2018 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 11-ն անց 41 րոպեին աշխարհասփյուռ հայոց Եկեղեցիներում հնչեցին զանգի ղողանջները, աշխարհին ու մարդկությանը հիշեցնելով 1988 թվականին Հայաստան աշխարհը ցնցած աղետալի երկրաշարժի մասին: Այս տարի լրացավ այդ մահաբեր օրվա 30-րդ տարելիցը և ամեն տարվա նման այսօր էլ մարդիկ մոմ վառեցին ու աղոթք արեցին անմեղ զոհերի հոգիների համար: Վիրահայոց թեմի եկեղեցիներում նույնպես ոգեկոչման արարողությունը սկսվեց եկեղեցու զանգերի 30 հարվածով: Տեղերում հոգևոր հայրերի կողմից, սարկավագաց դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստի պաշտոն : Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում հոգեհանգստյան արարողությանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, դեսպանության դիվանագետները, աշխատակազմը: Հայ ժողովրդի անմոռանալի վշտի կապակցությամբ հայոց եկեղեցի այցելությամբ հարգանքի իրենց տուրքը մատուցեցին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Դավիթ Ճիճինաձեն և Ռուսլան Պողոսյանը, բանաստեղծ – թարգմանիչ Գիվի Շահնազարը, Պ.Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, թբիլիսահայ մտավորականներ, հասարակայնության ներկայացուցիչներ,բազում հավատացյալներ: Եկեղեցու հոգևոր հովիվ արժ. Տեր Սամվել քհն. Թորոսյանը անդրադարձ կատարեց հայ ժողովրդին պատուհասած բնական աղետի ավերիչ գործողությանը, արժևորեց առաջինը օգնության ձեռք մեկնած Վրաստանի և վրաց ժողովրդի, աշխարհի բազում երկրների ու ժողովուրդների համակողմանի օգնությունը, որի արդյունքում հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ մահացու հարվածից սթափվելու և ոտքի կանգնելու, ավերված քաղաքներն ու գյուղերը կառուցելու և ամեն տարի այս մահաբեր օրը իր անմեղ զոհերի հոգու խաղաղության համար եկեղեցիներում աղոթելու համար: 30 տարի անընդմեջ հոգեհանգստյան արարողակարգով հայոց եկեղեցին աղոթք է անում իր անմեղ զոհ դարձած որդիների հոգու համար: Հավարտ եկեղեցական արարողության, հավաքվածներին դիմեց Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, մաղթելով, որ աշխարհի ոչ մի անկյունում, ոչ մի ժողովրդի հետ չպատահի նման դժբախտություն, չհանդիպեն նման օրհասական դեպքեր: Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն անդրադարձ կատարելով երկրաշարժի մահաբեր օրվան, արժևորեց հայ ժողովրդի անպարտելիությունը, ցավին ընդդիմանալու և վերստին բարձրանալու ուժը: Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում հոգեհանգստի պաշտոնից հետո ավերիչ երկրաշարժի արհավիրքների մասին ցուցադրվեց նաև վավերագրական ֆիլմ:
|