Լուրեր
|
2018 թվականի հունիսի 13-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Թբիլիսիի տարբեր բուհերում սովորող ուսանողների և 1+4 ծրագրով վրացական բուհերի վրաց լեզվի նախապատրաստական կուրսի հայազգի սովորողների հրաժեշտի հանդիպումը, որը նաև բուհ ընդունվողների բարեմաղթանքի միջոցառում էր: Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանը, ամփոփելով անցած ուսումնական տարվա ընթացքում «Հայարտուն» կենտրոնում անցկացված հավելյալ նախապատրաստական դասընթացները, շնորհակալություն հայտնեց Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան համալսարանի սոցիալական քաղաքականության և ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանողներ Հարություն Մալխասյանին և Ստեփան Էվաջյանին: Վերջիններիս նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին կազմակերպվում է կամավորական հավելյալ դասընթաց վրացական բուհերի վրաց լեզվի նախապատրաստական կուրսի հայազգի սովորողներին քննությունների ժամանակ մասնագիտական առարկաները վրացերեն հանձնելու հարցում օգնելու նպատակով: Նախագծի հեղինակների հետ միասին դասընթացներին իրենց մասնակցությունը բերեցին Թբիլիսիի Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի բարձր կուրսերի այլ ուսանողներ: Վրաստանի հայաբնակ տարբեր շրջաններից ժամանած շուրջ 70 երիտասարդներ շաբաթական մեկ անգամ ներկա էին գտնվում տարբեր թեմաների մեկնաբանություններին, ստանում իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները և օժանդակությունը: Դասընթացը կազմակերպվել էր չորս ուղղությամբ. բժշկական, իրավաբանական, տնտեսագիտական և հումանիտար բաժիններ ընդունվելու համար: Պարապմունքներն ընթացել են մաթեմատիկայից, ընդհանուր ունակություններից, անգլերենից, անատոմիայից: Կայացել են հանդիպումներ և շնորհանդեսներ միջազգային, իրավական, բիլինգային կրթության թեմաներով:Ներկայացվել են ռեֆերատներ բժշկական, քաղաքացիական կրթության թեմաներով: Կազմակերպվել են մասնագիտական վավերագրական և գիտական ֆիլմերի դիտումներ, անց են կացվել խաղ-մրցույթներ, վիկտորինաներ: Դասընթացների ավարտին նվիրված հանդիպմանը ելույթ ունեցան մասնակից զրոկուրսեցիները: Նրանք իրենց երախտագիտությունը հայտնեցին Վիրահայոց թեմի առաջնորդին, ում օրհնությամբ իրականանում են հավելյալ պարապմունքները և թեմի երիտասարդական բաժնին ու դասընթացների հեղինակներին՝ ցուցաբերած օգնության համար:
|