Լուրեր
|
Վիրահայոց թեմում հավուր պատշաճի նշվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը կամ Խաչի փառաբանության տոնը: Տոնը շարժական է, 2018 թվականին այն նշվեց սեպտեմբերի 16-ին: Այն նշանավորվեց Սրբազան Պատարագով, որը մատուցվեց եկեղեցիներում: Ամենուրեք մարդաշատ էին Աստծու տները: Սուրբ խորանին փառավորապես բարձրացվել էր ռեհանով զարդարված խաչը: Հընթացս Սբ. Պատարագի, պատարագիչ քահանաները հավուր պատշաճի քարոզ խոսեցին օրվա խորհրդի մասին, հավատացյալ բազմությանը մեկնաբանեցին գերությունից Տիրոջ խաչափայտի վերադարձի և Գողգոթայում կանգնեցման մասին, որտեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց կամ «Սըրբխեչ»: Խոսվեց հավատքի կարևորության և Խաչի նշանակության մասին և հորդորեցին ներկաներին ապրել հավատքով և քրիստոնեական պատգամներով: Խաչվերացի տոնը կատարվում է մեծ հանդեսով: Երեկոյան մի ափսեի վրա բազմեցնում են Կենաց փայտի մասունք պարունակող խաչը, այն զարդարում ռեհանով ու բազմերանգ ծաղիկներով և վրան վարդաջուր ցողում: Ապա խաչը թափորով բերում են եկեղեցու գավիթ և դրանով տյառնագրում աշխարհի չորս կողմերը: Ուրախանում է երկինքը, ցնծում է երկիրը և պայծառանում մայր Եկեղեցին, քանզի քառաթև վայելչական պսակով զարդարվեց նրա գլուխը, որը սրսկված է Աստծու Որդու Արյամբ: Նույն օրը Թեմի եկեղեցիներում տեղի ունեցավ Սուրբ Խաչի վերացման փառաբանողական արարողություն: Հավարտ երեկոյան ժամերգության կատարվեց Սուրբ Խաչի թափոր: Տեղերում հոգևոր դասի առաջնորդությամբ Խաչը պտտեցվեց Եկեղեցու չորս կողմերում և ժողովուրդը օրհնվեց վարդաջրով: Շարականների երգեցողությամբ պտույտներն ավարտելուց հետո, օրհնվեց ռեհանը, որը համարվում է խաչի ծաղիկ: Օրհնված ռեհանը բաժանվեց հավատացյալներին: Ախալքալաքիում Սուրբ Խաչի թափորը հոգևոր դասի առաջնորդությամբ շրջեց քաղաքի փողոցներում, ժողովրդին շնորհավորելով Տաղավար տոնի կապակցությամբ, իսկ Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցուց հետո ժողովուրդը ներկա գտնվեց տոնին նվիրված Ռաֆայել Ջավախի կենտրոնի համերգին: Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում այս տարի ևս ավանդույթը չխախտվեց և տոնը նշանավորվեց հարիսայի հյուրասիրությամբ: Խաչի փառաբանությունը տոնի վերածվեց նաև Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սբ. Էջմիածին, Ախալցիխեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Մառնեուլիի, Թեթրիծղարոյի, Ծալկայի շրջաններում և գյուղերում գործող հայկական եկեղեցիներում: Երկուշաբթի առավոտյան Վիրահայոց թեմի եկեղեցիներում մատուցվեց հանգուցյալների հիշատակի Սբ. Պատարագ և կատարվեց հոգեհանգստյան կարգ:
|