Լուրեր
|
2018 թվականի սեպտեմբերի 27-ին, Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու երեկոյան ժամերգությանը իրենց օրհնաբեր ներկայությունն էին բերել Գերմանիայի Վյուրտեմբեր նահանգի լութերական Եկեղեցու Սինոդի անդամների պատվիրակությունը Վրաստանում Ավետարանական-լութերական Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Մարկուս եպիսկոպոս Շոխի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Սինոդի փոխնախագահ Թեմուր Բարդավելիձեն, Շտուտգարդի Ավետարանական եկեղեցու Սինոդի անդամները, Վրաստանում Ավետարանական-լութերական եկեղեցու հավատացյալներ: Հյուրերին դիմավորեցին Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, արժանապատիվ Տեր Կիրակոս քհն. Սիմոնյանը: Հյուրերը ներկա գտնվեցին երեկոյան ժամերգությանը: Այնուհետև հյուրերը իրենց աղոթքը բարձրացրին ե Հայոց եկեղեցու կամարների տակ: Հավարտ ժամերգության արժ. Տեր Մանուկը ողջունեց Ավետարանական-լութերական եկեղեցու հավատացյալներին, փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Վագեն եպս. Միրզախանյանի օրհնությունը և ողջույնը: Արժ. Տեր Հայրը հյուրերին ներկայացրեց Հովնաթանյանների ընտանիքի տաղանդավոր ներկայացուցիչների ձեռքով նկարազարդված որմնանկարները, պատմեց եկեղեցու պատմությունը և հյուրերին հրավիրեց սեղանատուն՝ հյուրասիրության: Թեյի սեղանի շուրջ արժ. Տեր Մանուկ քահանան հյուրերին իրազեկեց Վիրահայ համայնքի, Վրաստանում հայոց հոգևոր թեմի ձևավորման և այլ հարցերի մասին: Գերմանացի հյուրերը պատմեցին Շտուտգարդի հայ համայնքի հետ ունեցած հարաբերությունների մասին, կարևորեցին իրենց մասնակցությունը ամեն տարի հայ համայնքի կողմից նշվող Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին, հայ համայնքի աջակցությունը Սիրիայի փախստականների ընդունման գործին, ինչպես նաև Շտուտգարդում ամեն տարի անցկացվող էկումենիկ աղոթքին ավետարանական-լութերական եկեղեցու և տեղի Հայոց Եկեղեցու մասնակցության մասին: Գերմանացի հյուրերի հետ թեյախմությունն ընթացավ հարցուպատասխանի ձևաչափով, ջերմ, բարեկամական մթնոլորտում:
|