Օծվեց Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու Մկրտության ավազանը |
Լուրեր |
2018 թվականի հունվարի 21-ին, Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Պատարագիչն էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Սուրբ Պատարագի վերջում, Թեմակալ առաջնորդի նախագահությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ նորերս ի Տեր հանգած բարեշնորհ Պետրոս սարկավագ Գասպարյանի, Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու վերանորոգման հիմնադրամի նախագահ, ազգային բարերար Ռուբեն Վարդանյանի հոր՝ Կառլեն Վարդանյանի և Ռուբեն Վարդանյանի տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հոր՝ Ֆելիքս Զոնաբենդի հոգու խաղաղության համար: Հավարտ հոգևոր արարողության, Վիրահայոց թեմի առաջնորդի ձեռամբ կատարվեց եկեղեցու նորաշեն Մկրտության ավազանի օծման կարգ: Թեմակալ առաջնորդը Եկեղեցական կանոնների համաձայն, Սուրբ մյուռոնով օծեց նորակառույց մարմարե ավազանը, հնչեցին շարականներ, ընթերցվեցին սաղմոսներ, բարձրացվեցին աղոթքներ: Տեր Վազգեն եպիսկոպոսն իր օրհնությունը և գնահատանքը բերեց արժանավոր հայորդի թբիլիսաբնակ Դավիթ Անդրոսյանին, ում բարերարությամբ առաջնորդանիստ եկեղեցին ունեցավ գեղեցիկ, մարմարե Մկրտության ավազան: Թեմակալ առաջնորդը բարերարին և նրա ընտանիքին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը Սուրբ Գևորգ եկեղեցին նոր Մկրտության ավազանով էլ ավելի գեղեցկացնելու համար և նրան հանձնեց Առաջնորդական Օրհնության գիր ու նվիրեց թբիլիսյան պատկերով գեղանկար: Հավելենք, որ բարերար Դավիթ Անդրոսյանի կողմից մարմարե ծաղկամաններ տեղադրվեցին նաև եկեղեցու բակում հանգչող աշուղ Սայաթ-Նովայի տապանաքարի աջ և ահյակ կողմերին: |