Լուրեր
|
2018 թվականի սեպտեմբերի 17-ին Վրաստանի բոլոր տիպի ուսումնական հաստատություններում մեկնարկեց նոր՝ 2018-19 ուսումնական տարին: Ուսումնառության սկիզբն ազդարարող դպրոցական զանգը հանդիսավոր պայմաններում հնչեց նաև Թբիլիսիի և Վրաստանի տարածաշրջանների հայկական դպրոցներում: Վրաստանում ներկայումս գործում է 117-ից ավելի հայերեն ուսուցմամբ կրթօջախ, որտեղ սովորում է շուրջ 13 հազար աշակերտ: Քաղաքամայր Թբիլիսիում հայ դպրոցականների առջև դռները բացեցին հայոց դպրոցի կարգավիճակով թիվ 104 դպրոցը, հայկական բաժիններով թիվ 103 և թիվ 132 դպրոցները: Նոր ուսումնական տարվա մեկնարկի հանդիսությունը բացեց թիվ 103 վրաց-հայկական դպրոցի տնօրեն Արչիլ Չխաիձեն: Դպրոցականներին շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսք ասացին Վրաստանի խորհրդարանի անկախ պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն, Վիրահայոց թեմի Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ արժ. Տեր Սամվել քահանա Թորոսյանը, Վրաստանի Կրթության և գիտության նախարարության ազգային ծրագրերի համակարգող Կարինե Մանուկյանը: Ուսումնական տարվա բացման հանդիսությունից հետո դպրոցին իր խոստացած նվերը փոխանցեց Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը: Այնուհետև Թեմի կրթության բաժնի տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը և արժանապատիվ Տեր Սամվել քահանան առաջինդասարանցիներին նվիրեցին Այբբենարաններ և Ընթերցարաններ: Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Թբիլիսիի թիվ 104 դպրոց էին եկել հասարակական կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, դպրոցի նախկին ուսուցիչներ ու շրջանավարտներ: Սպիտակ վերնաշապիկներով զուգված գեղեցիկ ծաղկեփնջերով աղջիկներն ու տղաներն իրենց ուսուցիչների հետ հանդիսավորապես շարվել էին դպրոցի մարզադաշտում, իսկ բակում հավաքվել էին ծնողներ, տատիկներ ու պապիկներ, հյուրեր: Դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանը շնորհավորեց բոլորին նոր ուսումնական տարվա առիթով, նշեց որ տարին լինելու է հետաքրքիր, հագեցած բազում նոր ծրագրերով և մտահղացումներով, որոնք իրականացվելու են աշակերտների,ուսուցիչների, ծնողների ընդհանուր ուժերով: Շնորհավորանքի խոսքով ներկաներին դիմեց Վիրահայոց թեմի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ արժ. Տեր Մանուկ քհն. Զեյնալյանը: Վերջինս փոխանցեց Թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Վազգեն եպս. Միրզախանյանի օրհնությունը և շնորհավորանքները և ոգեկոչեց դպրոցականներին՝ լավ սովորել, եռանդով հաղթահարել ուսման դժվարությունները, քանզի միայն կրթությունն է լավ ապագայի գրավականը: Այնուհետև իրենց դասվարների հետ գեղեցիկ զարդարված դասասենյակ տեղափոխվեցին առաջինդասարանցիները, ովքեր սերտելու են մայրենին, ստանալու են հայեցի կրթություն: Տեր Մանուկ քհն. Երեխաներին բաժանեց Վիրահայոց թեմի նվերները՝ Այբբենարանն ու ընթերցարանները: Նոր ուսումնական տարին կազմ ու պատրաստ սկսեցին Սամցխե Ջավախքի, Քվեմի Քարթլիի տարածաշրջանների շրջանների և գյուղերի, ինչպես նաև Աջարիայի բոլոր տիպի հայկական կրթօջախները:
|