Գրական երեկո՝ նվիրված Եղիշե Չարենցին և Սայաթ-Նովային |
Լուրեր |
2017 թվականի դեկտեմբերի 10-ին Վիրահայոց թեմի Բաթումիի Ալ. Մանթաշյանցի անվան կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ գրական – երաժշտկան երեկո՝ նվիրված մեծագույն բանաստեղծ Եղիշե Չարենցի 120- ամյակին և անզուգական աշուղ Սայաթ-Նովայի 305 -ամյակին: Գրական երեկոյին ներկա էին համայնքային գործիչներ, ծնողներ, ուսուցիչներ, աշակերտներ, բազմաթիվ հյուրեր: Հայ երգարվեստի և գրականության անզուգական ներկայացուցիչների ստեղծագործությունները հիրավի ստեղծեցին գրական հիասքանչ շնչով հագեցած երեկո, որի ընթացքում հնչեցին չարենցյան ոգեշունչ բանաստեղծությունները, Սայաթ-Նովայի միշտ սրտամոտ և հուզական երգերը՝ հայկական նազանի պարերի ուղեկցությամբ: Միջոցառմանը մասնակցում էին կենտրոնի «Աղբյուր» երգչախումբը Ռուզաննա Հովհաննիսյանի, ասմունքի խմբակը՝ Սաթենիկ Դանիելյանի և «Հեղնար» պարային համույթը Մերինե Պողոսյանի ղեկավարությամբ: Կենտրոնի սաների գեղեցիկ արտասանությունը, երգն ու պարը պարգևելով հանդիսատեսին մեծ բավականություն, արժանանում էին ներկաների բարձր գնահատականին և ուղեկցվում բուռն ծափահարություններով: Հավարտ գրական երեկոյի, Վիրահայոց թեմի Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը գոհունակություն հայտնեց միջոցառման նախաձեռնող մանկավարժներին և բոլոր մասնակիցներին՝ երեկոն գեղեցիկ կազմակերպելու, ազգի երկու մեծամեծներին հավուր պատշաճի ներկայացնելու համար: Հոգևոր հայրը գնահատանքի խոսքեր ուղղեց «Ալեքսանդր Մանթաշյանց» կրթամշակութային կենտրոնին, որն իր աշխատանքով նվիրված է հայրենիքից հեռու հայապահպանության գործին և հորդորեց ներկաներին ավելի միասնական լինել, պահպանել և որպես հոգևոր սնունդ ընդունել ազգայինը` հայկականը: Միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար ղեկավար ուսուցիչներին և մասնակից աշակերտներին ուղղված շնորհակալության և խրախուսանքի խոսքով հանդես եկավ մշակութային կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը: Վերջինս նշեց, որ Եղիշե Չարենցին որպես հայրենասեր բանաստեղծի, Սայաթ-Նովային՝ որպես աշուղական արվեստի անմահ ներկայացուցչի պետք է ճանաչի, գնահատի ու հպարտանա Հայրենիքից դուրս ապրող յուրաքանչյուր հայորդի, դա նրա և բոլորիս ազգային պարտքն է: Տնօրենը նշեց, որ հայ գրականությանը, մշակույթին ու արվեստին նվիրված նման միջոցառումները կենտրոնում կդառնան շարունակական : Վայելելով Չարենցի հոգեպարար ստեղծագործությունները,Սայաթ-Նովայի անմար երգերն ու տաղերը՝ ցերեկույթի մասնակիցները հաճելի տպավորություններով հեռացան կենտրոնից: |