Վիրահայոց թեմում հավատացյալներին բաժանվեցին զատկական նվերներ |
Լուրեր |
2018 թվականի մարտի 31-ին, Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով, Սուրբ Զատկի նախօրեին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի եկեղեցիներում հավատացյալներին բաժանվեցին զատկական նվերներ: Բարեգործական գործողությունը նախաձեռնել էին Վիրահայոց Թեմի հոգևոր ծառայողները, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը, եկեղեցասեր տիկնանց խմբերը, կամավորներ և անհատ բարերարներ: Եկեղեցիների խաչի քավորների, «Բեբոս լավաշի», «Մայիսբար» ընկերությունների, բարերարների և հավատացյալների, ընտանիքի կողմից լուսահոգի Հասմիկ Սարգսյանի այս նպատակով հավաքած համեստ գումարի նվիրատվություններով տոնական բարիքներով նվերներ ստացան բազում կարիքավոր, միայնակ և հաշմանդամ ծերեր, բազմանդամ ընտանիքներ: Նախքան նվերների բաժանումը հոգևոր հայրերը ներկաներին փոխանցեցին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հայրական օրհնությունը և գալիք Զատկական շնորհավորանքները: Եկեղեցում հավաքված հավատացյալները և բարեգործական գործողության մասնակիցները հոգևոր դասի հետ միասին աղոթք բարձրացրին ի փառս Հայոց Եկեղեցու և ամենազոր Աստծու: Նվերների բաժանման գործողությանը, որ տարիներ շարունակ Վիրահայոց թեմի եկեղեցիներում իրականացվում էր հոգևոր ծառայողների նախաձեռնությամբ, այս տարի արդեն ընդգրկվեցին եկեղեցասեր տիկնանց խմբերը՝ երեցկանանց և այլ կամավորների անմիջական մասնակցությամբ: |