Լուրեր
|
2018 թվականի մայիսի 30-ին, երկօրյա պաշտոնական այցով Վրաստան ժամանեց ՀՀ պատվիրակությունը նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Թբիլիսիի օդանավականում կայացավ հյուրերի դիմավորման հանդիսավոր արարողություն: Դիմավորողների շրջանում էր նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Մայր հայրենիքի կառավարության նորընտիր անդամները, ում համար այցը նաև ճանաչողական բնույթի էր, նույն օրը այցելեցին Վիրահայոց թեմի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի և «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոն: ՀՀ կառավարության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և կառավարության տարբեր ոլորտի նախարարներին դիմավորեցին հոգևոր սպասավորները և թեմի պաշտոնեությունը Վիրահայոց թեմի առաջնորդի գլխավորությամբ: Թեմակալ առաջնորդը և բաժինների ղեկավարները հյուրերին ներկայացրեցին Թեմի կրթական, մշակութային և երիտասարդական բաժինների գործունեությունը և շնորհակալություն հայտնեցին ՀՀ կառավարությանը Թեմին և Թեմի հովանու ներքո գործող կենտրոններին ցուցաբերված աջակցության և օգնության համար: Օրվա երկրորդ կեսին վարչապետ Փաշինյանը և պատվիրակության անդամները այցելեցին Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն:Վարչապետին և մյուս հյուրերին դիմավորեցին վիրահայ համայնքի բազում անդամներ՝ հոգևոր ծառայող արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանի գլխավորությամբ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պատվիրակության անդամները ծաղիկներ զետեղեցին Հովհաննես Թումանյանի, Րաֆֆու, Սունդուկյանի և մյուս երևելիների տապանաքարերին: Պանթեոնից հետո ՀՀ վարչապետի և պատվիրակության անդամների ավտոշարասյունն ուղղվեց դեպի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի: Մեյդան թաղամասը լեփ-լեցուն էր մարդկանցով: Թբիլիսահայ համայնքի հազարավոր մարդիկ եկել էին հանդիպելու արդարության համար պայքարի առաջնորդին: ՀՀ վարչապետին և պատվիրակության անդամներին դիմավորեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ հոգևոր դասի հետ միասին:Սուրբ Գևորգ առաջնորդանիստ Եկեղեցու բակում Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին ավանդական աղ ու հացով: ՀՀ վարչապետը և պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին Սայաթ-Նովայի շիրիմին: Եկեղեցու ներսում վարչապետին և մյուս հյուրերին ողջույնի խոսքով դիմեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Սրբազան հայրը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին համաժողովրդական շարժման հաղթական ավարտի, վարչապետ ընտրվելու և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով: Մաղթեց նրան, ով ստեղծել է Հայաստանի բարգավաճման և ժողովրդի բարեկեցության տեսիլքը, ստանձնել այդ տեսիլքը իրականացնելու ծանր խաչը, շարունակել հաղթական քայլն առաջ, համայն հայության միասնությամբ: Ներկաներին հորդորեց վարչապետի կողքին կանգնելով, թեթևացնել շալակած խաչը և իրականություն դարձնել բարգավաճ, հաղթական և խաղաղ հայրենիքի հույսերը: Սրբազան Հայրը արժևորեց վրաց իշխանությունների հոգատար վերաբերմունքը հայոց հոգևոր թեմի և հայ համայնքի նկատմամբ, կարևորեց վիրահայ համայնքի դերը հայ-վրացական բարեկամական կապերի զարգացման գործում: Վիրահայոց թեմի առաջնորդը ՀՀ վարչապետին նվիրեց IDеА հիմնադրամի հրատարակությամբ Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու վերակառուցմանը նվիրված քառալեզու գիրք-ալբոմը: Վիրահայ համայնքի անդամներին ողջույնի խոսքով դիմեց Հայաստանի Հանրապետության վարչապետը: Նիկոլ Փաշինյանը բարձր դասեց հայ-վրացական դարավոր հարաբերությունները, վիրահայ համայնքն անվանեց այն կամուրջը, որը պետք է ամրապնդի և խորացնի դարերի պատմություն ունեցող երկու ժողովուրդների բարեկամությունը և համոզմունք հայտնեց պատմության էջերով իրար շատ նման Հայաստան և Վրաստան երկրների առաջընթացի մաին: Վարչապետ Փաշինյանի ելույթն ուղեկցվում էր բուռն ծափահարություններով և «Նիկոլ-Նիկոլ» վանկարկումներով: Նիկոլ Փաշինյանն իր խոսքն ավարտեց Հայաստանի և Վրաստանի հաղթանակների ոգեկոչումով: Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվեց նաև Թբիլիսիի Սովորող Երիտասարդության պալատում Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակին նվիրված ցուցատախտակի բացմանը: Այնուհետև Թբիլիսիի ավագանու շենքում Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի առիթով կայացավ ընդունելություն, որը կազմակերպել էր Վրաստանում ՀՀ դեսպանությունը: Ընդունելությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Երկու գործընկերները իրենց երկրների պետական լեզուներով ներկաներին շնորհավորեցին պանծալի 100-ամյա հոբելյանի առիթով: Տոնական միջոցառումն ընթացավ Հայաստանից հրավիրված «Գողթ»երաժշտական խմբի կատարումներով:
|