2018 թվականի օգոստոսի 29-ին, Վիրահայոց թեմում,ամառային արձակուրդից հետո, մեկնարկեց աշխատանքային գործունեության երկրորդ կիսամյակը: Վիրահայոց թեմի առաջնորդարանում և «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնում առանձին-առանձին աշխատանքային առաջին օրը սկսվեց տնօրհնեքի արարողությամբ: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ և հոգևորականաց դասի մասնակցությամբ, թեմի աշխատակիցները ներկա գտնվեցին ծիսական արարողություններին: Հոգևոր դասի կողմից շարականների ու աղոթքների երգակցությամբ Թեմակալ առաջնորդը խաչով օրհնեց աղը, հացը, ալյուրը, ջուրը և գինին, որոնք ունեն կենսական նշանակություն և կարևոր խորհրդանիշեր են նաև հոգևոր կյանքում: Հետո օրհնված ջրով խաչաձեւ ցողեց առաջնորդարանի, աշխատասենյակների, կենտրոնների սրահների պատերը: Տնօրհնեքի արարողության ավարտին, Վազգեն Սրբազանը ներկաներին շնորհավորեց նոր աշխատանքային կիսամյակը սկսելու կապակցությամբ, իր գնահատականը բերեց հոգևոր հայրերին և Թեմի աշխարհիկ կազմին, հորդորեց պատասխանատվության զգացումով և նվիրումով շարունակել աշխատանքները՝ ի նպաստ Հայոց Եկեղեցու շուրջ վիրահայերի մերձեցման, Վրաստանում հայ մշակույթի, հոգևոր և պատմական արժեքների պահպանության և զարգացման: Հիշեցնենք, որ ամառային արձակուրդի օրերին, վերանորոգվեցին և բարեկարգվեցին Սուրբ Գևորգ եկեղեցու առաջնորդարանը, գրադարանային կենտրոնը, երկու եկեղեցիների քահանաների և պաշտոնեության աշխատասենյակները, Թեմակալ առաջնորդի «Հայարտուն» նստավայրը, «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնի սրահները: Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիներում նոր ոգևորությամբ սկսվեց աշխատանքային գործունեությունը: Ընթացքի մեջ է Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարան և մայրենիի ուսուցման մեկօրյա վարժարաններ սաների ընդունելությունը:
|