1

fb you od

Դսեղցիների այցելությունը Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի տուն PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

2894689222018 թվականի մարտի 23-ին, ՀՀ Լոռու մարզի Դսեղ գյուղի 15 հոգուց բաղկացած խումբը այցելեց Հովհաննես Թումանյանի նորաբաց թբիլիսյան բնակարան: Այցը նվիրված էր Մեծ Լոռեցու մահվան 95-րդ տարելիցին: Այցելուների կազմում էին Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի աշխատակազմի, գյուղապետարանի ներկայացուցիչներ, տեղի դպրոցի ուսուցիչներ:

Ամենայն հայոց բանաստեղծի թբիլիսյան տանը այժմ գործում է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտա-մշակութային կենտրոնը: Շրջայց կատարելով նորոգված սենյակներում, այցելուները հիացմունքով նշեցին թումանյանական այն մթնոլորտը, որ թևածում է կենտրոնում, ստեղծելով լուսահոգի բանաստեղծի կենդանի շունչը:

Կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը, փոխանցելով Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզխանյանի ողջույնը և օրհնությունը, հյուրերին ներկայացրեց տան ձեռքբերման, վերանորոգման պատմությունը, երախտագիտությամբ արժևորելով իշխանական կառույցների և արժանավոր հայորդիների ներդրումը Մեծ Լոռեցու բնակավայրը հոգևոր թեմին վերադարձնելու գործում:Կենտրոնի ղեկավարը խոսեց նաև կենտրոնի ներկա գործունեության ուղղությունների մասին:

Դսեղ գյուղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Ռոզա Ղազումյանը կենտրոնի գրադարանին նվիրեց Սուսաննա Հովհաննիսյանի «Հովհաննես Թումանյանի կյանքը և գործունեությունը» գիրքը, Երևանի Հյոււսիսային համալսարանի հրատարակած «Թումանյանը և 21-րդ դարը» գիտական նյութերի ժողովածուն:

Հյուրերը դիտեցին տիկնիկային թատրոնի հիմնադիր Արմեն Հովհաննիսյանի բեմադրությամբ «Շունն ու կատուն» ներկայացումը:

Դսեղցիների համար անչափ հուզիչ էր գտնվել այն պատշգամբում, որտեղ սիրում էր հանգստանալ բանաստեղծը, մտովի ոգեշնչվեր գրելու իր անմահ գործերը: Տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանը ներկաներին պատմեց մի շարք դրվագներ Թումանյանի հուշերից դսեղցիների մասին, ստեղծելով նրանց ուրախ տրամադրությունը:

Հյուրերը Թումանյանի տան գրադարանը զարդարեցին Դսեղից բերած մանուշակների փնջով, ներկաներին հյուրասիրեցին բանաստեղծի ծննդավայրի բույն ու համը ունեցող հայկական գաթայով:

Դսեղից ժամանած հյուրերը այցելեցին նաև Խոջիվանքի Մեծաց մեծերի պանթեոն և ծաղիկներ խոնարհեցին Անմահ Լոռեցու գերեզմանին ու նրա կողքին հանգչող մեծերի շիրիմներին:

Դսեղցիների այցելությունը, որը իրենք անվանեցին ուխտագնացություն, ավարտվեց Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, որտեղ մոմեր վառեցին և աղոթք արեցին հինավուրց տաճարում ու ծաղիկներ խոնարհեցին անմահ Սայաթ-Նովայի գերեզմանին: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)