1

fb you od

Վիրահայոց թեմի առաջնորդն այցելեց Ախալցխա PDF Տպել Էլ.փոստ

1210 

2015 թվականի հոկտեմբերի 4-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն, ընկերակցությամբ Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի և Մառնեուլի շրջանի ու հարակից գյուղերի հոգևոր հովիվ հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի, այցելեց Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Հավատացյալներով լեփ-լեցուն հայոց եկեղեցում իր անդրանիկ Սուրբ Պատարագն էր մատուցում Թեմի Առաջնորդի կարգադրությամբ Ախալցխա քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, Բորժոմի քաղաքի, Բորժոմի շրջանի Բակուրիան ավանի, Բալանթա, Մոլիթ, Չիխարուլա, Տաբածղուր գյուղերի նորանշանակ հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանը:

Հընթացս Սրբազան Պատարագի, Վիրահայոց թեմի առաջնորդը տեղի հավատացյալներին ներկայացրեց նորանշանակ հոգևոր հորը: Թեմակալ առաջնորդը բարձր գնահատեց արժանապատիվ հոգևոր հայր՝ Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանի շուրջ մեկամյա նվիրական հովվական ծառայությունը Ախալցխայի Սուրբ Գրիրոր Լուսավորիչ եկեղեցում և իր օրհնությունու ու բարեմաղթանքները հղեց Տեր Թորգոմ քահանա Վարդանյանին, խոսեց նրա ստացած հոգևոր կրթության և մատուցած ծառայությունների մասին: Սրբազան Հայրն իր խոնարհումը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ում բարձր տնօրինությամբ և օրհնությամբ Վիրահայոց թեմը վերջերս համալրվեց նոր հոգևոր սպասավորներով, հանձինս հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի և արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի:

Տեր Թորգոմ քահանա Վարդանյանն իր որդիական խոնարհումը բերեց Թեմի առաջնորդին օրհնության համար և հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի վերաբերյալ:

Այնուհետև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երեցատանը Թեմակալ առաջնորդն ու հոգեշնորհ վարդապետները հանդիպում ունեցան տեղի հայության հետ և քննարկեցին տեղացիներին հուզող հարցերը:

Նույն օրը Վիրահայոց թեմի առաջնորդը և նրան ուղեկցողները Ախալցխայի Վահրամ Գայֆեճյանի անվան ստեղծագործողների միությունում ներկա գտնվեցին Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հանրային դպրոցի նախկին տնօրեն, մի քանի գրքերի հեղինակ տիկին Լյուբա Մաթևոսյանի «Ախալցխայի հայերի ինքնապաշտպանությունը 1917-1918 թվականներին» գրքի շնորհանդեսին:

Ներկաներին իր օրհնությունը բաշխեց և գրքի հրատարակությունը բարձր գնահատեց Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը: Հայր Սուրբը արժևորեց Ախալցխայի հերոսական ժողովրդի պատմությունը գրքի միջոցով սերունդներին փոխանցելու վաստակաշատ մանկավարժի նպատակը և մոտեցումը:

12107151 415756401947730 575864406727295019 n 12088542 415756885281015 6511028683120528645 n 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)