1

fb you od

Գեղարքունիքի թեմի երեխաները հյուրընկալվեցին Քոբուլեթիում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

AԱրդեն երրորդ տարին անընդմեջ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ, կազմակերպվում է ՀՀ տարբեր շրջանների  երեխաների հյուրընկալությունը Սևծովյա քաղաքում և նրանց ամառային հանգստի ուրախ և հետաքրքիր անցկացումը:

2018 թվականին ևս չխախտվեց Վիրահայոց թեմի Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու ավանդույթ դարձած այս բարեգործական նախաձեռնությունը: Ամառային շոգ օրերին Սև ծովի ափին անցկացրած արձակուրդի օրերը անմոռանալի դարձան Գեղարքունիքի մարզի տարբեր շրջանների այն 16 անչափահասների համար, ովքեր թեմի Մարտունու շրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Գևորգ քահանա Տեր-Բարսեղյանի գլխավորությամբ օգոստոսի 28-ից առ սեպտեմբերի 4-ը հյուրընկալվեցին Քոբուլեթիում, վայելեցին ծովի զովությունը ու առափնյա քաղաքի գեղեցկությունը:

Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության, Բաթումի «Սուրբ փրկիչ» եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի կազմակերպչական և 2նախաձեռնողական ջանքերի արդյունքում, ապահովվեց Գեղարքունիքի երեխաների տեղափոխությունը և կեցությունը հյուրանոցներում, նաև շրջագայությունը Բաթումիում և Քոբուլեթիում:

Ուրախ և հետաքրքիր էր օրը նաև Վիրահայոց թեմի Ալեքսանդր Մանթաշյանց կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում: Կենտրոնի տնօրենի, ուսուցիչների և ակտիվիստների նախաձեռնությամբ, հայաստանցի դեռահասների համար կազմակերպվեցին խաղեր, մրցումներ, նաև հանդիպումներ և քննարկումներ:

1Հյուրընկալվող անչափահասները նաև մասնակցեցին Բաթումի Սբ.Փրկիչ եկեղեցում արժ. Տեր Գևորգ քհն. Տեր-Բարսեղյանի և ուղեկցող դպիրների մասնակցությամբ մատուցած կիրակնօրյա Սուրբ Պատարագին:

ՀՀ Գեղարքունիքի մարզի  երեխաների ծովափնյա հանգստի իրականացման գործում իրենց բարեգործությունը կատարեցին Geneva TOURSe տուրիստական ընկերությունը, տնօրեն Արա Մարուքյանի գլխավորությամբ, տարբեր հյուրանոցային համալիրներ Գրիգոր Մկրտչյանի, Էդուարդ Միքայելյանի, Նառա Գալստյանի ղեկավարությամբ, ինչպես նաև Բաս-Վոյաժ տրանսպորտային ընկերությունը, որը ապահովեց երեխաների ուղևորությունը Բաթումի և վերադարձը իրենց տները:

Գեղարքունիքի մարզից ժամանած դեռահասները, նրանց հոգևոր հովիվը և ուղեկցողները իրենց երախտագիտությունն են հայտնում Վիրահայոց թեմի առաջնորդին, Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովվին, Ալեքսանդր Մանթաշյանց կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնի տնօրենին և աշխատակազմին, հովանավոր կազմակերպություններին և եկեղեցու հավատացյալներին մայր հայրենիքից ժամանած դեռահասներին հյուրընկալելու և ուրախ ու անհոգ հանգստյան օրեր պարգևելու համար: