ. մայիսի 7-ին ձեռնադրվում է վարդապետ, և նույն թվի հուլիսի 1-ին` եպիսկոպոս: 1945 թ. Ազգային-Եկեղեցական ժողովի կողմից Ներսես եպիսկոպոսն ընտրվում է Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ: Սուրբ Էջմիածնի Համազգային Եկեղեցական ժողովին Ներսես եպիսկոպոսը մասնակցել է որպես Վրաստանի Հայոց թեմի առաջնորդ («Էջմիածին» ամսագիր, 1945 թ., հունիս-հուլիս, էջ 15 և 63):

1945-1946 ուսումնական տարեշրջանում նա ուսուցչական պաշտոն է վարում Մայր Աթոռի նորաբաց Հոգևոր ճեմարանում: 1946 թ. նշանակվում է Ադրբեջանի և Թուրքեստանի թեմի առաջնորդ, մեկնում Բաքու, բայց հոգեպես միշտ կապված է լինում Հոգևոր ճեմարանին: Նա իր գրադարանի գեղարվեստական գրքերի մեծ մասը նվիրում է Հոգևոր ճեմարանին: Հիվանդության պատճառով Ներսես եպիսկոպոս Աբրահամյանը Բաքվից վերադառնում է Մայր Աթոռ և 1948 թ. փետրվարի 5-ին վախճանվում:

 

 

 

15

1944-1948 (առաջնորդական փոխանորդ) ՏԵՐ ՍԱՀԱԿ ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ. Վիրահայոց թեմում առաջնորդական փոխանորդի պաշտոն է վարել 1944-1948 թթ. (տարեթվերը վերցված են արխիվային տվյալներից): Ծնվել է 1870 թ.: Վախճանվել է Թբիլիսիում 1948 թ. փետրվարի 17-ին, 78 տարեկան հասակում («Էջմիածին» ամսագիր, 1948 թ. հունվար-փետրվար, էջ 26):

 

 

 

 

 

 

 

 

 

1948-1950 (առաջնորդական տարիներ) ԿԱՐԱՊԵՏ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ («Էջմիածին» ամսագիր, 1950, հունվար-փետրվար, էջ 67-68): Ծնվել է 1886 թ. Ղրիմի թերակղզու Հին Ղրիմ քաղաքում: Սկզբնական կրթությունը ստացել է տեղի ծխական դպրոցում, ապա տեղափոխվել Թբիլիսիի Ներսիսյան թեմական դպրոցը և հաջողությամբ ավարտել նրա լրիվ դասընթացը 1904 թ.: Քահանա է ձեռնադրվել 1913 թ. և 13 տարի անընդմեջ ծառայել Եվպատորիայի հայոց եկեղեցում: 1926 թ. տեղափոխվում է Սիմֆերոպոլ, որպես տեղի հայոց եկեղեցու ավագ քահանա:

1945 թ. Մայր Աթոռում ձեռնադրվում է աբեղա և Ազգային-Եկեղեցական ժողովի կողմից ընտրվում Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ: Նույն թվի մայիսի 7-ին ձեռնադրվում է վարդապետ, իսկ հուլիսի 1-ին` եպիսկոպոս, Գևորգ Զ կաթողիկոսի կողմից, և նշանակվում Նոր-Նախիջևանի թեմի առաջնորդ: 1948 թ. նա ստանձնում է Թբիլիսիի թեմի առաջնորդի պաշտոնը: Նոր-Նախիջևանի և Թբիլիսիի թեմական խորհուրդների միջնորդությամբ Կարապետ սրբազանը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից արժանանում է արքության պատվի: Կարապետ արքեպիսկոպոս Թումանյանը Թբիլիսիում իր պաշտոնավարության մեջ է մնում մինչև իր վախճանը` 1950 թ. հունվարի 22-ը, երբ կաթվածով հանկարծամահ է լինում: Թաղված է Թբիլիսիի Ս. Գևորգ Մայր եկեղեցու հյուսիսային արտաքին պատի տակ:

 

 

 

 

16

1953-1955 (առաջնորդական տարիներ) ՎԱՀԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՈՍՏԱՆՅԱՆ («Էջմիածին» ամսագիր, 1955, Ժ, էջ 15: 1960, Գ, Էջ 23): Ծնվել է Վաղարշապատում 1881 թ. փետրվարի 3-ին: Նախնական կրթությունն ստանում է տեղի ծխական դպրոցում և ապա ընդունվում Ս. Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որն ավարտում է 1907 թ.: 1905-1920 թթ. աշխատում է Ս. Էջմիածնի Ս. Սինոդում որպես քարտուղար: Այնուհետև զանազան հաստատություններում վարում է պատասխանատու պաշտոններ:

1944 թ. ձեռնադրվում է աբեղա, ապա` վարդապետ և մտնում Մայր Աթոռի միաբանության շարքերը: 1944 թ. հոկտեմբերի 25-ին Ամենայն Հայոց Հայրապետի սրբատառ կոնդակով նշանակվում է Իրանա-Հնդկաստանի հայոց թեմի առաջնորդ: 1945 թ. հուլիսի 1-ին օծվում է եպիսկոպոս, իսկ 1949 թ. հունիսի 18-ին` արքեպիսկոպոս: Մինչև 1949 թ. հոկտեմբերի 22-ը պաշտոնավարում է Իրանում: Այնուհետև Մայր Աթոռում կոչվում է պատասխանատու պաշտոնների: Երկար ժամանակ նա եղել է Ս. Էջմիածնի Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ, իսկ 1954-1955 թթ.` Գերագույն Հոգևոր Խորհրդի նախագահող անդամ: Եղել է նաև Մայր Տաճարի լուսարարապետ, իսկ 1953-1955 թթ.` Վրաստանի հայոց թեմի առաջնորդ: Իր կյանքի վերջին շրջանում, հիվանդության պատճառով, հանգստյան է կոչվում և իր ծերությունը անցկացնում Մայր Աթոռում:

Երկարատև հիվանդությունից հետո Տ. Վահան արքեպիսկոպոսը վախճանվում է 1960 թ. մարտի 27-ին, 79 տարեկան հասակում: Թաղումը կատարվում է Ս. Գայանե վանքի միաբանական գերեզմանատանը:

 

 

 

 

17

1955-1956 (առաջնորդական տարիներ) ՎԱՐԴԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆ («Էջմիածին» ամսագիր, 1955 թ., Ժ-ԺԱ, էջ 95, 96: 1968, Բ, էջ 63): Ծնվել է 1878 թ. հունվարի 15-ին, Լեռնային Ղարաբաղի Ջրաբերդի շրջանի Գյուլյաթաղ գյուղում, Տեր Հուսիկ քահանա Տեր-Սահակյանի ընտանիքում: Նախնական կրթությունն ստանում է Ջրաբերդի Կուսապատ գյուղի հնգամյա դպրոցում: 1896-1901 թթ. սովորում է Շուշիի թեմական դպրոցում: Նույն թվականին նշանակվում է ուսուցիչ Ջրաբերդի շրջանի Ջանյաթաղ գյուղի դպրոցում, ուր պաշտոնավարում է մինչև 1904 թ.:

1904 թ. Խրիմյան Հայրիկի բարեհաճ արտոնությամբ քահանա է ձեռնադրվում հայրենի գյուղի վրա: Նույն տարին հրավիրվում է Հյուսիսային Կովկասի Գրոզնի քաղաքը, ուր պաշտոնավարում է ուղիղ 25 տարի` որպես քահանա և ուսուցիչ: Գրոզնիում դասավանդում է ռեալական և իգական գիմնազիայում, կազմակերպում է տեղի Բարեգործական ընկերությունը և Աղքատախնամ հանձնաժողովը, որոնց նախագահն ու ղեկավարն է լինում ինքը: Կազմակերպում է հարուստ գրադարան 250 աշակերտ ունեցող Գրոզնիի ծխական դպրոցում: 1929 թ. տեղափոխվում է Բաքու` որպես ծխատեր քահանա, միաժամանակ զբաղվում է ուսուցչությամբ: 1945 թ. ավագ-երեց է նշանակվում Բաքվի հայոց Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: 1951 թ. Տ. Վարդան քահանան զրկվում է իր կյանքի ընկերոջից և Տ.Տ. Գևորգ Զ Կաթողիկոսի թելադրանքով մտնում է Ս. Էջմիածնի վանքի միաբանության շարքերը: 1952 թ. վեղար է ստանում և նշանակվում Թբիլիսիի Ս. Գևորգ եկեղեցու վանահայր: Իր վանահայրության տարիներին (1952-1954 թթ.) Ս. Գևորգ եկեղեցին անվանվում էր «Թբիլիսիի վանական Ս. Գևորգ Եկեղեցի» («Էջմիածին» ամսագիր, 1953, Է-Ը, էջ 11):

1954 թ. դեկտեմբերի 1-ից սկսյալ նշանակվում է Նոր-Նախիջևանի և Հյուսիսային Կովկասի միացյալ թեմերի առաջնորդ: 1955 թ. հոկտեմբերի 6-ին Տ.Տ. Վազգեն Ա Կաթողիկոսի եպիսկոպոսական անդրանիկ ձեռնադրությանն է արժանանում Վարդան ծայրագույն վարդապետ Տեր-Սահակյանը: Այդ օրը Հայոց Հայրապետը օծում է 7 եպիսկոպոսների: Եպիսկոպոսական աստիճան ստանալուց հետո Վարդան սրբազանն ընտրվում է Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ և նշանակվում Վրաստանի հայոց թեմի առաջնորդ, ուր պաշտոնավարում է մինչև 1956 թ.: 1962 թ. Վարդան եպիսկոպոսը հանգստյան է գնում և մինչև իր կյանքի վախճանը ապրում է մերթ Էջմիածնում և մերթ Բաքվում, որտեղ ապրում էին նրա ազգականները:

Վարդան եպիսկոպոսը վախճանվում է Բաքվում 1968 թ. հունվարի 20-ին, Ս. Ծննդյան Մեռելոցի օրը` հին տոմարով, 90 տարեկան հասակում: «Էջմիածին» ամսագրում ունի տպագրված մի շարք հոդվածներ:

1956-1957 (առաջնորդական տեղապահ) ՎԱՀԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԳԱԼԱՄԴԱՐՅԱՆ («Էջմիածին» ամսագիր, 1964 թ., ԺԲ, էջ 14-15): Ծնվել է 1928 թ. օգոստոսի 13-ին Քեսաբի շրջանի Գալատուրան գյուղում: Ավազանի անունով` Անդրանիկ: Նախնական կրթությունն ստանում է Գալատուրանի Մեսրոպյան ազգային ուսումնարանում: 1943 թ. տեղափոխվում է Լիբանան և ընդունվում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի դպրեվանքը` հոգևորական դառնալու որոշումով:

