2018 թվականի նոյեմբերի 11-ին բարեկամական-ճանաչողական այցով Թբիլիսի ժամանեց Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի 40 հոգուց բաղկացած խումբը՝ (7 մանկավարժ, 33 աշակերտ) կենտրոնի տնօրեն Կարինե Թադևոսյանի գլխավորությամբ: Այցի նպատակն էր ծանոթանալ Թբիլիսիի տեսարժան վայրերին, շրջայց կատարել հինավուրց քաղաքի հայկական հետքերով, նաև խորացնել այն բարեկամական-ընկերական կապերը, որ Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի սաների միջև հաստատվել էր դեռևս մայիս ամսին թբիլիսեցիների Ախալքալաք կատարած այցի ժամանակ: Հյուրերին դիմավորեց և ուղեկցեց Թեմի մեկօրյա վարժարանների պատմության ուսուցիչ Ռևիկ Կարապետյանը: Նրանք այցելեցին Մանթաշովյան առևտրական շարքերը, տեսան խոնարհված Սուրբ Նորաշեն եկեղեցին, Սայաթ-Նովայի և Սերգեյ Փարաջանովի հուշարձանները, այնուհետև հյուրընկալվեցին Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում: Կիրակնօրյա Սուրբ Պատարագին մասնակցելուց հետո հյուրերն արժանացան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ջերմ ընդունելությանը և առաջնորդարանի կազմակերպած հյուրասիրությանը: Շարունակելով իրենց շրջայցը Թբիլիսիում, խումբը՝ Մետեխի ամրոցը դիտելուց հետո այցելեց Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի: Հինավուրց եկեղեցում մոմեր վառելուց և աղոթք անելուց հետո նրանք տեղափոխվեցին թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոն: Կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, ներկաներին ողջունեց եվ «Հայարտան» գործունեությունը ներկայացրեց կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը։ Նա խոսքը փոխանցեց ԱԵԿ-ի պատասխանատու Կարինե Թադեւոսյանին, ով արժևորելով նման փոխադարձ այցելությունների նշանակությունը հայեցի դաստիարակության և անհատի ձևավորման գործում, նկարների միջոցով ծանոթացրեց այն մեծ աշխատանքին, որ իրականացնում է կենտրոնն իր երկու մասնաշենքերում ազգայինը պահպանելու, մշակույթը զարգացնելու և ավանդույթները սերունդներին փոխանցելու ուղղությամբ: Բարեկամության կամուրջն էլ ավելի ամրապնդվեց, երբ Վիրահայոց թեմի առաջնորդի հանդիսապետությամբ, կայացավ ‹‹Երկիր Նաիրի›› խորագրով համերգը, մասնակցությամբ երկու կենտրոնների համույթների, ստեղծագործական խմբերի և անհատ կատարողների: Երգեցին հայրենասիրական եւ էստրադային երգեր, պարեցին հայկական ազգագրական պարեր, դուդուկով եվ դհոլով նվագեցին Կոմիտասի ստեղծագործություններից եւ ասմունքեցին Վահան Տերյան ու Համո Սահյան։ ԱԵԿ-ի պատասխանատու Կարինե Թադևոսյանը և ‹‹Հայարտուն ›› կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը փոխանակեցին հուշանվերներ: Միջոցառումն իր օրհնության և գնահատանքի խոսքով եզրափակեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդը կարևորեց փոխադարձ այցերը եւ նմանատիպ միջոցառումները հայապահպանության եւ մշակույթի զարգացման տեսանկյունից, սաների փոխադարձ մերձեցման, բարեկամական կապերի հաստատման և զարգացման նշանակությունը, ինչը նաև ազգային հպարտության, մշակույթի ճանաչման և տարածման միջոց է: Սրբազան հայրն իր գնահատանքը բերեց սաների պատրաստվածության, կենտրոնի ղեկավար Կարինե Թադևոսյանի, ուսմասվար Ռիմմա Ռստակյանի, ուսուցիչներ Վաչագան Ռստակյանի, Սիլվա Ղարղարյանի, Նազիկ Հակոբյանի և մյուսների նվիրական աշխատանքի համար: Ախալքալաքից ժամանած հյուրերը այցելեցին նաև Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն,, որտեղ նրանց դիմավորեց արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը։ Տեր Հայրը ներկաներին պատմեց պանթեոնի մասին, միասին աղոթք արեցին այստեղ հանգչող հոգիների խաղաղության համար: Թբիլիսիի Խաղաղության կամրջի գեղեցկությամբ ավարտվեց Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի սաների և մանկավարժների այցը Թբիլիսի: Ջերմ տպավորությունները դարձան այն բանի առհավատչյան և հույսը, որ երկու կենտրոնների բարեկամության կամուրջը դեռ երկար կձգվի։
|