Լուրեր
|
Հայոց ցեղասպանության սրբադասված միլիոն ու կես զոհերի հիշատակը Սուրբ և Անմահ Պատարագով ոգեկոչեցին Վիրահայոց թեմի Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում: 2018 թվականի ապրիլի 24-ին եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Բաթումի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը: Սրբազան արարողությունը պատվել էր Բաթումում ՀՀ Գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը՝ տիկնոջ հետ: Հավարտ հոգևոր արարողության, ներկաները դիտեցին եկեղեցու մոտ Ցեղասպանության փաստերը ներկայացնող վավերագրական աշխատանքների ցուցահանդեսը: Այնուհետև եկեղեցու բակում կանգնեցված Ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ կատարվեց բարեխոսական կարգ: Խաչքարի մոտ ոգեկոչման խոսքով ելույթ ունեցան Աջարիայի հայության հոգևոր հովիվը և Բաթումում ՀՀ Գլխավոր հյուպատոսը: Ներկաները ծաղիկներ խոնարհեցին Սրբադասված նահատակների հիշատակի խաչքարին:
|