Լուրեր
|
2018 թվականի հուլիսի 22-ից 25-ը Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի չորս ակտիվիստներ ՀՀ Աղվերանի հանգստավայրում մասնակցեցին Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կազմակերպած քաղաքացիական դասընթացներին: Հիմնադրամի նպատակն է սույն դասընթացների միջոցով օգնել երիտասարդներին իրենց մտահղացումները տարբեր նախագծերի և ծրագրերի տեսքով արտահայտելու գործում և աջակցություն ցուցաբերել դրանցից լավագույնների իրականացմանը: Դասընթացին մասնակցում էին Երևանի, Վանաձորի, Գորիսի, Թբիլիսիի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները: Վիրահայոց թեմի երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էին թեմի երիտասարդական բաժնի ակտիվ անդամներ Էմիլ Սարգսյանը, Ստեփան Էվաջյանը, Ռոզիտա Գամբարովան և Աննա Միսկարյանը: Վերջիններս հանդես եկան իրենց առաջարկություններով, որոնք վերաբերում էին Թբիլիսիի Վերեի գերեզմանատան և Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնի բարեկարգման աշխատանքներին, որ պարբերաբար իրականացվում է երիտասարդ կամավորական ջոկատների կողմից: Վիրահայ երիտասարդները բարձրացրեցին նաև սահմանամերձ գյուղերում ընդհանրական մկրտություններ իրականացնելու հարցը և այն ակտիվացնելու խնդիրը, որը հիմնադրամի ղեկավարների կողմից արժանացավ հավանության և դարձավ քննարկման ենթակա: Դասընթացի մասնակիցները նաև լսեցին հայ մշակութային արժեքների պահպանության և զարգացման, հայապահպանության հարցերին վերաբերող դասախոսություններ: Դասընթացի ուղեկից նպատակն էր խաղ-մրցույթների միջոցով ծանոթացնել և մտերմացնել տարբեր վայրերից ժամանած երիտասարդներին միմյանց հետ, ինչը կնպաստի հետագա համագործակցության զարգացմանը և խորացմանը:
|