2018 թվականի նոյեմբերի 23-25-ը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ, Մոսկվայում, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Պայծառակերպության առաջնոդանիստ տաճարի Եկեղեցական համալիրում տեղի ունեցավ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) Ռուսաստանի և Նոր Նախիջևանի, Հարավային Ռուսաստանի, Համաեվրոպական, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի, Վրաստանի Հայոց Թեմերի տարածաշրջանների միացյալ երիտասարդական քառօրյա համաժողովը: Վիրահայոց թեմից հավաքին, Թեմակալ առաջնորդի օրհնությամբ մասնակցում էին Թեմի հոգևոր սպասավոր արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը և երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանը: Ժողովն սկսվեց Տերունական աղոթքով։ Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Գրշ. Տ․ Աշոտ եպս․Մնացականյանը հավաքվածներին փոխանցեց Նորին Սուրբ Օծության հայրապետական օրհնությունն ու պատգամը: Չորսօրյա հավաքին երիտասարդները քննարկեցին «Հայ ընտանիքը Սփյուռքում», «Ժամանակակից հայ ընտանիքի մարտահրավերները», «Պատրաստության կարևորությունը Պսակի Սուրբ Խորհրդից առաջ», թեմերի երիտասարդաց միությունների միջև համագործակցության և փորձառության փոխանակման հարցերը։ Հատկանշական է, որ համաժողովի աշխատանքի առաջին իսկ օրը, Վիրահայոց թեմի երկու պատվիրակները հավուր պատշաճի ներկայացրեցին ընդհանուր առմամբ Վիրահայոց թեմի, ի մասնավորի երիտասարդական բաժնի գործունեությունը, որին ի պատասխան իրազեկվեցին, որ աշխարհասփյուռ հայությունը հանգամանորեն ծանոթ է թեմի գործունեությանը, նրա առաջընթացին և հուզող հարցեին: Հիրավի հագեցած էին հավաքի օրերը: Մասնակիցները հնարավորություն ունեին ներկա գտնվելու առավոտյան և երեկոյան ժամերգություններին, կիրակնօրյա Սուրբ Պատարագին, այցելեցին Ռուս Ուղղափառ Եկեղեցու Մայրավանք, Առաջնորդարանի «Գավիթ» թատրոնում դիտեցին «Անավարտ դատ» ներկայացումը: Հավաքի եզրափակիչ օրը, նոյեմբերի 25-ին Մոսկվայի եկեղեցական համալիրում հանդիսավորությամբ փակվեց Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միավորման ներկայացուցչական հավաքը։ Հավաքը մեկտեղելով աշխարհասփյուռ հայությանը և նրանց հոգևոր հայրերին, միաժամանակ պատեհ առիթ էր երիտասարդների շփման, նոր ծանոթությունների հաստատման, համատեղ ծրագրերի մշակման ուղղությամբ: Կազմակերպչական բարձր մակարդակը, բովանդակալից և հագեցած ծրագրային միջոցառումները հավաքը դարձրին շարժուն, աշխույժ և հետաքրքիր: Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Եզրաս արք․ Ներսիսյանի օրհնությամբ հավաքին մասնակցում էին Ռուսաստանյաց թեմի տարբեր համայնքներից 80 երիտասարդ, որոնցից 20-ը ներկայացնում էին Մոսկվայի «Հայորդյաց տունը»։ Հենց «Հայորդյաց տան» գեղարվեստական համույթներին էլ վստահված էր ելույթ ունենալ երիտասարդական հավաքի փակման հանդիսավոր արարողությանը։ Վիրահայոց թեմը իր շնորհակալությունն է բերում Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական միավորմանը՝ միացյալ երիտասարդական համաժողովի քառօրյա համախմբումը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:
|