1945 թ. ներգաղթելով հայրենիք` ընդունվում է Ս. Էջմիածնի հոգևոր ճեմարան` շարունակելու ուսումը: 1949 թ. հունիսի 18-ին ձեռնադրվում է սարկավագ: 1950 թ. ավարտում է հոգևոր ճեմարանը: Աստվածաբանական գիտելիքների մեջ խորանալու համար երջանկահիշատակ Գևորգ Զ Կաթողիկոսի կողմից ուղարկվում է Մոսկվա, որտեղ ռուսական հոգևոր ակադեմիայում երկու տարի հետևում է մասնագիտական դասընթացների: 1954 թ. սեպտեմբերի 12-ին ձեռնադրվում է կուսակրոն քահանա և վերանվանվում Վահան աբեղա:

1956-1957 թթ. վարում է Վրաստանի հայոց թեմի առաջնորդական փոխանորդի պաշտոնը:

1956 թ. հոկտեմբերի 6-ին Ս. Էջմիածնի Մայր Տաճարում Տ.Տ. Վազգեն Ա Հայրապետից ստանում է վարդապետական աստիճան:

1957 թ. նոյեմբերի 4-ին նշանակվում է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ: 1960-ական թթ. սովորում և ավարտում է Երևանի պետական համալսարանը:

1964 թ. մայիսի 30-ին Վահան վարդապետը Ամենայն Հայոց Կաթողիկոս Տ.Տ. Վազգեն Ա Հայրապետից ստանում է ծայրագույն վարդապետական աստիճան` որպես թեզ ներկայացնելով «Ս. Էջմիածնի դպրոցի պատմությունը Դ դարից մինչև Ի դարը» ուսումնասիրությունը: Նույն թվականի նոյեմբերի 29-ին Վեհափառ Հայրապետի ձեռամբ օծվում է եպիսկոպոս` միջնորդությամբ Գերագույն Հոգևոր Խորհրդի և Արարատյան թեմի թեմական խորհրդի:

Վահան եպիսկոպոսը Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդի պարտականությունը վարում է մինչև 1972 թ. աշունը: Այնուհետև մեկնում է Հնդկաստան և հիվանդության պատճառով վերադառնում Երևան` բուժվելու: 1975-1977 թթ. ծառայում է Ս. Գեղարդ վանքում իբրև տեսուչ և վանահայր:

Իր կյանքի վերջին տարիներին Մայր Աթոռից ստանում է կենսաթոշակ: Վախճանվում է Երևանում 1986 թ.: Վահան եպիսկոպոսը աշխատակցել է «Էջմիածին» ամսագրին պատմա-բանասիրական բազմաթիվ հոդվածներով: Նա միառժամանակ եղել է անդամ «Էջմիածին» ամսագրի խմբագրական մարմնի: Ունի բազմաթիվ պատմաբանասիրական հոդվածներ` տպագրված ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան պարբերական մամուլում, ուր որոշ ժամանակ հանդես է եկել Գանձասար գրական ծածկանունով:

 

 

18

1957-1972 (առաջնորդական տարիներ) ԿՈՄԻՏԱՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՏԵՐ-ՍՏԵՓԱՆՅԱՆ («Էջմիածին» ամսագիր, 1955 թ. Ա, էջ 19: 1957 թ. ԺԱ, էջ 60-61: 1980 թ. ԺԲ, էջ 34-35): Ծնվել է 1925 թ. Դամասկոսում (Սիրիա): Ավազանի անունը եղել է Ստեփան: Հոր անունը` Շմավոն: Սկզբնական կրթությունն ստանում է Ալեքսանդրետ քաղաքի (այժմ Սանջակ) Նուպարյան ազգային վարժարանում: Ապա 1938 թ. տեղափոխվում է Լիբանան և շարունակում իր ուսումը Բեյրութի Աբգարյան ազգային վարժարանում մինչև 1940 թ.: 1940-1945 թթ. սովորում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի ժառանգավորաց վարժարանում: 1945 թ. ձեռնադրվում է սարկավագ ձեռամբ Տ. Կյուրեղ պատրիարքի: 1947 թ. Բեյրութից ներգաղթում է Հայաստան և մեկ տարի սովորում Երևանի երաժշտական ուսումնարանում: 1948 թ. օգոստոսին Տ.Տ. Գևորգ Զ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կարգադրությամբ, որպես սարկավագ, ընդունվում է Մայր Աթոռի միաբանության շարքերը: 1951 թ. մարտի 18-ին ձեռամբ Տ. Վահան արքեպիսկոպոս Կոստանյանի, ձեռնադրվում է աբեղա և իր գեղեցիկ ձայնի համար վերանվանվում է Կոմիտաս: Երիտասարդ և ձայնեղ հոգևորականի առաջ բացվում է հոգևոր գործունեության լայն ուղի: Սկզբում նա նշանակվում է Ս. Գեղարդ վանքի վանահայր, ապա` 1952-1954 թթ. հոգևոր հովիվ Բաքվի և Թբիլիսիի հայոց եկեղեցիներում: 1954 թ. դեկտեմբերի 11-ին ձեռնադրվում է վարդապետ: 1954-1955 թթ. որպես ուսուցիչ պաշտոնավարում է հոգևոր ճեմարանում դասավանդելով ժամակարգություն և եկեղեցական երգեցողություն: Նա միաժամանակ եղել է փոխ-լուսարարապետ Մայր Տաճարի: 1956 թ. նշանակվում է Շիրակի թեմի առաջնորդ, իսկ 1957 թ.` Վրաստանի Հայոց թեմի առաջնորդ: Նույն թվականի նոյեմբերի 24-ին Մայր Տաճարում, ձեռամբ Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Հայրապետի օծվում է եպիսկոպոս:

Վեհափառ Հայրապետի հրամանով Տ. Կոմիտաս եպիսկոպոսը 1972 թ. աշնանը Թբիլիսիից տեղափոխվում է Երևան և նշանակվում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ: Շուտով նա արժանանում է արքության պատվի և նշանակվում Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ: Կոմիտաս արքեպիսկոպոսը ծանր հիվանդությունից հետո վախճանվում է 1980 թ. դեկտեմբերի 3-ին 55 տարեկան հասակում:

Կոմիտաս սրբազանի նախաձեռնությամբ կատարվում է Թբիլիսիի Ս. Գևորգ եկեղեցու բեմի ճակատային մասի մարմարապատումը, ինչպես նաև եկեղեցու հատակի խճանկարը: 1957 թ. նա Վանքի եկեղեցու գավթից Ս. Գևորգ եկեղեցու գավիթ է տեղափոխում չորս հայ գեներալների` կոմս Միքայել Լոռու-Մելիքյանի (1824-1888 թթ.), գեներալ-լեյտենանտ Արշակ Տեր-Ղուկասյանցի (1819-1881 թթ.), գեներալ-համհարզ Հովհաննես Լազարյանցի (1820-1879 թթ.) և գեներալ-մայոր Բեհբութ Շելկովնիկյանցի (1837-1878 թթ.) աճյունները: 1976 թ. նա կատարում է օծումը Երևանի վերակառուցված Ս. Սարգիս եկեղեցու:

 

 

19

ԳԵՎՈՐԳ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՍԵՐԱՅԴԱՐՅԱՆ ավազանի անունը՝ Կարպիս (Կարապետ), ծնվել է Բուխարեստում (Ռումինիա) 1938 թ. օգոստոսի 29-ին: Հոր անունն է` Ստեփան Սերայդարյան, մոր անունը` Մաքրուհի Հալաջյան: Սկզբնական կրթությունը ստացել է Բուխարեստի հայոց դպրոցում: 1948 թ. ընտանյոք ներգաղթել է Հայաստան եւ ապա՝ սովորելով Լենինականի միջնակարգ դպրոցում, միաժամանակ դպրության ծառայության է անցել տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցում: 1952 թ.-ից ուսումը շարունակել է Երեւանում:

1956 թ. ընդունվել է Ս. Էջմիածնի Հոգեւոր Ճեմարան, որի լրիվ դասընթացը հաջողությամբ ավարտել է 1962 թ.` պաշտպանելով իր ավարտաճառը «Ս. Գրիգոր Նարեկացու Ապարանից խաչի պատմությունը» թեմայով:

1962 թ. սեպտեմբերի 23-ին ձեռնադրվել է սարկավագ եւ վարել մի շարք պատասխանատու պաշտոններ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: 1964 թ. ապրիլի 12-ին ձեռնադրվել է աբեղա, իսկ 1965 թ. ստացել վարդապետական աստիճան:

1966-1967 թթ. վարել է Նոր-Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդական փոխանորդի պաշտոնը, ապա վերադառնալով Մայր Աթոռ, ստանձնել Մայր Տաճարի թանգարանի վարիչի, ապա Լուսարարապետի օգնականի եւ հետո՝ Վեհափառ Հայրապետի գավազանակրի պարտականությունները:

1970-1972 թթ. Սուրբ Էջմիածնի Հոգեւոր ճեմարանում դասավանդել է կրոնագիտական եւ պատմական առարկաներ:

1972 թ. Վեհափառ Հայրապետի Սրբատառ Կոնդակով նշանակվել է Վրաստանի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ: 1973 թ. Գեւորգ վարդապետը պաշտպանել է թեզ «Տոմարագիտության դասընթաց» վերնագրով, որն արժանացել է քննական հանձնաժողովի գերազանց գնահատականին: Վեհափառ Հայրապետն այդ աշխատասիրության համար նրան շնորհել է ծայրագույն վարդապետական աստիճան եւ նույն թվականի հոկտեմբերի 30-ին օծել եպիսկոպոս եւ նշանակել թեմակալ առաջնորդ Վրաստանի Հայոց թեմի:

1977 թ. Վեհափառ Հայրապետի հրամանով սեպտեմբերի 15-ից Տ. Գեւորգ եպիսկոպոսը վարել է նաեւ Ս. Գեղարդա վանքի վանահայրության պաշտոնը, մինչեւ նոր վանահոր նշանակումը:

1995 թ. արժանացել է արքության պատվի: Եղել է Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ:

1998 թվականին Հայ և վրաց ժողովուրդների բազմադարյան եղբայրական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է Պատվո շքանշանով:

Որպես Վիրահայոց թեմի հոգեւոր առաջնորդ, իր պաշտոնավարության տարիներին Գեւորգ արքեպիսկոպոս Սերայդարյանը կատարել է մի շարք կարեւոր աշխատանքներ Վիրահայոց թեմի ներսում: Նրա առաջնորդության շրջանում բացվել են եկեղեցիներ Ջավախքի շրջանում, վերանորոգվել են թեմի գործող եկեղեցիները: 1974 թ. մարմարապատվել է Ս. Գեւորգ եկեղեցու բեմի հատակը: 1977-1978 թթ. Թբիլիսիի Ս. Գեւորգ եկեղեցու գաջած պատերի 6 շերտ յուղաներկի ծածկույթի տակից հայտնաբերվել եւ վերանորոգվել են XVIII դարի նշանավոր նկարիչ Հովնաթան Հովնաթանյանի վրձնին պատկանող 16 մեծադիր որմնանկարներ, որոնք 1795 թ. Թիֆլիսի ավերումից հետո վերանորոգված են եղել նկարչի որդու եւ շնորհալի աշակերտի` Մկրտում Հովնաթանյանի կողմից: 1977 թ. Թբիլիսիի Հայոց վանքի գավթից Ս. Գեւորգ եկեղեցու գավիթ են տեղափոխվել Գաբրիել արքեպիսկոպոս Այվազյանի` ծովանկարիչ Հովհ. Այվազովսկու եղբոր (1812-1880 թթ.), Խորեն եպիսկոպոս Ստեփանեի (1840-1900 թթ.), խմբագիրներ Աբգար Հովհաննիսյանի (1849-1904 թթ.) եւ Պետրոս Սիմոնյանի (1830-1911 թթ.) աճյունները:

1979-1980 թթ. վերակառուցվել եւ ընդարձակվել է Վիրահայոց թեմի առաջնորդարանը: 1988 թ. օծվել է Դաղեթ գյուղի Ս. Խաչ մատուռը: 1989 թ. օծվել է նաեւ Շահումյան (Մառնեուլի շրջան) ավանի Ս. Աստվածածին եկեղեցին, ապա իրականացվել են նաեւ վերանորոգչական աշխատանքներ, եկեղեցին օժտվել է զույգ գմբեթներով:

1990 թ. թեմին է հանձնվել Բաթումի հայոց Ս. Փրկիչ եկեղեցին, որը եւ վերանորոգվել է:

1991 թ. բացվել եւ օրհնվել է Մեծարա հայաբնակ գյուղի մկրտարանը «Գուդաուդա»:

Նույն թվականին Գեւորգ արքեպիսկոպոս Սերայդարյանը ընտրվել է Վրաստանի Հայ բարեգործական ընկերության ավագների խորհրդի կազմում:

1992 թ. օծվել է Սուխումիի հայոց Ս. Հարություն աղոթատունը: Նույն` 1992 թ. ավարտին է հասցվել Թբիլիսիի Ս. Էջմիածին եկեղեցու` երկրաշարժից տուժած հիմքերի եւ պատերի ամրացումը:

1971 թվից շարունակաբար Գեւորգ արքեպիսկոպոսը կազմել եւ հրատարակել է Մայր Աթոռի պաշտոնական օրացույցները հայերեն լեզվով, իսկ 1978 թ.-ից` նաեւ ռուսերենով: Հրապարակել է նաեւ բազմաթիվ հոդվածներ հայկական եւ ռուսական թերթերում ու ամսագրերում, թարգմանել «Տոմարագիտության դասընթաց» աշխատությունը, որը հայ տոմարագիտական աշխատություններից առաջինն է՝ ռուսերեն թարգմանությամբ, տոմարագիտական եւ կրոնագիտական մի քանի գրքերի հեղինակ է։

1996 թ. հիմնվել է թեմի Ս. Եղիա կիրակնօրյա վարժարանը:

Տ. Գեւորգ արքեպիսկոպոս Սերայդարյանը վախճանվել է 2002 թ. սեպտեմբերի 11-ին, նրա աճյունը ամփոփված է Թբիլիսիի Ս. Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում:

Որպես Վիրահայոց թեմի հոգեւոր առաջնորդ, իր պաշտոնավարության 30 անխոնջ տարիների ընթացքում Տ. Գեւորգ արքեպիսկոպոս Սերայդարյանն իր մեծ ավանդը թողեց վիրահայ հոգեւոր կյանքում:


 

20

ՎԱԶԳԵՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ

2002 - մինչ օրս (առաջնորդական տարիներ)

Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը (ավազանի անունը Էդվարդ) ծնվել է 1965 թ-ի հուլիսի 21-ին Էջմիածնի շրջանի Արտիմեդ (նախկինում Աթարբեկյան) գյուղում:

1971-82թթ-ին սովորել եւ ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:

1982թ-ին ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանը:

1984-86թթ-ին ծառայել է Խորհրդային բանակում:

1989թ-ի մայիսի 7-ին ձեռամբ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ:

1990թ-ին պաշտպանել է ավարտաճառ «Գրիգոր վարդապետ Սկեռացու կյանքն ու մատենագրական ժառանգությունը» թեմայով:

1991թ-ի հուլիսի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա եւ անմիջապես հրավիրվել է դասախոսելու Գևորգյան Հոգևոր Ճեմարանում եւ նորաբաց ՔԴՔԿ-ում:

1993-95թթ-ին եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին կից կիրակնօրյա դպրոցների վարիչ-տնօրեն:

1995թ-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր կարգադրությամբ նշանակվել է ՔԴՔԿ-ի վարիչ-տնօրեն՝ հաջողությամբ իրականացնելով իրեն վստահված գործը: Այդ ընթացքում հրատարակվել է 26 անուն հոգեւոր գրականություն, կրոնի դասագրքեր, ուսուցիչների ուսումնական ձեռնարկ, հիմնադրվել է «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթը, իրականցվել են ամենօրյա կրոնական հաղորդաշարեր:

1996թ-ին ներկայացրել եւ պաշտպանել է վարդապետական թեզ «Սուրբ Գրիգոր Տաթեւացու «Հարցմանց» եւ «Ոսկեփորիկ» գրքերի հայրախոսական աղբյուրները» թեմայով:

1996թ-ի հունիսի 20-ին ձեռամբ երջանկահիշատակ Գարեգին Ա Կաթողիկոսի ստացել է մասնավոր վարդապետական չորս աստիճան:

1997-99թթ-ին Արցախի թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի աջակցությամբ կազմակերպել է Արցախի եւ Քաշաթաղի քրիստոնեական կրոնի ուսուցիչների վերապատրաստման եւ հանրակրթական դպրոցներում դասավանդման գործը:

1999թ-ին ԵՀԽ Կլոր Սեղանի Հայաստանյան Գրասենյակի առաջարկությամբ Երեւանում հիմնադրել է «Էկումենիկ Տեղեկատվական Կենտրոնի» գրասենյակը:

1999թ-ի դեկտեմբերի 1-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ: Իր գործունեության ընթացքում ավարտվել են վերականգնման աշխատանքները և վերաօծվել են Մուղնու «Սուրբ Գևորգը», Սաղմոսավանքի վանական համալիրը, Բյուրականի «Սուրբ Հովհաննեսը», Ապարանի «Սուրբ Խաչը», հիմնովին նորոգվել է Օշականի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» առաջնորդանիստ եկեղեցին և բարեկարգվել է տարածքը:

2001թ-ից Արագածոտնի մարզային իշխանությունների և Մայր Աթոռի աջակցությամբ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներում պաշտոնապես մտցվել է Հայ Եկեղեցու պատմություն առարկան: Տպագրվել է «Արագածոտն» երկշաբաթաթերթը:

2002թ-ի սեպտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Վիրահայոց թեմի առաջնորդ:

2003թ-ի հունիսի 23-ին ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռնադրվել է եպիսկոպոս:

2003-2012 թթ-ի ընթացքում Ն.Ս.Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և աջակցությամբ վերականգնվել և վերաօծվել են Թբիլիսիի «Սուրբ Էջմիածին» եկեղեցին, Ախալքալաքի «Սուրբ Խաչ», Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղի «Սուրբ Հարություն», Արակովա գյուղի «Սուրբ Գևորգ», Բալխո գյուղի «Սուրբ Հարություն», Բեջանո գյուղի «Սուրբ Մինաս», Բարալեթ գյուղի «Սուրբ Աստվածածին», Բուղաշեն գյուղի «Սուրբ Հարություն», Բուռնաշեթ գյուղի «Սուրբ Մաթեոս», Դիլիսկա գյուղի «Սուրբ Սարգիս», Խանդո գյուղի «Սուրբ խաչ», Մեծ Սամսար գյուղի «Սուրբ Աստվածածին», Խոքր Սամսար գյուղի «Սուրբ Հարություն», Կարծախ գյուղի «Սուրբ Հովհաննես Կարապետ» եկեղեցիները: Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղի «Սուրբ Կարապետ», Խոջաբեկ գյուղի «Սուրբ Սարգիս», Սաթխա գյուղի «Սուրբ Մեծն Ներսես», Փոքր Արագյալ գյուղի «Սուրբ Ստեփանոս» եկեղեցիները: Ախալցիխե քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», Ախալցիխեի շրջանի Ծիրա գյուղի «Սրբոց Հրեշտակապետաց», Փոքր Պամաճ գյուղի «Սուրբ Խաչ» եկեղեցիները: Ծալկայի շրջանի Խաչ գյուղի «Սուրբ Գևորգ» և Ղուշչի գյուղի «Սուրբ Գևորգ» եկեղեցիները: Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի «Սուրբ Խաչ» եկեղեցին: Բորժոմի շրջանի Տաբածխուր գյուղի «Սուրբ Կարապետ» և Մոլիթ գյուղի «Սուրբ Գևորգ» եկեղեցիները: Թեթրի-Ծղարոյի շրջանի Շամշուլդա գյուղի «Սուրբ Փրկիչ» եկեղեցին: Մառնեուլիի շրջանի Կարմիր գյուղի «Սրբոց Ավետարանչաց» մատուռը: Թբիլիսիի առաջնորդանիստ «Սուրբ Գևորգ» եկեղեցու կողքին կառուցվել է առաջնորդարան և «Սուրբ Էջմիածին» եկեղեցու բակում՝ «Հայարտուն» կենտրոնը, որի միջոցով աշխուժացել է թեմի մշակութային, կրթական և երիտասարդական կյանքը: Սկսվել են Թբիլիսիի առաջնորդանիստ «Սուրբ Գևորգ» եկեղեցու վերանորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքները:

Հիմնադրվել է «Նորաշեն» հանդեսը, տպագրվել են Վրաստանի Հայ Գրողների «Վերնատուն» Միության պատրաստած արժեքավոր գրքերը:

