Սրբոց Ղևոնդյանց քահանաների օրն Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում |
Լուրեր |
Սրբոց Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրը բոլոր քահանաների տոնն է: Ղևոնդյան քահանաներն Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն են: Տոնը կոչվում է Ղևոնդյանց՝ ի պատիվ Ղևոնդ Երեցի, ով տարիքով ամենամեծն է: Տոնը շարժական է: 2018 թվականին այն նշվեց փետրվարի 6-ին: Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում տոնը նշվեց Սուրբ և Անմահ Պատարագի, որը մատուցվեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում: Հընթացս Սուրբ Պատարագի, պատարագիչ և քարոզիչ Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանը հավուր պաատշաճի քարոզ խոսեց, մեկնեց օրվա խորհուրդը, փոխանցեց հոգևոր դասին ուղղված Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հայրական օրհնությունը և ջերմ շնորհավորանքները: Տեր Եղիշե ավագ քահանան տոնի առիթով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում ծառայող բոլոր հոգևորականներին ՝ բարեմաղթեց անսասան ծառայություն՝ ի փառս Աստծո և ի շինություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու: Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան |