Լուրեր
|
Սգավոր թբիլիսահայությունը Մեծ Հայ Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ, 2018 թվականի հոկտեմբերի 2-ին, Վիրահայոց թեմի Երիտասարդական բաժնի նախաձեռնությամբ, այցելեց Վրաստանում Ֆրանսիայի հանրապետության դեսպանություն և իր խոնարհումը բերեց Ֆրանսիայի և ՀՀ քաղաքացի, Ֆրանսիայի «Պատվո սեզար» բարձրագույն պետական պարգևի ասպետ և Հայաստանի Ազգային հերոս, իր ժողովրդի նվիրյալ և բարերար, լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին: Թբիլիսահայերի խումբը, որի կազմում էին Թեմի հոգևոր դասը և պաշտոնեությունը, համայնքային կառույցների ղեկավարները, մտավորականներ, հասարակայնության ներկայացուցիչներ, ազգի մեծ զավակի կորստյան ցավով մոմեր վառեց և ծաղիկներ խոնարհեց հանգուցյալ Շառլ Ազնավուրի նկարի առջև: Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ, Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցիների հոգևոր հովիվների և սարկավագների մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ հանգուցյալի հոգու խաղաղության համար: Շառլ Ազնավուրի հիշատակը միշտ վառ կմնա աշխարհի ժողովուրդների հիշողության մեջ:
|