Լուրեր
|
2018 թվականի դեկտեմբերի 25-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշեց Սուրբ Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող սարկավագների տոնն է: Այս առիթով Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: Հընթացս Ս. Պատարագի կատարվեց նաև սարկավագական ձեռնադրություն: Այս տարի Ս.․ Ստեփանոսի տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հովնան Սրբազանի ձեռամբ սարկավագական ձեռնադրության արժանացան Գևորգյան հոգևոր ճեմարանի և Քահանայից պատրաստության լսարանի 35 սաներ, որոնց շրջանում էին Վրաստանից երեք ուսանողներ՝ Ալբերտ Արշակյանը, Գիորգի Աբրամյանը և Գիվի Ավետիսյանը: Արարողության ընթացքում Սրբազան Հայրը Ձեռնադրության սուրբ խորհրդի ավարտին անդրադարձավ Սուրբ Ստեփանոսի կերպարին ու նահատակությանը, ապա խոսեց սարկավագության խորհրդի մասին: Սրբազանը ձեռնադրության առիթով շնորհավորեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ողջ միաբանությանը` Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ, ինչպես նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչությանը, նորաթուխ սարկավագների ծնողներին ու հարազատներին: Նորաթուխ սարկավագներին շնորհավորեց և իր օրհնությունը բաշխեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Ս. Պատարագի ավարտին եկեղեցականաց դասը և ներկա բարեպաշտ ժողովուրդը հնարավորություն ունեցան նաև համբուրելու տոնի առիթով Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանից Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի բերված Ս. Ստեփանոսի մասունքով Աջը և ստանալու նրանից բխող օրհնությունը:
|