Ուխտագնացություն Ախալցիխեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի |
Լուրեր |
2018 թվականի մարտի 17-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Վիրահայոց թեմի Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան եկեղեցում: Օրը խորհրդավոր էր, քանզի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում էր Հայոց առաջին Հայրապետի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի հիշատակին նվիրված երեք տոներից առաջինը՝ Սրբի մուտն ի Վիրապ և Խոր Վիրապում կրած չարչարանքները: Եկեղեցին լեփ-լեցուն էր: Տեղի հավատացյալներին միացան տոնի կապակցությամբ Սուրբի անունով Եկեղեցի ժամանած ուխտավորների խումբը Թբիլիսիից՝ արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի առաջնորդությամբ և Ախալքալաքից, մերձակա գյուղերից ժամանած հավատացյալների խումբը՝ արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի գլխավորությամբ: Սուրբ Պատարագին ներկա էին տեղական իշխանությունների ներկայացուցիչները, պաշտոնյաներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, բազում հավատացյալներ: Համաքրիստոնեական սրբի տոնին բացվեց Եկեղեցու վարագույրը և հավատացյալները ունեցան հաղորդություն ստանալու հնարավորություն: Հընթացս Սբ. Պատարագի, Վազգեն Սրբազանը, հավատացյալներին ուղղված քարոզի խոսք ասաց օրվա խորհրդի մասին: Ներկաները հետաքրքրությամբ ունկնդրեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի քրիստոնեական հավատքի համար կրած չարչարանքների, նրա մուտքը ԽորՎիրապ, 13 տարվա ընթացքում դրսևորած մեծ կամքի, դիմադրության ուժի և Աստծուն ու Քրիստոսին նվիրվածության մասին:Խոր Վիրապում կրած չարչարանքներից հետո Սբ. Գրիգոր Լուսավորիչը, նվիրվելով Քրիստոսի լույսի տարածմանը հայոց աշխարհում, դարձավ պետականորեն ճանաչված Հայ եկեղեցու առաջին հովվապետը: Վազգեն Սրբազանը կարևորեց նաև հայ ժողովրդի պայքարը ազգի և հավատքի հարատևության համար, անդրադարձ կատարե Հայոց Եկեղեցու ծիսակատարությունների և արարողությունների պահպանմանը: Պատարագիչ Սրբազանը ողջունեց ուխտավորներին, օրհնեց նրանց և քաջալերեց, որ նման ուխտագնացությունները ամրապնդում են հավատը առ Աստված, զորացնում նոր ուժով: Դրա հետ միասին Թեմակալ առաջնորդը իր օրհնությունը հղեց Պատարագին ներկա հավատացյալներին, փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական սերը և բարեմաղթանքները: Վազգեն Սրբազանը գնահատանքի խոսքեր ուղղեց Ախալցխայի հոգևոր տեսուչ հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանին, ուխտավորներին ուղեկցող հոգևոր սպասավորներին՝ նրանց բարի ծառայության համար: Ուխտավորները մոմեր վառեցին Սբ. Գրիգոր Լուսավորչի հիշատակին, իրենց աղոթքում հայցելով համաքրիստոնեական սրբի բարեխոսությունը: Պատարագի ավարտին ուխտավորները Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կազմակերպեցին սիրո ճաշ, որին միացան նաև տեղի հավատացյալները: Պատարագից և սիրո ճաշից հետո ուխտավորները, հոգևոր հովիվներ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի, Տեր Տաթև քահանա Մարուքյանի և Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի առաջնորդությամբ, այցելեցին Ծուղրութ գյուղի Սուրբ Սիոն եկեղեցի,ներկա գտնվեցին հոգևոր հայրերի մասնակցությամբ կատարված Խաղաղական ժամերգությանը: Այնուհետև ուխտավորների բազմանդամ խումբը այցելեց տեղի բնակիչ Սապոջյան Սարգսի տուն, որտեղ սրբությամբ պահվում է 10-րդ դարի հայտնի Ծուղրութի ավետարանը: Ուխտավորները խումբ առ խումբ իրենց խոնարհումը բերեցին 10-րդ դարի ձեռագիր Ավետարանին: Ուշ երեկոյան ուխտավորները Սուրբ Գրիգոր Լուսավորչի շնորհներով հոգեպես նորոգված վերադարձան Թբիլիսի: |