1

fb you od

Հոգևոր երգի էկումենիկ երեկո Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի ապրիլի 19-ին, Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցին քրիտոնեական սիրով իր գիրկն էր առել Լատինական-Կաթոլիկ, Ավետարանական-լութերական, Ավետարանական-Մկրտական և  ասորիկ  քաղդեական կաթոլիկ եկեղեցիների հավատացյալներին  իրենց առաջնորդների և  երգչախմբերի հետ: Բազմամարդ էր եկեղեցին, հավատացյալների  նկատելի աշխույժ իրարանցումով և բարեսիրտ ժպիտներով: 1
Եկեղեցու ներսում պատվավոր տեղեր էին զբաղեցրել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Լատինա-Կաթոլիկ Կովկասյան Առաքելական վարչության առաջնորդ Գերաշնորհ Ջուզեպպե եպիսկոպոս Պազոտտոն, Վրաստանում Ավետարանական-լութերական Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Մարկուս եպիսկոպոս Շոխը, Վրաստանում Ավետարանական-մկրտական Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Մալխազ եպիսկոպոս Սոնղոլաշվիլին, Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, կրոնական այլ կազմակերպությունների ղեկավարներ, տարբեր եկեղեցիների հոգևոր սպասավորներ, բազում հավատացյալներ:
Երեկոյին ներկա էր Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը՝ դեսպանության դիվանագետների ընկերակցությամբ:
Վրաստանում գործող քրիստոնեական միջեկեղեցական խորհրդի 2018 թվականի նախագահող Վիրահայոց թեմի առաջնորդի առաջարկությամբ և  նախաձեռնությամբ, երկար տարիների 2դադարից հետո Վրաստանում վերականգնվեց հոգևոր երգի էկումենիկ երեկո անցկացնելու ավանդույթը և որոշվեց այն ամեն տարի Սուրբ Հարության տոնից հետո վերստին իրականացնել  խորհրդի անդամ տարբեր եկեղեցիներում:
Հոգևոր երգի էկումենիկ անդրանիկ համերգը կայացավ Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում  «Սիրեցեք միմյանց» (Հովհ. 13.34) խորագրով: Երեկոն  դարձավ բարության, սիրո, ներողամտության և համբերության  կոչ՝ ընդդեմ  բռնության և ատելության:
Միջոցառումը մեկնարկեց ներկաների կողմից իրենց մայրենի լեզուներով  Տերունական աղոթքով,  որից հետո երեկոյի կազմակերպիչներ և վարողներ  Միքայել Ավագյանը և Նինա Սերոպովան  վրացերեն և  անգլերեն ներկայացրեցին Վիրահայոց թեմի առաջնորդի ողջույնի խոսքը՝ ուղղված ներկաներին: Թեմակալ 3առաջնորդն իր ուղերձում անդրադարձ կատարեց  103 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից իր բնօրրանում ապրող հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությանը, որի շարունակությունը դարձան հրեաների, եզդիների դեմ և Ռուանդայում իրականացված ոճրագործությունները: Ահա նման էկումենիկ միջոցառումները  տարբեր լեզուներով հնչող շարականների, մեղեդիների և տաղերի  միջոցով մարդկանց պետք է ներշնչեն բարություն, աշխարհը դարձնեն առավել գեղեցիկ ու բազմազան- հնչեց Թեմակալ առաջնորդի խոսքում:
Համերգը բացեց Վրաստանում  Ավետարանական-Մկրտական Եկեղեցու «Քորալի» երգչախումբը, Մերաբ Վարդոսանիձեի և Մակա Մազմիշվիլիի գլխավորությամբ: Այնուհետև հնչեցին  շարականներ ու տաղեր, ինչպես նաև  աղոթակիր-աղերս մեղեդիներ Վրաստանում Ավետարանական-լութերական եկեղեցու  «Գլորիա» երգչախմբի (խմբավար Նատալյա Չագանավա),  ասորիկ քաղդեական կաթոլիկ եկեղեցու  (խմբավար Իլոնա Բիլյանովա) Վրաստանի կաթոլիկ եկեղեցու (Կարինա Օսիպովա) երգչախմբերի 4կատարմամբ:
Հյուրընկալ Վիրահայոց թեմը ներկայացրեցին Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու երգչախումբը Լուիզա Վարդանյանի ղեկավարությամբ և Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու Մակար Եկմալյան երգչախումբը  Սվետլանա Տատոևայի գլխավորությամբ: Հովնաթանյանների որմնանկարներով զարդարված հինավուրց եկեղեցու Աստվածավայել գեղեցկությանը ներդաշնակվեցին  Քրիստոսի լեզվով՝ արամերենով,նաև հայերեն,  վրացերեն, իտալերեն, եբրայերեն, գերմաներեն լեզուներով հուզական, հոգեթով և հմայիչ շարականները, դառնալով խաղաղության ու սիրո աղոթք  առ Աստված:
Երեկոն եզրափակվեց գերաշնորհ եպիսկոպոսների օրհնության և գնահատանքի խոսքով,  միանշանակ ընդգծելով, որ հոգևոր երգը, էկումենիկ աղոթքը  Աստծու հետ  խոսքի միակ լեզուն է:
Հուզառատ համերգից իրենց տպավորությունները ներկաները կիսեցին եկեղեցու բակում կազմակերպված թեյով հյուրասիրության սեղանի շուրջ: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)