Հայ Գաղթօջախները

Պրոֆ.. Ա. Գ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

       Ե՞րբ է սկսել հայ բնակչության գաղթը դեպի Վրաստան, և ե՞րբ են հիմնվել Վրաստանի հայ գաղթօջախները, որոշակի դժվար է պատասխանել: Բանասեր Ա. Սարուխանը գտնում է, որ հայկական գաղթօջախները Վրաստանում գոյություն են ունեցել դեռևս Արտաշեսյան շրջանում, այսինքն` II-I դարերում (մ.թ.ա) (Ա. Սարուխանյան, Վրաստանը և հայերը. Վիեննա, 1939, էջ 17): Վրացագետ պրոֆ. Ա. Խախանովը գտնում է, որ հայ գաղթականության սկիզբը դեպի Վրաստան պետք է համարել V դարը (,Journal Asiatiqueե, 1898, II, էջ 337-344):

Վրաստանում Արտաշեսյան շրջանում հայ գաղթականության գոյության մասին մեզ ոչինչ հայտնի չէ: Որտեղի՞ց է քաղել բանասեր Սարուխանն իր այդ տեղեկությունը, չգիտենք: Մեզ հայտնի չեն նաև փաստեր, որ հայկական գաղթը դեպի Վրաստան սկսվել է V դարից, ինչպես պնդում է պրոֆ. Խախանովը:

         Վրաստանում հիմնված առաջին փոքրիկ գաղթօջախի մասին մեր ունեցած տեղեկու-թյունը վերաբերում է VI դարի վերջերին եւ VII դարի սկզբներին: X դարի պատմիչ Ուխտանե-սը, խոսելով VII դարի սկզբներին հայ-վրաց եկեղեցիների միջեւ տեղի ունեցող պառակտման մասին, վկայաբերում է այդ դարաշրջանին վերաբերող մի շարք վավերագրեր, ըստ որոնց Ցուրտավում գոյություն է ունեցել հայկական փոքրիկ գաղթօջախ: Ուխտանեսը բերում է ան-գամ Վրթանես Քերթողի մի նամակը, որն ուղղված է Ցուրտավի հայերին` ,Թուղթ շրջաբերա-կան Տեառն Վրթանէսի Քերթողի (ի) Հայալեզու աշխարհն Ցուրտաւայ` ի խնդրոյ Մովսիսի ե-պիսկոպոսի` առ ի հաստատել զնոսա ի հաւատսե եւ Ցուրտավի հայկական համայնքի պա-տասխան նամակը` ,Պատասխանի թղթոյն Վրթանէսի Հայալեզու աշխարհին Ցուրտաւայե (Ուխտանէս եպիսկոպոս, Պատմութիւն Հայոց. Վաղարշապատ, 1871, մաս Բ, էջ 32-33):

         Ընդհանրապես, մինչեւ VII դարի սկզբները, այսինքն` մինչեւ հայ եւ վրացի կղերական-ների միջեւ դավանաբանական հարցերի շուրջը ծագած կրոնական սխոլաստիկ եւ վնասա-կար վեճերը, սերտ փոխհարաբերություն է գոյություն ունեցել հայ-վրացական համայնքների միջեւ, ինչպես վրաց Կյուրիոն կաթողիկոսն իր նամակներից մեկում ճիշտ նկատել է. ,միա-բանութիւն էր Վրաց եւ Հայոց ընդ միմեանսե (Ուխտանես, Պատմութիւն Հայոց. Մաս Բ, էջ 89):

Վրաստանում հայկական հնագույն գաղթօջախներից մեկը գտնվել է Թբիլիսի քաղաքում: Վրացագետ մասնագետներից ոմանք գտնում են, որ Թբիլիսիի Տափթաղ թաղամասում Ս. Գեւորգ կոչվող կաթողիկե հնագույն եկեղեցին կառուցված է հայոց 80 թվականին, այսինքն` մեր ներկա թվականության 631-ին (Ս. Ավչյան, Թբիլիսիի Մեյդանի Ս. Գևորգ կաթողիկե սուրբ Աստվածածին կամ բերդի մեծ եկեղեցին): Հետագա դարերում այս եկեղեցին քանդվել է, եւ 1251 թ. այն նորից վերաշինել է հայ աչքի ընկնող խոջաներից մեկը` Ումեկը (տե՛ս ,Էջմիա-ծինե, 1959 թ., N 2, էջ 49): Թբիլիսիում VII դարում հայկական եկեղեցու գոյությունն ինքնին ապացուցում է նրա շուրջը համախմբված հայկական համայնքի գոյությունը:

         Հայ բնակչության զանգվածային առաջին գաղթը դեպի Վրաստան, ըստ հնագույն տե-ղեկությունների, տեղի է ունեցել 703 թվականին: Ղեւոնդ պատմիչը նկարագրելով արաբնե-րի` Հայաստանում կատարած կեղեքումները, 703 թ. բռնկված ապստամբությունը եւ Վանան-դի Դրաշպետ գյուղի մոտ տեղի ունեցող ճակատամարտը, ուր հայ-բյուզանդական զորքերը պարտություն կրեցին խալիֆաթի զորքերից, հայտնում է, որ այս ճակատամարտից հետո Տայքի իշխան Սմբատ Բագրատունին դիմում է բյուզանդական արքունիքին եւ նրա համա-ձայնությամբ (Վրաստանն այդ ժամանակ գտնվում էր Բյուզանդիայի գերիշխանության տակ) իր ընտանիքով եւ հետեւորդներով տեղափոխվում է Փոթի քաղաքը: Այս գաղթականությունը, ըստ տեղեկությունների, երկար չի մնում հաստատված վայրում եւ ետ է վերադառնում Հա-յաստան:

         Հայ բնակչության հաջորդ խոշոր գաղթը դեպի Վրաստան տեղի է ունեցել 774 թ.: Այս մասին մեզ տեղեկություն է հաղորդում դարձյալ Ղևոնդը: Նա պատմում է, որ նշված թվակա-նին հայ հայրենասերները, Արտավազդ Մամիկոնյանի գլխավորությամբ, ապստամբում են խալիֆայության դեմ, սպանում Շիրակի Կումայրի գյուղում արաբական հարկահավաքին եւ ի վիճակի չլինելով կռվելու արաբական կազմակերպված եւ գերազանց ուժերի դեմ, փախ-չում, ապաստանում են Վրաստանում: Հայ փախըստականներին Վրաստանում ընդունում են բացառիկ սիրալիրությամբ, անգամ Արտավազդ Մամիկոնյանին տալիս են իշխելու, կառա-վարելու իրավունք:

         Հաջորդ տարին` 775 թ., երբ հայ հայրենասերների զորքերը Արճեշում կրկին բախվում են Հայաստան ուղարկված արաբական պատժիչ նոր զորաբանակի հետ եւ պարտություն կրում, հայ կռվող զորքի մի մասը նորից տեղափոխվում եւ ապաստանում է Վրաստանում: Ի դեպ, Վրաստան տեղափոխված այս զինվորականության մեջ է գտնվում Աշոտ Բագրատու-նին` շրջահայաց եւ հեռատես մի անձնավորություն, որին հաջողվում է հիմնել Կղարջք – Տայքում անկախ իշխանություն Արտանուշ մայրաքաղաքով: Այս Աշոտից է սկիզբ առնում վրացական Բագրատունիների դինաստիան, որը իշխում էր IX դարի սկզբներից մինչեւ XIX դարը:

         Արաբական պատմիչներից մեկը` Տաբարին, ուշագրավ տեղեկություններ է հաղորդում հայերի և վրացիների համատեղ պայքարի մասին Թբիլիսիում` ընդդեմ խալիֆաթի պատժիչ զորամասերի: 851-853 թվականներին, ինչպես հայտնի է, Հայաստանում և Վրաստանում բռնկվում է խոշոր ապստամբություն խալիֆայության դեմ: Ապստամբները ոչնչացնում են Անդրկովկասում գտնվող արաբական բոլոր կայազորները և կամ նրանց դուրս քշում երկրից: Ապստամբությունը ճնշելու համար Անդրկովկաս է ուղարկվում արաբական մի խոշոր բա-նակ` արյունառուշտ Բուղայի գլխավորությամբ: Բուղան, արյան մեջ ճնշելով հայկական ցրված ուժերը, 853 թվականին շարժվում է դեպի Վրաստան և շրջապատում Թբիլիսի քաղա-քը: Տաբարիի վկայությունից երևում է, որ Թբիլիսիի պաշտպանների շարքում գտնվել են նաև խութեցիներ: ,Այս քաղաքը (Այսինքն` Թբիլիսին),– գրում է նա,– շինել է Անուշիրվան թա-գավորը, իսկ Իսահակը ամրացրել էր, նորա շուրջը փոս փորել և քաղաքի մեջ դրել խութեցի-ներից և այլոց պահակ զորք: Բուղան շնորհեց բնակիչներին ներումն այն պայմանով, որ նո-քա իրենց զենքերը վայր դնեն և գնան, ուր կամենանե (Արաբացի մատենագրերը Հայաստա-նի մասին. հավաքեց և թարգմանեց Բ. Խալաթյանց, Վիեննա, 1919, էջ 100): Ինչպես բացատ-րել քաջարի խութեցիների ներկայությունը Թբիլիսիում 853 թվականին: Այդ երկու կերպ կա-րելի է բացատրել, ինչպես փորձել է անել բանասիրական գիտությունների թեկնածու Վ. Նալ-բանդյանը. կամ` այն է, որ Տարոնի ապստամբությունը ճնշվելուց հետո խութեցիները, խույս տալով հետապնդումից, եկել հասել էին այստեղ, կամ` Թբիլիսիի ամիրան` Սահակը, լսելով խութեցիների քաջության մասին, ինքն էր հրավիրել նրանց` քաղաքի պաշտպանությունն ա-վելի վստահելի դարձնելու նպատակով (Վ. Ս. Նալբանդյան. Թբիլիսին հայ մատենագրու-թյան մեջ, Երևան, 1958, էջ 63): Բոլոր դեպքերում արաբ պատմիչի` վերը բերված վկայությու-նը ցույց է տալիս, որ հայ-վրացական ժողովուրդների քաջարի զավակները մաքառել են թշնամու դեմ ձեռք ձեռքի տված և թափել իրենց արյունը` Թբիլիսիի պաշտպանության հա-մար:

