Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցեց Վրաց Ուղղափառ Եկեղեցու ավտոկեֆալության վերականգնման 100-ամյակի հանդիսությանը |
Լուրեր |
2017 թվականի մարտի 24-ին, Վրաստանի խորհրդարանում բացվեց Վրաստանի Ուղղափառ Եկեղեցու ավտոկեֆալության վերականգնման 100-ամյակին նվիրված կոնֆերանս, որին ներկա էին երկրի առաջին դեմքերը, օրենսդիր և գործադիր իշխանությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, Սինոդի անդամները և այլ կրոնական համայնքների ղեկավարներ: Կոնֆերանսին հրավիրված էր նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Կոնֆերանսում Վրաստանի անկախության և ազատության համար պայքարում Վրաց Ուղղափառ Եկեղեցու դերի մասին ելույթ ունեցան և պանծալի հոբելյանը շնորհավորեցին Վրաստանի խորհրդարան նախագահ Իրակլի Կոբախիձեն, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Բանախոսների ելույթներից հետո ներկաները դիտեցին Վրաստանի Ուղղափառ Եկեղեցու ավտոկեֆալության վերականգնման 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որը կազմակերպել էր խորհրդարանի ազգային գրադարանը: Վիրահայոց թեմի առաջնորդը, միջոցառման ավարտին, մոտեցավ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդին և հանուն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, շնորհավորեց Վրաց Եկեղեցու ավտոկեֆալության 100-ամյա հոբելյանի առիթով և Վրաց Պատրիարքին մաղթեց առողջություն և գահակալության արևշատ օրեր: |