Լուրեր
|
Նոր՝ 2018-2019 ուսումնական տարվա մեկնարկը դարձավ հիրավի պատմական իրադարձություն: Ողջ Վրաստանի դպրոցականների նման 2018 թվականի սեպտեմբերի 17-ին ուսումնական առաջին զանգը հնչեղ ղողանջեց Բաթումիի թիվ 4 վրացական դպրոցի այն առաջինդասարանցիների համար, ովքեր ընդունվել են հայ-վրացական դասարան: Երկլեզու ուսուցմամբ այս ծրագիրը, որն իր նախադեպը չունի Վրաստանում, հնարավորություն է ընձեռում վրացերենին զուգընթաց սովորել նաև հայոց լեզուն և գրականությունը Վրաստանի Կրթության ազգային պետական ծրագրով: Այս նախագիծը Աջարիայի հայազգի մատաղ սերնդին երկրի քաղաքացիական հասարակությանը ինտեգրվելու ճշմարտացի ուղին է: Հայ-վրացական դասարան բացելու նախաձեռնության հեղինակը Վիրահայոց թեմն է, համակարգողը և կազմակերպիչը՝ Աջարիայի, Գուրիայի, Իմերեթիի ու Բաթումի Սբ. Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ արժ. Տեր Արարատ քահանա Գումբալյանը: Սույն նախագծի իրականացմանը իրենց օժանդակությունը ցուցաբերեցին Վրաստանի և Աջարիայի Ինքնավար Հանրապետության կրթության և գիտության նախարարությունները, դպրոցների դեպարտամենտը: Նոր ուսումնական տարվա մեկնարկը տոնական էր: Հայ-վրացական դասարանի առաջին սաներին առաջին զանգի կապակցությամբ շնորհավորեցին և բարի գալուստ մաղթեցին դպրոցի տնօրեն տիկին Մանանա Թավարթքիլաձեն, Բաթումիում ՀՀ Գլխավոր հյուպատոս պարոն Եղիշե Սարգսյանը, ովքեր միանշանակ կարևորեցին երկու լեզուներով մատաղ սերնդի կրթության անհրաժեշտությունը: Արժ. Տեր Արարատ քհն. Գումբալյանը շնորհավորանքի իր խոսքում փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հայրական օրհնությունը և բարեմաղթանքները: Հոգևոր հովիվը իր օրհնությունը հղեց Վրաստանի և Աջարիայի կրթության և գիտության նախարարություններին, թիվ 4 դպրոցի տնօրինությանը և ուսուցչական կազմին՝ հոգևոր թեմի սույն նախաձեռնությանը աջակցություն ցուցաբերելու և հայ երեխային դպրոցում ուսման տարիներին երկրի պետական լեզվին զուգընթաց ծնող ժողովրդի գիրն ու գրականությունը սովորելու հնարավորություն ընձեռելու համար: Այնուհետև առաջին դասարանի դասվար Խաթունա Ցինցաձեն, վրաց լեզվի ուսուցչուհի Նանա Մալաղմաձեն և հայերենի ուսուցչուհի Սաթենիկ Դանիելյանը երեխաներին ուղեկցեցին իրենց գեղեցիկ զարդարված դասասենյակը, որտեղ «Բարի գալուստի» ջերմ խոսքերով նրանց սպասում էր համեղ տորթը: Բաթումիի հայ-վրացական դասարանի սաների հաճախումը դպրոց և վերադարձը տները իրականացվում է հատուկ տրանսպորտային միջոցով,այս դասարանի համար կգործի նաև Երկարօրյա խումբ, որտեղ ուսուցիչների օգնությամբ նրանք կկատարեն տնային առաջադրանքները վրացերենից, մաթեմատիկայից նաև հայերենից: Այս ամենի իրականացման ծախսերը ապահովում են Վիրահայոց Թեմը և Աջարիայի հոգևոր հովվությունը:
|