2018 թվականի սեպտեմբերի 10-ին, Վրաստանի գրողների միության հարյուրամյա դահլիճը հյուրընկալել էր վրացի և հայ բանաստեղծական խոսքի սիրահարներին, հայ-վրացական գրական կապերը գնահատողներին: Այստեղ ժողովուրդների բարեկամությանը, գրական կապերի խորացմանը, միմյանց գրական խոսքով մերձենալու անհրաժեշտությանը նվիրված հերթական միջոցառումն էր, որի հենքը տաղանդավոր բանաստեղծուհի Սոնա Վանի վրացերեն թարգմանված երկրորդ գրքի շնորհանդեսն էր: Աշխարհի 15 լեզուներով թարգմանված, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Լիբրետո անապատի համար» բանաստեղծությունների ժողովածուն վրացի ընթերցողին ներկայացվեց հայտնի բանաստեղծ - թարգմանիչ Գիվի Շահնազարի թարգմանությամբ: Գիրքը խմբագրել էր բանաստեղծուհի Մաղվալա Գոնաշվիլին, իսկ նկարչական ձևավորման հեղինակն էր Գիորգի Ծերեթելին: Երեկոն բացեց Վրաստանի Գրողների միության համանախագահ Մաղլավա Գոնաշվիլին: Գիրքը գնահատելով, որպես հայ- վրաց գրական կապերի շարունակություն,նա նշեց այն հուզական շեշտադրության մասին, որը անտարբեր չի թողնում ընթերցողին, իսկ այս դեպքում արդեն` վրաց ընթերցողն է մասնակից դառնում Սոնա Վանի պատերազմի և մարդու ոչնչացման բնազդի դեմ պայքարին: Տիկին Գոնաշվիլին բարձրաձայնեց տաղանդավոր բանաստեղծուհի Սոնա Վանին Վրաստանի գրողների միության պատվավոր անդամ ընդունելու որոշումը և նրան փոխանցեց անդամության գրքույկ: Իր օրհնաբեր ներկայությամբ դահլիճում էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ով իր խոսքում գնահատեց հայ-վրացական գրական կապերի կարևորությունը, արժևորեց երկու ժողովուրդների գրականությունները միմյանց ծանոթացնելու այն առաքելությունը, որը իրականացնում են երկու երկրների գրողների միությունները և ճանաչված գրող-թարգմանիչները և իր պատրաստակամությունը հայտնեց մշտապես նպաստել այդ կապերի զարգացմանը: Թարգմանության հեղինակ Գիվի Շահնազարը խոսեց Սոնա Վանի պոեզիայի մասին, արժեվորելով հուզական թափն ու խնդրի կտրուկ հարցադրման բանաստեղծական նրա որոշակիությունը: Վերջինս «Լիբրետո Անապատի համար» վրացերեն գրքից կարդաց մի հատված: Սոնա Վանի պոեզիայի հանդեպ իրենց գնահատանքի խոսքն ասացին դերասան Ժանրի Լոլաշվիլին, գրողներ Բադրի Քութաթելաձեն, Մանանա Գորգիշվիլին, Դենիկո Լոլաձեն, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը և ուրիշներ: Սոնա Վանի բանաստեղծությունները հայերենով հնչեցրեց ՀՀ վաստակավոր արտիստ, ասմունքող Սիլվա Յուզբաշյանը: Միջոցառման առիթով հատուկ Ամերիկայից ժամանած Սոնա Վանը շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպիչներին, նշեց, որ «Լիբրետո անապատի համար» գրքի թիրախը պատերազմն է, ցեղասպանությունը: «Պատերազմը կնոջ միակ բնական թշնամին է: Մենք զավակներ ենք արարում, իսկ պատերազմը սպանում է նրանց մարտադաշտում: Նա, ով այո է ասում երջանկությանը, ոչ է ասում պատերազմին: Կարող եմ ասել, որ ես «զենք» եմ տեղափոխել բոլոր այն երկիրները, որոնց լեզուներով թարգմանվել է գիրքը,- իր խոսքում ընդգծեց բանաստեղծուհին: «Լիբրետո անապատի համար» ստեղծագործությունը հոկտեմբերին կներկայացվի Քենյայի բանաստեղծական փառատոնին: Իսկ մինչ այդ` բանաստեղծուհին կմեկնի Չինաստան մասնակցելու ‘’Belt and World’’ պոետական միջազգային փառատոնին: Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» լեհերեն թարգմանված գիրքն արժանացել է Կլեմենս Յանիցկու անվան Յանիցիուս միջազգային մրցանակի: Սոնա Վանին Լեհաստանում շնորհվել է Պոեզիայի և Արվեստի ՀՈՄԵՐ Եվրոպական մեդալ:
|