Լուրեր
|
Հայաստանի Հանրապետության պետականության վերականգման 100-ամյակին և Մայիսյան հերոսամարտերին նվիրված միջոցառումների շրջանակներում, 2018 թվականի հունիսի 16-ին, Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության դահլիճում, տեղի ունեցավ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցի և «Ջավախքի ձայներ» երգչախմբի համատեղ միջոցառումը, որին ներկա էին աշակերտները, նրանց ծնողները, բազմաթիվ հյուրեր: Միջոցառմանը իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ներկա էին նաև Ախալքալաքի Սուրբ խաչ և հարակից գյուղերի հայության հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը և եկեղեցու օգնական հովիվ արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանը: Միջոցառման հիմքում ընկած էր մայիսյան հերոսամարտերին հայ հոգևորականության մասնակցության շեշտադրումը: Փոխառաջնորդարանի կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Զարուհի Բարբարյանի և «Ջավախքի ձայներ» երգչախմբի խմբավար Գայանե Աղաջանյանի անդուլ ջանքերով երեխաները մեկ առ մեկ ներկայացրեցին Մայիսյան հերոսամարտերին հոգևորականների և նրանց ղեկավարած ջոկատների մասնակցության կարևորությունը, կատարած մեծ դերն ու նշանակությունը ձեռք բերած հաղթանակներում: Միջոցառումը դարձավ նաև հրաժեշտի երեկո. Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու երգչախմբի ղեկավար Տիկին Միրա Այվազյանը երկար տարիներ հավաքագրել և ձևավորել է հոգևոր երգչախումբը, որը եկեղեցական մեղեդիների և շարականների գեղեցիկ կատարումներով հնչեղություն է հաղորդել Սուրբ Պատարագներին և մյուս ծիսական արարողություններին: Միջոցառումը հնարավորություն ընձեռեց հարգարժան խմբավարին ասելու գնահատանքի խոսք: Վիրահայոց թեմի և Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության դահլիճում, ներկայությամբ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր դասի, առաջնորդական փոխանորդության պաշտոնեության, Ախալքալաքի շրջանային վարչության երաժշտական դպրոցի մանկավարժական կոլեկտիվի, Սուրբ Խաչ եկեղեցու երգչախմբի ներկա և նախկին սաների՝ Վիրահայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց Տիկին Միրա Այվազյանին՝ իր բազմամյա վաստակի և ջանադիր ծառայության համար: Սրբազան Հայրը, որպես օրհնաբեր հիշատակ վաստակաշատ մանկավարժին փոխանցեց գեղեցիկ սրբապատկեր, իսկ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը՝ շնորհակալագիր: Անակնկալ ունեին նաև երգչախմբի սաները, որոնք եկել էին իրենց սիրելի խմբավարին ուրախացնելու հուշանվերով և ծաղկեփնջով: Հուզումնալի պահը դարձավ նաև երախտագիտության արտահայտություն սիրելի ուսուցչուհուն և խմբավարին:
|