1

fb you od

Աշուղ Ջիվանու տոնը նշվեց Թբիլիսիում և Կարծախ գյուղում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

1 

2017 թվականի օգոստոսի 27-ին, մեծն Ջիվանի տոնը նշանավորվեց Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում աշուղի տուն-թանգարանի բացմամբ։ Դեռևս անցյալ տարի բացված թանգարանի ցուցասրահը այս տարի համալրվեց հուշային մասով։

Հիրավի օրը տոնական էր աշուղ Ջիվանու ծննդավայրում: Այն մեկնարկեց գյուղի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցված Սուրբ և Անմահ Պատարագով՝հանդիսապետությամբ Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի և մասնակցությամբ Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի: Օրվա պատարագիչն էր Կարծախ գյուղի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը։ Պատարագին ներկա էին ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, ՋԱՀ-ի հոգեբարձուների խորհուրդի նախագահ Սոս Սահակյանը, ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը, Ախալքալաքի շրջանային վարչության մշակույթի բաժնի ղեկավար Վալերի Ստելմաշովը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը,Վիրահայոց թեմի առաջնորդարանի պատվիրակությունը թեմի պաշտոնյաների մասնակցությամբ և այլք։

Հավարտ Սուրբ Պատարագի՝ հյուրերն այցելեցին ՋԱՀ-ի կողմից կառուցված և բարեկարգված Ջիվանու տուն-թանգարան և մասնակցեցին բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա էին Հայաստանի Հանրապետության և Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ և հյուրեր քաղաքամայր Թբիլիսիից, Վրաստանի և Հայաստանի տարբեր քաղաքներից ու շրջաններից:

Տոնական օրն աշուղ Ջիվանու հայրենի Կարծախ գյուղում ավարտվեց գյուղի հարակից բլուրում կայացած մեծ դաշտահանդեսով և հյուրասիրությամբ:

Ավանդության համաձայն, մեծն Ջիվանու մեծարման տոնին հաղորդակից եղան նաև թբիլիսահայերը: «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանի գլխավորությամբ, հայ մտավորականության ներկայացուցիչները նույն օրը առավոտյան հավաքվեցին հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում, որտեղ ամփոփված է Ջիվանու աճյունը:

Այստեղ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն և տարածվեց խնկաբույրը: Արարողությանը ներկա էին Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի պաշտոնյաներ և դերասաններ, թբիլիսահայ մտավորականության ներկայացուցիչներ, ինչպես նաև հյուրեր Հայաստանից: Ներկաները ծաղիկներ զետեղեցին Ջիվանու և մյուս մեծերի շիրիմներին:

1-1 1-2 1-3 1-4 

1-5 1-6 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)