         Հայ բնակչության գաղթը դեպի Վրաստան սկսում է զանգվածային բնույթ ստանալ հատկապես հայ Բագրատունիների անկումից և Անի մայրաքաղաքը բյուզանդացիների կող-մից գրավելուց հետո: Վրաստանը դեռ չէր ընկել օտար լծի տակ, ուստի հայ բնակչության ո-րոշ խավեր նախընտրում են ապաստանել այնտեղ: Մեծանում են հայ գաղթականական օ-ջախները մասնավորապես Դմանիսում, Շամշոլդենում և Թբիլիսիում: Հայ հայրենասեր շրջաններն այժմ իրենց ազատագրական հույսերը սկսում են կապել վրաց Բագրատունինե-րի հետ` ակնկալելով նրանց օգնությամբ ազատագրել Հայաստանը: Առաջանում է քաղաքա-կան նոր գաղափարախոսություն` Հայաստանի ազատագրությունը` վրաց Բագրատունինե-րի գլխավորությամբ (Ա. Հովհաննիսյան. Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմու-թյան, 1-ին գիրք, Երևան, 1957, էջ 141):

         XII դարի պատմիչ Մատթեոս Ուռհայեցու հաղորդած տեղեկություններից երևում է, որ վրաց Դավիթ Շինարար թագավորի շուրջն են սկսում հավաքվել հայկական ցրված զորամա-սերը, որոնք գործուն մասնակցություն են ցուցաբերում Անդրկովկասը սելջուկյան հարստա-հարիչներից մաքրելու գործում:

         Դավիթ Շինարարին հաջորդող վրացական մյուս թագավորների գահակալությունների ժամանակ ևս վրացական բանակում շարունակում են գոյություն ունենալ հայկական զորա-մասեր, որոնք ուս ուսի կռվում են ընդհանուր թշնամու դեմ: Դրանով կարելի է բացատրել այն արտակարգ բարյացակամությունը, որ վրացական արքունիքը ցուցաբերում էր հայ գաղթա-կանության նկատմամբ: Ուռհայեցին, խոսելով Դավիթ Շինարարի` հայ գաղթականության նկատմամբ ցուցաբերած սիրալիրության մասին, նշում է, որ նա հայ գաղթականության հա-մար կառուցել է տվել հատուկ քաղաք: ,Սա,– գրում է պատմիչը,– երևեցաւ ընդունող և սիրող ազգին Հայոց... շինեց քաղաք Հայոց յաշխարհին Վրաց և հաստատեաց եկեղեցիս և վանո-րայս բազումս, և անուանեաց զանուն քաղաքիս Գօռա (Գորի) և ունէր մեծաւ ուրախութեամբ և ցնծութեամբ զամենայն ազգն Հայոցե (Ուռհայեցի, էջ 356):

       XII դարի յոթանասունական թվականներին այնքան հայ գաղթականություն է հա-մախմբվում Վրաստանում, որ անհրաժեշտ է լինում հայ եկեղեցուն դավանող հավատացյալ-ների թեմ հիմնել` թեմական առաջնորդի կենտրոն ընտրելով Թբիլիսի քաղաքը: XII դարում Թբիլիսիի հայոց թեմի առաջնորդներից մատենագրության մեջ տեղեկություններ են պահվել Բարսեղ եպիսկոպոսի մասին, որը 1179 թվականին մասնակցել է Հռոմկլայում հրավիրված ազգային եկեղեցական ժողովին: Նա հեղինակավոր անձնավորություն է եղել և եկեղեցական ժողովին մասնակցող պատգամավորների շարքում հիշվում է յոթերորդ տեղում որպես պատ-գամավոր, ,թագաւորանիստ քաղաքին վրաց Տփխեացե (Մ. Չամչյան. Պատմ. Հայոց, III, էջ 132): Հայ մատենագրության մեջ տեղեկություններ կան Թբիլիսիի հայկական թեմի այլ ե-պիսկոպոսների մասին ևս (Անանիա, Հովհաննես և ուրիշներ):

         Վրաց Գեորգի III-ի գահակալության տարիներին ևս շարունակվում է Վրաստանում ապ-րող հայերի նկատմամբ բարյացակամությունը: Ուռհայեցու հաղորդած մի տեղեկությունից երևում է, որ Գեորգի թագավորը, ընդառաջելով հայերի ցանկությանը, 1162 թ. հարձակվում է շահարմենների վրա և ազատում Անի քաղաքը նրանց տիրապետությունից: Այնուհետև, գրում է պատմիչը, Գեորգի թագավորը 40000 դահեկան գումար է բաց թողնում` Անիից գերի տարված բնակչությանը ետ գնելու համար (Մ. Ուռհայեցի, էջ 427):

         Պատկերացնելու համար, թե ինչպիսի վերաբերմունք է ցուցաբերել վրաց արքունիքը հայերի, մասնավորապես պատերազմներում աչքի ընկած հայ զինվորների նկատմամբ, բա-վական է հիշել այն մեծ իրավունքները, որ վրաց արքունիքը վստահած է եղել երկու հայ իշ-խաններին` եղբայրներ Զաքարեին և Իվանեին: Թամար թագուհու ժամանակ առաջինը վա-րում էր ամիրսպասալարության բարձր պաշտոնը, իսկ Իվանեն` աթաբեկությունը:

Վրաց արքունիքի այս երկու բարձրաստիճան հայերը հսկայական ջանքեր են գործադրում Արևելյան Հայաստանը սելջուկյան լծից ազատագրելու համար: Ըստ պատմիչների հաղոր-դած տեղեկությունների, նրանց հաջողվում է օտարերկրյա տիրապետությունից ազատագրել Անին, Դվինը, Վաղարշապատը, Կաղզվանը, Ամբերդը, Կարսը, Գառնին և այլ շրջաններ ու քա-ղաքներ:

         Հայ և վրաց պատմիչներն արտակարգ գովեստով են խոսում Զաքարե և Իվանե եղբայր-ների գործունեության մասին՝ որպես աչքի ընկնող և սիրված գործիչների: Ըստ Թամար թա-գուհու պատմիչի` Բասիլի տեղեկության, Զաքարեն և Իվանեն ,... իմաստուն էին, քաջ, լավ փորձառու և հավատարիմե(Басили, историк царицы Тамары ,Памятники эпохы Руставелиե էջ 48): Թամար թագուհու գահակալության տարիների վիրա-հայկական միացյալ բանակի՝ թշնամու դեմ տարած աչքի ընկնող հաղթանակներից մեկը Ռուքն-էդ-դին սուլթանի դեմ տա-րած հաղթանակն էր, որը տեղի է ունեցել 1202 թ. Բասենի ճակատամարտում: Այս մասին մանրամասն տեղեկություններ է պարունակում Մուշի նշանավոր ,Ճառընտիրե-ը (Գ. Կ. Հով-սեփյան, Հիշատակարանք ձեռագրաց, հ. Ա, Անթիլիաս, 1951, էջ 712): Ժամանակակից հիշա-տակագրի տեղեկություններից երևում է, որ Ռուքն-էդ-դինը հսկայական բանակով հարձակ-վում է Անդրկովկասի վրա: Նրա դեմ են դուրս գալիս վիրա-հայկական զորքերը Զաքարեի և Իվանեի գլխավորությամբ և աքցանի մեջ առնելով՝ թշնամուն պարտության են մատնում. նրանք հսկայական ռազմավարով և գերիներով ետ են վերադառնում: Այս հաղթանակը հսկայական նշանակություն ունեցավ Անդրկովկասի համար: Թշնամիները վերջնականապես համոզվեցին, որ ավելորդ են իրենց թափած ջանքերը` նորից գրավելու Անդրկովկասը և ի-րենց տիրապետությունը հաստատելու այնտեղ:

         Հայ-վրաց ժողովուրդների արտաքին թշնամու դեմ մղած համատեղ պայքարի ուշագրավ փաստերից է Արդավիլի սուլթանի հետ տեղի ունեցած միջադեպը, որի համառոտ պատմու-թյունը հետևյալն է: Արդավիլի սուլթանը 1207 թ. գաղտնագողի հարձակվում է Անիի վրա, մտնում քաղաք, ավերում ու հսկայական ավար և գերիներ վերցրած ետ վերադառնում: Երբ այդ իմանում են Զաքարեն և Իվանեն, իսկույն հայ-վրացական զորքերով արշավում են Ար-դավիլի վրա, ջարդում սուլթանին և ավարն ու գերիները ետ վերադարձնում:

Ակադեմիկոս Ն. Մառը, վրաց պատմիչի հաղորդած տեղեկության հիման վրա, անդրադառնա-լով այս միջադեպին, հետևյալ եզրակացության է հանգում. ,Վրաց պատմիչի բերած միջադե-պը եզակի դեպք չէ, որի մեջ հաղորդվում է հայ-վրացական ազգային տարրերի համերաշխու-թյունը` սրանց կամ նրանց համատեղ պայքարի մասին` ի փառս ինչպես հայ, այնպես և վրաց ժողովուրդների: Թամարի թագավորության ժամանակաշրջանում Զաքարեն և Իվանեն հայ-կական միակ իշխանները չէին միայն, որոնք իրենց փայլուն արշավանքներով հայտնի էին վրաց ժողովրդի պատմության մեջ... Դժվար օրերում զենքը պաշտպանում էր նրանց ընդհա-նուր շահը: Իրենց փոխհասկացողությամբ հայկական և վրացական այդ գործիչները շարու-նակում էին միայն կովկասյան կյանքի լավագույն տրադիցիաները: Թամարից 150 տարի ա-ռաջ հայ զորավար Վահրամ Պահլավունու ռազմական հաջողությունների մասին վրացական զորքերը երգ էին երգում որպես կիսաստծու հաջողություններիե (Н.Я.Марр, Ани, Л.-М., 1934, էջ 40):

       Հայ բնակչության գաղթը դեպի Վրաստան անընդմեջ շարունակվում է Հայաստանը մոն-ղոլների կողմից գրավելուց և հարկային ծանր վարչակարգ սահմանելուց հետո ևս: Վրաս-տանում հավաքված հայ բնակչությունը նորից շարունակում է իր հայրենիքի ազատագրու-թյան հույսերը կապել վրաց Բագրատունիների հետ: Հայ մատենագրության մեջ հաճախ են պատահում, որ վրաց այս կամ այն թագավորը հիշվում է ոչ միայն վրաց թագավոր, այլև հա-յոց թագավոր: Այսպես, օրինակ, Ավանում գտնված մի արձանագրության մեջ վրաց Դեմետրե թագավորը (1270-1285 թթ.) հիշված է ,Վրաց և Հայոցե թագավոր (Կ. Ղաֆադարյան, Ավանի երկլեզվյան ծածկագիր արձանագրությունը, Երևան, 1945, էջ 20): 1323 թվականին Գլաձո-րում գրված մի հիշատակարանում վրաց Գեորգի թագավորը հիշված է դարձյալ որպես ,Տանն Վրաց և Մեծաց Հայոց թագավորե (ՀՊՄ, ձեռ. N 6289, թ. 283 ա-բ): 1417 թ. գրված մի ձեռագրի հիշատակագիր, արձանագրելով վրաց Գեորգի թագավորի մահը, վշտով նկատում է, որ այդ կորուստը անչափ աղետաբեր է եղել նաև հայ ժողովրդի համար. ,Զի փոխանորդ զնա ունէաք մեր մեծ ազգին, զոր կորուսաքե (ՀՊՄ, ձեռ. N 8689, թ. 17 բ): Թովմա Մեծոփեցին, խոսելով Ջհան շահի 1440 թ. Վրաստանում կատարած վայրագությունների մասին, միաժա-մանակ նշում է, որ վրաց իշխանները անկարող գտնվեցին պաշտպանելու հայրենիքը: Այդ կապակցությամբ պատմիչը նկարագրում է այն կսկիծը, որ ապրեցին հայերը` Վրաստանի հարստահարությունը տեսնելով. ,... մեք հանապազ յոյս ի Վրացիսն ունենալով պարծէաք ի մէջ անօրինաց, յայնմանէ յուսահատեալ առաջի անօրինաց ափիբերան եղաքե (Թովմա Մե-ծոփեցի, Պատմութիւն Լանկ Թամուրայ, Փարիզ, 1860, էջ 123):

         Վրաստանի հայկական գաղթօջախը տվել է ոչ միայն լավ զինվորներ, այլև հայ գրչու-թյան նշանավոր օջախներ, ուր ընդօրինակվել և մանրանկարվել են արժեքավոր հայկական ձեռագրեր, գրվել են ինքնատիպ աշխատություններ, կատարվել են թարգմանություններ և շնորհակալ ջանքեր են գործադըրվել` հայ մատենագրության երկերը կորստից փրկելու ուղ-ղությամբ: Այսպես, օրինակ, Հայաստանի Մատենադարանի սեփականությունն է խունացած մի ձեռագիր, որը ժամանակին գտնվել է Մուղանի թաթարների մոտ ,գերությանե մեջ: Ավա-րառուները ձեռագիրը բերել են Թբիլիսի` վաճառելու: Քաղաքի Հայկական համայնքում գնել են ձեռագիրը և նվիրել տեղի Ս. Քառասնից կոչվող եկեղեցուն: Հայ մատենագրության աչքի ընկնող ներկայացուցիչներից մեկը` Վանականը, ձեռագրի չգրված սպիտակ էջերից մեկի վրա գրի առնելով տվյալ ձեռագրի ,գերությանե և ,ազատագրությանե տխուր պատմությու-նը` իր հաղորդած տեղեկությունը ավելի հավաստի դարձնելու համար միաժամանակ ավե-լացրել է. ,Ես` Վանականս, գրեցի իմով ձեռամբս ի Տփխիս քաղաքիե (Գ. Կ. Հովսեփյան, Հի-շատակարանք, էջ 903):

Վերը հիշված ձեռագրի բախտին է արժանացել նաև Վարդան Արևելցու նշանավոր ,Պատմու-թիւն Հայոցե աշխատությունը. 1265 թվականին Վարդան պատմիչը, Հուլավու խանի մոտից վերադառնալիս ընկնում է ավազակների ձեռքը և կողոպուտի ենթարկվում: Ավազակները նրանից վերցնում են նաև ,Պատմությանե ձեռագիրը, որը նույնպես բերում են Թբիլիսի և վաճառում տեղի հայերին, որոնք գնելով այն` վերադարձնում են հեղինակին: Վարդանը, ետ ստանալով աշխատությունը, որպես վերջաբան, անհրաժեշտ է համարում շարադրել իր ձե-ռագրի գերեվարության պատմությունը (Վարդան Մեծ, Պատմութիւն տիեզերական, Մոսկվա, 1861, էջ 231):

       Վրաստանի հայ գաղթականության դրությունը զգալիորեն վատթարանում է XV-XVII դա-րերում, երբ Վրաստանը մասնատվում է քաղաքական մանր    իշխանությունների և ընկ-նում պարսկա-թուրքական արյունոտ լծի տակ: Վրաստանի հայ բնակչությունը այդ ժամա-նակ լիովին բաժանել է այն ծանր ողբերգությունը, որն ապրել է վրաց ժողովուրդը օտա-րերկրյա հարստահարիչների անարգ լծի տակ:

         XV դարից սկսած Վրաստանում մոլեգնող արհավիրքները բազմատեսակ են եղել` կո-տորած, ավարառություն, գերեվարություն, անտանելի ծանր հարկեր, մանկահավաք և այլն: Ժամանակակից պատմիչները վկայում են, որ նշված դարերում արևելյան շուկաները լցված էին Անդրկովկասից տարված գերիներով, որոնք էժան գներով վաճառքի էին հանվում ամե-նուրեք:

Ի միջի այլոց, հայերը, որպես վրաց ժողովրդին բախտակից և նեղ օրվա ազնիվ բարեկամ, արտակարգ կարեկից վերաբերմունք են ցույց տվել վրաց գերիների նկատմամբ. աշխատել են փրկագին տալ և ազատել նրանց գերությունից: Թովմա Մեծոփեցին պատմում է, որ 1416 թ. Ուզուն Հասանը, երբ մտավ Վրաստան և մեծ թվով գերիներ վերցնելով` վերադարձին անց-նում էր Հայաստանից, հայ բնակչությունը միջոցներ չէր խնայում վրացի գերիներին ազատե-լու համար. հայ կանայք տալիս էին ,զարդարանքս իւրեանց... արք` զանասունս... ում ոչխա-րիկ և ում տաւարիկ կայր` տային և գնէինե: Եվ գերեվարող հարստահարիչները, տեսնելով հայերի` վրաց գերիներին ազատագրելու գործում ցուցաբերած փութաջանությունը, շարու-նակում է Մեծոփեցին, բարձրացնում էին գերիների գինը. ,... Եւ տեսեալ անօրնացն զյօժա-րութիւն նոցին` զամէն գերին հանեցին ի 10000 և ի 20000.... դահեկանե (Թովմա Մեծոփեցի, էջ 78):

       Վրաստանից տարված գերիների մեջ փոքր թիվ չեն կազմել նաև Վրաստանում ապրող հայերը: Օրինակ, Ջհան շահի 1440 թ. Վրաստանում կատարած ասպատակությունների ժա-մանակ տեղի հայ բնակչությունից 12.000 հոգի կոտորվել և գերեվարվել են: Այդ նույն տա-րում գրված մի ձեռագրի հիշատակարանում կարդում ենք. ,ՊՁԹ (1440) թվականին Ջհան-շահ Ամիրզէն ի Վրաց տուն մտաւ. և շատ աւեր արար, և զեկեղեցիքն քանդեց, և քան տասն երկու հազար աւելի ի հայոցս` զորս սպան և զորս գերի վարեացե (Գ. քահ. Աղայան, Դիւան Հայոց պատմութեան, հ. X, էջ 18):

Առաքել Դավրիժեցու վկայությունից երևում է, որ Շահ-Աբասի` Վրաստանից քշած տասնյակ հազարավոր գաղթականության մեջ եղել են նաև հայեր, որոնք վրացիների հետ միասին բնակեցվել են Սպահանի մոտ` Ֆահրապատի ճահճուտներում (Առաքել Դավրիժեցի, Պատ-մութիւն Հայոց, էջ 132-133):

         1795 թ. Աղա Մահմեդ խանի` դեպի Վրաստան կատարած արշավանքների ժամանակ վրաց ժողովրդի դժբախտությունը բաժանել են նաև հայերը: Թբիլիսիում և նրա շրջապա-տում բազմաթիվ հայեր սպանվել են և գերեվարվել: Ըստ մի տեղեկության, այս արշավանքի ժամանակ է սպանվել հայ անմահ բանաստեղծ Սայաթ-Նովան (տե՛ս Սայաթ-Նովա, հրատ. ա-կադ. թղթ. անդամ Մ. Հասրաթյանի, Երևան, 1963, էջ XXXVI):

         Անհրաժեշտ է նշել, որ հայերը և վրացիները, բախտակից այս երկու ժողովուրդները, ստրկորեն չեն ենթարկվել պարսկա-թուրքական հարստահարություններին. նրանք միշտ հե-րոսական պայքար են մղել իրենց ազատագրության համար: Ուշագրավ է այն փաստը, որ այս երկու ժողովուրդների ազատագրական ծրագրերը, նրանց ձգտումները և դեգերումները գրեթե անցել են միևնույն ճանապարհով: Հայտնի է, որ 1679 թ., երբ Հակոբ Ջուղայեցին մեկ-նում էր Եվրոպա քրիստոնյա երկրներից օգնություն խնդրելու ազատագրության համար, նա մեկնելուց առաջ լինում է Վրաստանում, բանակցում վրացական ազատագրական շրջաննե-րի հետ, իր պլանները համաձայնեցնում նրանց հետ և նոր միայն մեկնում Պոլիս` Եվրոպա անցնելու համար: Սակայն, ինչպես հայտնի է այդ բանակցությունը վերջանում է անհաջողու-թյամբ (Լեո, Հայոց պատմություն, Հ. 3, Երևան, 1946, էջ 347): VIII դարի սկզբներում, երբ Օրին գտնվում էր Մոսկվայում ու բանակցություններ էր վարում ցարական արքունիքի հետ, Հա-յաստանի ազատագրության հարցը արծարծվում է Վրաստանի հետ միասին, ի՞նչ ճանա-պարհներով կարող են ռուսական զորքերը մտնել Վրաստան և Հայաստան, ինչքա՞ն կռվող ուժ կարող են տրամադրել տեղացիները և այլն (Г.А. Эзов, Сношения Петра Великого с армянским народом, , էջ 75 և այլ էջեր): Հայտնի է, որ 1722 թ. սյունեցիների խնդրանքով Վախ-տանգ VI և նրա որդի Շահնավազը, Սյունիքի ազատագրական շարժումը կազմակերպելու համար Մցխեթից այնտեղ են ուղարկել Դավիթ-Բեկին` իր զինակիցներով, որոնց կատարած սխրագործությունները հայ ժողովրդի պատմության մեջ ոսկե տառերով են արձանագրված: 1722 թ., երբ Պետրոս Մեծը սկսել էր իր պարսկական նշանավոր արշավանքը և հասել էր Դերբենդ, ըստ նախապես պայմանավորվածության, հայ և վրաց զորքերը պիտի հանդիպեին Շամախում: Ժամանակակից պատմիչներից մեկը` Եսայի Հասան Ջալալյանը, նկարագրում է այն հրճվանքը և ոգևորությունը, որով տոգորված են եղել Պետրոսին դիմավորելու գնացող հայ և վրաց զորամասերը (Г.А. Эзов, Сношения Петра Великого с армянским народом, էջ 336): Եվ ինչքան է եղել նրանց հիասթափությունը, երբ իմացել են, որ Պետրոս Մեծը ետ է վերա-դարձել Դերբենդից (Г.А. Эзов, Сношения Петра Великого с армянским народом, էջ 337):

