Երեխաների ուրախ հանգիստը Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակային ճամբարում |
Լուրեր |
2018 թվականի օգոստոսի 1-ին, Ախալքալաքում մեկնարկեց ավանդական քրիստոնեական Սուրբ Խաչ բակային ճամբարը։ Այն տարիներ ի վեր գործելով Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցու հովանու ներքո, այս տարի ևս իր ծրագրում ընդգրկեց տարբեր տարիքի երեխաների, նրանց ամառային հանգիստը դարձնելով համակարգված, առողջարար, հագեցած ուրախ և զվարթ միջոցառումներով: Օրհնությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, ճամբարի հովանավորությունը ստանձնեց «Ջինիշյան հիշատակի հիմնադրամը»։ Ախալքալաքի և հարակից գյուղերի շուրջ 150 երեխաներ 15 օրերի ընթացքում իրենց ամառային ցերեկային հանգիստը անց են կացնում այստեղ: Ճամբարային հանգստի ծրագրով, երեխաների օրն սկսվում է տեղի Սուրբ խաչ եկեղեցում՝ Տերունական աղոթքով և Առավոտ լուսո» շարականի կատարմամբ: Ճամբարային ժամանակահատվածում երեխաները մասնակցում են հոգևոր զրույցների, սովորում աղոթքներ, ազգագրական երգ ու պար, խաղում սպորտային և ինտելեկտուալ խաղեր, ձեռք բերում նոր ընկերներ և հաստատում նորանոր ծանոթություններ: Վիրահայոց թեմի առաջնորդը իր օրհնությունն ու գնահատանքն է հղեց «Ջինիշյան հիշատակի հիմնադրամին»՝ հովանավորության և Ախալքալաքի շրջանային վարչությանը՝ Ախալքալաքի քաղաքային այգու և հարակից սպորտային հրապարակի տարածքները տրամադրելու, երեխաների ամառային հանգիստը, հետաքրքիր և արգասաբեր դարձնելու համար: |