Լուրեր
|
2018 թվականի հուլիսի 25-ին, Հայ Աաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդարանի նախաձեռնությամբ և առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպս. Գալստանյանի օրհնությամբ, Թեմի կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների խումբը ուխտագնացությամբ ժամանեց Թբիլիսի: Ուխտավորների կազմում էին Բերդ գյուղի Սուրբ Հովհաննես (հոգևոր հովիվ Տեր Արամ քհն. Միրզոյան), Մովսես գյուղի Սբ. Աստվածածին (հոգևոր հովիվ Տեր Աբել քհն. Քարտաշյան), Նոյեմբերյանի շրջանի Սբ. Սարգիս, Կողբի Սբ. Հովհաննես, Իջևանի, Դիլիջանի և հարակից գյուղերի (հոգևոր հովիվ Տեր Սմբատ քհն. Աբրահամյան)եկեղեցիների կիրակնօրյա դպրոցների շուրջ 60 ուսուցիչներ: Հասնելով Թբիլիսի՝ ուխտավորները Սբ. Էջմիածին եկեղեցում աղոթք անելուց և մոմեր վառելուց հետո այցելեցին «Հայարտուն» կենտրոն, որտեղ նրանց դիմավորեց կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը: Վերջինս հյուրերին ներկայացրեց կենտրոնի գործառույթները, դերը և կարևորությունը՝ Վրաստանում ազգային, հոգևոր և մշակութային կոթողները պահպանելու գործում: Հյուրերին իր առաջնորդական օրհնությունը հղեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Վազգեն Սրբազանը մաղթեց ուխտավորներին առաջնորդող արժանապատիվ քահանաներին նվիրյալ և Աստվածահաճո ծառայություն, իսկ ուխտավորներին՝ հավատքի անսասանություն և ուխտի կատարում: Սրբազան հայրն իր բարեմաղթանքները փոխանցեց հոգևոր եղբայր Բագրատ Սրբազանին: Ուխտավորները առաջնորդի օգնական բարեշնորհ Գևորգ սարկավագ Անտոնյանի ուղեկցությամբ այցելեցին հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն, որից հետո եղան Վրաց Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Երրորդություն եկեղեցում: Տավուշցի ուխտավորներին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում դիմավորեցին հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը և հովվի օգնական արժ. Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը: Թեև տավուշցի ուխտավորների այցը Թբիլիսի մեկօրյա էր, բայց նրանք հասցրեցին վայելել Հովհաննես Թումանյանի տուն-կենտրոնի անկրկնելի մթնոլորտը, զգալ Մեծ Լոռեցու տան միշտ հյուրընկալ շունչը: Երեկոյան Թբիլիսիում զբոսանքից հետո, տավուշցի ուխտավորները վառ և անմոռանալի տպավորություններով վերադարձան հայրենիք:
|