Ստեղծված քաղաքական անբարենպաստ պայմանների հետևանքով Վախթանգը կորցրեց իր գահը, իսկ Արևելյան Հայաստանը ենթարկվեց աննկարագրելի հարստահարության` սկզբում թուրքերի, իսկ հետո պարսիկների կողմից: Եվ վերջապես, XVIII դարի վաթսունական թվականներին Հովսեփ Էմինը, գալով Վրաստան, միայն մի երազանք է ունեցել` կազմակեր-պել Վրաստանում հայերից և վրացիներից մեծ ու լավ զինված բանակ և նրա օգնությամբ ա-զատագրել իր հայրենիքը (А.З.Иоаннисян,Иосиф Эмин,Ереван,1945, աշխատությունը):

Հայ-վրացական համատեղ ջանքերը ազատագրության համար շարունակվեցին Հերակլի ժա-մանակ: Հայ ազատագրական շարժման ականավոր ներկայացուցիչներից մեկը` Շահամիր Սուլթանում Շահամիրյանը, որը սերտ հարաբերությունների մեջ է գտնվել Հերակլ թագավո-րի հետ, ամեն կերպ աշխատել է համոզել նրան, որ նա իր վրա վերցնի Արևելյան Հայաստա-նի ազատագրության պատվաբեր միսիան: Շահամիրյանն իր 1787 թ. հոկտեմբերի 15-ին Հե-րակլին գրած նամակում խորհուրդ է տվել ո՛չ միայն ազատագրել Հայաստանը, այլ օգտվե-լով պարսկական իշխանության քայքայված վիճակից, տապալել այն և իշխանության գլուխ կանգնել: Շահամիրյանը գտնում է, որ Հերակլը այդ անելու օրինական բոլոր հիմքերն ունի. ,Ի պակասել սերնդոց սեֆեֆի ժառանգութիւն Պարսից,- գրում է նա,- պարտ է մտածել և ժա-ռանգորդ լինել մի ի սերնդոց երիս վալուս, այսինքն` յԱւիզու կամ Սիստանայ և կամ Գուռջիս-տանայ... և այժմ ունիս իրաւունս ընդ օրինօք նոցա ժառանգել, առաջնորդել ի տեղի նոցա (այսինքն` Սասանյանների)ե (ՀՊՄ, ձեռ. 2949, թ. 277բ): Տիրապետելուց հետո, Շահամիրյանի կարծիքով, կառավարելը հեշտ կլինի, եթե միայն ժողովրդին ազատություն տրվի և կրոնա-կան հանդուրժողականություն ցուցաբերվի: Ինչ վերաբերում է Արևմտյան Հայաստանին, ա-պա իշխանության գլուխն անցնելուց հետո, եթե Հերակլը վերացնի ճորտությունը և լավ կարգ ու կանոն ստեղծի երկրում, ,Լսելի արասցեն նոցա քաղցրութիւն յօրինաց քոց և ազա-տութիւն քոյինե (ՀՊՄ, ձեռ. 2949, թ. 278ա), որից հետո արևմտահայերը հոժարակամ կգան և կմտնեն նրա հովանավորության տակ:

         Վրաստանի ո՞ր վայրերում են գտնվել հայկական գաղթօջախները, և մոտավորապես ինչքա՞ն հայ բնակչություն է ապրել այնտեղ: Այս մասին, դժբախտաբար, սկզբնաղբյուրները աղքատ են և որոշակի տեղեկություններ չեն հաղորդում: Բացի այդ, միջին դարերում, տար-բեր ժամանակներում, փոփոխվել է ինչպես բնակչության թիվը, այնպես էլ բնակավայրը:

Հայկական ամենախոշոր գաղթօջախներից մեկը Վրաստանում գտնվել է Թբիլիսիում:

         XIII դարի ճանապարհորդ Մարկո Պոլոն, իր ,Ուղեգրությանե մեջ նկարագրելով Թբիլի-սին, հետևյալ ուշագրավ տեղեկությունն է հաղորդում նրա բնակչության մասին. ,Այս երկ-րում (այսինքն` Վրաստանում – Ա. Ա.) մի հիանալի քաղաք կա Թբիլիսի անունով, որը շրջա-պատված է արվարձաններով և բազմաթիվ ամրություններով: Բնակիչները քրիստոնյաներ են` հայեր և վրացիներ, կան և մի քանի սառակինոսցիներ և փոքր թվով էլ հրեաներե (Путишествие Марко Поло, перевод И. Минаева, СПБ, 1873, էջ 30): Այս տեղեկության մեջ հայե-րը, ինչպես տեսնում ենք, հիշվում են որպես քաղաքի հիմնական բնակիչներից մեկը:

Հայաստանի Մատենադարանի մի ձեռագրի հիշատակարանում գրիչը խնդրում է հիշել տեղի ծխատեր ութ քահանաներին, որոնց թվարկում է անուններով: Բայց կարող են, անշուշտ, Թբի-լիսիում եղած լինել նաև հայ այլ քահանաներ, որոնք չեն հիշված հիշատակագրի կողմից: Այս հիշատակությունը մեզ որոշ հնարավորություն է տալիս տեղի հայ համայնքի բնակչու-թյան թվի մասին հաշվումներ կատարելու: Եթե ընդունենք, որ յուրաքանչյուր ծխատեր քա-հանա պարտավոր է եղել հովվել 150-200 ծուխ, ապա ութ քահանաները պիտի հովվելիս լի-նեին 1400-ից մինչև 1600 ծուխ, եթե յուրաքանչյուր ծխում, միջին հաշվով, ընդունենք 5 շունչ, ապա Թբիլիսում այդ ժամանակ ապրած պիտի լիներ 7000-8000 հայ բնակիչ:

XVIII դարում Տուրենֆորը Թբիլիսիի բնակչությունը հաշվում է 20.000 հոգի, որից 12 հազարը հայեր են եղել (М.Полиетков и Г. Натадзе, Старый Тифлис в известиях современников, Тбилиси, 1929, էջ 30):

       Հայ բնակչության մի այլ խոշոր հատված գտնվել է Գորի քաղաքում: XVII դարում հայ բնակչությունն այնքան մեծ թիվ է կազմել, որ Էջմիածինն անհրաժեշտ է համարել Վրաստա-նում նոր թեմ կազմել` թեմական առաջնորդի կենտրոն դարձնելով Ուփլիսցիխե ավանը: Հա-կոբ կաթողիկոսը 1660 թ. մի կոնդակ ունի գրած այդ թեմի հայկական համայնքին. ,Ուփլիս-ցիխեի սուրբ նշանի օրհնեալ վիճակի ու թեմի հայազգի քահանաներին, դիվլաթորներին, տանուտերերին և առհասարակ ժողովուրդին...ե (Գ. ք. Աղանյան, (,Տարազե 1919 թ., N 1-12, էջ 44)): Հայ բնակչության մի ստվար հատված եղել է նաև Փոթիում: Դեռևս XV դարի եվրոպա-ցի վաճառականներից մեկը` Ամբրոսիոս Կոնտարինին, 1473-1477 թվականների ուղեգրու-թյան ժամանակ Վրաստանի Փոթի քաղաքի մոտ տեսել և հիշում է հայկական ինը գյուղ (Հ. Հակոբյան, Ուղեգրություններ, Երևան, 1932, էջ 244): Հայկական բնակչության մի խոշոր հատված ապրել է նաև Շամշոլդեում: Ակադ. Ա. Հովհաննիսյանի օգտագործած մի աղբյուրից երևում է, որ Շամշոլդեում XV դարում եղել է մինչև 20 հազար հայ բնակչություն (Ա. Հովհան-նիսյան, Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, II գիրք, էջ 327): Սիմեոն կաթո-ղիկոսը 1763-1767 թթ. գրած իր կոնդակներում հիշում է Թբիլիսին, Գորին, Կախեթը, Քիսեղը և Թելավը` որպես հայկական գաղթօջախներ (Գ. ք. Աղանյան (,Տարազե, 1919 թ., էջ 164)): Նրա կազմած վիճակագրական մի ցանկից երևում է, որ հայերը Վրաստանում ապրել են հետևյալ վայրերում. Թբիլիսի, Գորի, Սուրամ, Կրցխուլա, Ախլգոր, Սայրիսթա, Անանոթ, Դու-շեթ, Այինու ձոր, Սաարսաթյան, Կախեթ, Թելավ և Քիսեղ:

         Վրաստանի հայ գաղթօջախների մասին խոսելիս անհրաժեշտ է նշել այն խոշոր դերը, որ ունեցել են նրանք հայ-վրացական մշակույթների փոխազդեցության բնագավառում: Վրաստանում երկար ապրող հայ մատենագիրը կամ հայ վարպետը տեղացիներին տվել է լավագույն այն ամենը, ինչ նա բերել էր իր հայրենիքից` Հայաստանից և, հակառակը, տեղա-ցիներից վերցրել և իր հայրենիքն է փոխանցել այն ամենը, ինչ դուր է եկել իրեն, ինչը իր սրտին մոտ է համարել:

         Հայ-վրացական մշակութային շփումների առաջին փուլը համարվում են V-VIII դարերը, իսկ շփման ասպարեզը` ստորին Քարթլին և Պաղեստինի հայ-վրացական գաղթօջախները: Պետք է ասել, որ օտարության մեջ գտնվող երկու ժողովուրդների բեկորները, որպես հավա-տակից և մոտիկ հարևաններ, ապրելով կողք-կողքի, մշակույթի բնագավառում զգալի չափով փոխազդել են իրար վրա: Այս շրջանում հայ-վրացական մատենագրության փոխազդեցու-թյունները նկատելի են գլխավորապես կրոնա-կանոնական գրականության բնագավառում: Հայ-վրացական մշակույթների մերձեցման շրջանն է հադիսացել մատենագրության երկրորդ փուլը կամ, ինչպես ընդունված է ասել, Տայք-Կղարջքյան շրջանը, այսինքն` այն ժամանա-կաշրջանը, երբ Տայքի և Կղարջքի գավառներն անցնում են վրաց գերիշխանության տակ, և ստեղծված բարենպաստ քաղաքական իրադրության մեջ վերականգնվում են երբեմնի խամ-րած Իշխանի, Շատբերդի, Միջնաձորի և գրչության նշանավոր այլ օջախները, որոնք և խո-շոր դեր են կատարում հայ-վրացական մատենագրությունները բարձրորակ ստեղծագործու-թյուններով զարգացնելու ուղղությամբ: Այս շրջանում հայերենից վրացերեն են թարգմանվել հայ պատմիչների աշխատություններից որոշ գլուխներ և հատվածներ` Ագաթանգեղոսից, Պատմահայր Մովսես Խորենացուց, Փավստոս Բուզանդից և այլ հեղինակներից: Վրացերե-նից հայերեն են թարգմանվել Եպիփան Կիպրացու, Գրիգոր Նյուսացու աշխատություններից, ինչպես նաև` վարքաբանական որոշ աշխատություններ, որոնք հավաքված են առանձին ժո-ղովածուի մեջ (Լ. Մելիքսեթ-Բեկ, Հայ-վրացական գրական կապերի պատմությունից, ,Էջ-միածինե, 1957 թ., N 7-8, էջ 39):

       Վրացական մատենագրության զարգացման գործում XI դ. առանձնապես խոշոր է եղել մի հայ բարերարի` Գրիգոր Բակուրյանի դերը: Վերջինս Տայքի հայ իշխաններից է, եղել է Անի քաղաքի ամիրապետը, հետագայում ծառայել է բյուզանդական արքունիքում, աչքի է ընկել որպես լավ զինվորական և քաղաքական աշխատող, կալվածք է ստացել Բուլղարիայի Բուչ-կովո քաղաքում և իր կալվածքում հիմնել վրացի և հայ հոգևորականներից բաղկացած միա-բանություն. XI-XIII դդ. այստեղ ծաղկել է վրացական մշակույթի մի հրաշալի օջախ, որը և տվել է գիտության այնպիսի նշանավոր ներկայացուցիչ, ինչպիսին է ականավոր փիլիսոփա Հովհան Պետրիցին (Н.Я.Марр, Аркаун, СПБ, 1905, էջ 19-21):

         Հայ-վրացական մշակույթի մերձեցման ամենափայլուն շրջաններից է հանդիսացել մասնավորապես XI-XIII դդ. ընդգրկող ժամանակաշրջանը, երբ Վրաստանում ստեղծվում է միասնական բավականին հզոր պետություն, և երբ վրացական ֆեոդալական մշակույթը գտնվում էր իր բարձր զարգացման շրջանում: Այս ժամանակ առանձնապես նկատելի է Հա-յաստանում գործող Պղնձահանքի (ներկայիս Ախթալան) գրչության օջախի դերը: Այստեղ վրացերենից հայերեն են թարգմանվել պատմական և փիլիսոփայական մեծարժեք մի շարք աշխատություններ: XII-XIII դդ. վրացերենից հայերեն կատարված թարգմանությունների շար-քում պատկառելի տեղերից մեկը պատկանում է ,Քարթլիս Ցխովրեբաե-ին, որն Անդրկովկա-սի ժողովուրդների պատմության արժեքավոր սկզբնաղբյուրներից է: Նա պարունակում է բազմաթիվ տեղեկություններ ինչպես վրաց ժողովրդի, նույնպես և հարևան մյուս ժողովուրդ-ների պատմության վերաբերյալ: ,Քարթլիս Ցխովրեբաե-ն, ինչպես պարզված է, բաղկացած է վրացական մի քանի պատմական երկերից, որոնցից ամենահին մասի հեղինակը XI դ. պատ-միչ Լեոնտի Մրովելին է: ,Քարթլիս Ցխովրեբաե-ի հնագույն ձեռագիրը գտնվում է Հայաստա-նի Մատենադարանում: Այն ընդօրինակված է XIII դ. 2-րդ կեսին. հրատարակված է երկու ան-գամ (Վենետիկում` 1884 թ. Ա. Վ. Թիրյանի խմբագրությամբ, իսկ երկրորդ անգամ հրատարա-կել է պրոֆ. Ի. Աբուլաձեն, 1953 թ.):      

Պետականության հզորացման շրջանում Վրաստանում հանդես են եկել հայ բանաստեղծներ ու գրողներ, որոնք իրենց համեստ լուման են ներդրել վրաց գրականության մեջ: Այդպիսի հեղինակներից, օրինակ, կարելի է նշել Սարգիս Թմոգվեցուն, ով հայտնի է եղել իր ,Դիրալ-գեւե բանաստեղծությամբ (Սարգիս I Թմոգվեցի) և մեծ հռչակ է ունեցել որպես ,գիտուն փի-լիսոփա և հռետորե: Ըստ մատենագրական տեղեկությունների, նա վրաց արքունիքում գոր-ծող Զաքարյանների բարեկամներից էր:

       Վրացական հողի վրա ավելի ուշ դարերում հանդես եկող, ծագումով հայ` վրաց բանաս-տեղծներից է Փեշանդ Փաշվի-Բերդվաձեն, որը համարվում է վրաց գրականության պատմու-թյան մեջ առաջին հեղինակը, որն իր պոեմների սյուժեն ընտրել է անմիջապես վրաց իրակա-նությունից և սկիզբ դրել ռեալիզմին:

         XVII դարում Վրաստանում գործող, մեծ վաստակ ունեցող հեղինակներից է հանդիսա-ցել Բեկթաբեկը, վրաց Գեորգի թագավորի դիվանապետը, որ կատարել է վրաց ձեռագրերի մի շարք ընդօրինակություններ: Նրան ենք պարտական վրաց հանճարեղ բանաստեղծ Շոթա Ռուսթավելու հնագույն և լավագույն ձեռագրի ընդօրինակման համար, որը կատարված է 1680 թ.: Մեզ հասած այս ձեռագիրը լավագույնն է համարվում բոլոր մեզ հասած ընդօրինա-կությունների մեջ:

       Վրաց պատմագրության և լեզվաբանության մեջ XVII դարում հանդես եկող հեղինակնե-րի մեջ աչքի ընկնող հայերից է Փարսադան Գեորգիջանիձեն: Նա հեղինակ է մի քանի պատ-մա-բանասիրական աշխատությունների: Նրա գրչին է պատկանում ,Վրաց պատմությանըե նվիրված ստվար մի աշխատություն: Նա պարսկերենից վրացերեն է թարգմանել մահմեդա-կան օրենսգիրքը, որը կրում է ,Ջամի Աբասիե վերնագիրը: Եվ վերջապես, Գեորգիջանիձեն է կազմել վրացերեն-արաբերեն-պարսկերեն ընդարձակ բառարանը:

         XVIII դարի վրաց մատենագրության նշանավոր անձնավորություններից մեկը` Սուլ-խան-Սաբա Օրբելիանին, իր կազմած ,Բառարանումե, ի շարս այլ սկզբնաղբյուրների, օգտ-վել է 1666 թ. Ամստերդամում հրապարակված հայկական Աստվածաշնչի հավելվածում զե-տեղված բառացանկից և Երեմիայի բառարանից:

       Հայ և վրաց մերձեցումն ավելի լայն բնույթ է ստանում մասնավորապես XVIII դարի ա-ռաջին քառորդում: Վախթանգ VI և վրաց կաթողիկոս Անտոնի ժամանակ Վրաստանում մեծ աշխատանք է տարվում հայ մատենագրության աչքի ընկնող ստեղծագործությունները թարգմանելու ուղղությամբ: Դրա համար հրավիրվում են մի շարք հայ բանիմաց գրողներ և լեզվաբաններ, որոնք արքունիքի և կաթողիկոսի անմիջական հսկողության տակ սկսում են թարգմանական ծավալուն աշխատանք: Հայ թարգմանիչների մեջ աչքի ընկնող վաստակ են ունեցել Զաքարիա Մատինյանը (Մադինաշվիլին), բազմահմուտ փիլիսոփա Փիլիպոս Ղայթ-մազաշվիլին, Պետրոսը, Սամվելը և ուրիշներ: Թարգմանիչների այդ խմբի ջանքերով հայե-րենից վրացերեն են թարգմանվում Արիստոտելի ,Ստորոգությունըե, Կյուրեղ Աղեքսանդրա-ցու ,Գանձերըե, Եփեսոսի ժողովի պատմությունը, ասորա-հռոմեական կոչվող դատաստա-նագիրքը, Մխիթար Գոշի ,Դատաստանագիրքըե և այլն (Ի. Աբուլաձե. Նոր հուշարձաններ վրաց և հայոց գրական հարաբերությունների մասին անցյալում. ,Բանբեր Մատենադարա-նիե, 1956 թ., N 3, էջ 101-114):

       Հայերենից վրացերեն են թարգմանվում մի շարք դասագրքեր` Մխիթար Սեբաստացու ,Ճարտասանությունըե, ,Քերականությունըե, ,Տրամաբանությունըե, հատվածներ` ,Հայկա-զյան բառարանիցե, Չամչյանի ,Հայոց Պատմությունիցե, Ինճիճյանի ,Աշխարհագրությու-նիցե և այլն: Վախթանգ VI-ի արքունիքի հետ կապված է եղել Նաղաշ Հովնաթանը, ով Թբիլի-սիում է հորինել իր ,Վրաստանի գյոզալներըե նշանավոր տաղը: Եվ վերջապես, Վրաստա-նում է ապրել և ստեղծագործել Անդրկովկասի հանճարեղ բանաստեղծ Սայաթ-Նովան, ով եր-գել է հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն: Նա իր հանճարեղ ստեղծագործություններով փաստորեն մարմնավորել է Անդրկովկասի երեք ժողովուրդների սերտ և անխախտ դարավոր բարեկամությունը: Սայաթ-Նովայից հետո վրացական հողի վրա հանդես եկող աչքի ընկնող բանաստեղծներից է հանդիսացել Չամչի Մելքոնը, ով երգել է ինչպես հայերեն, այնպես էլ վրացերեն: Նշվեցին մի քանի անուններ միայն` կապված գլխավորապես Վրաստանի հայ գաղթօջախների հետ, ցույց տալու համար, որ վրաց հյուրասեր հարկի տակ ապաստան գտած հայ գաղթականները անգործունյա տարր չեն հանդիսացել, այլ գործուն մասնակցու-թյուն են ցուցաբերել ոչ միայն քաղաքական և հասարակական, այլև մշակութային կյանքում և իրենց համեստ ներմուծումները կատարել այդ բնագավառում (հաշվի են առնվել վրացա-գետ Պարույր Մուրադյանի դիտողությունները):

,Հայությունը մի գետ է, որի ջրերը ոռոգում են ո՛չ միայն իր հարազատ հողն ու անդաստանը, այլև թավալում են հուժկու ալիքներ դեպի ընդհանուր քաղաքակրթության օվկիանոսըե (Ն. Ա-դոնց, Արտավան Արշակունի. Պատմական ուսումնասիրություններ, էջ 319):