1

fb you od

Ջութակահար Գարի Նալբանդյանի գեղանկարչությունը PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

a12017 թվականի հոկտեմբերի 10-ին, Վիրահայոց թեմի Ռուսթավիի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հոգևոր, կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնում բացվեց ինքնուս նկարիչ Գարի Նալբանդյանի առաջին անհատական ցուցահանդեսը: Կենտրոնը մարդաշատ էր, հանդիպմանը ներկա էին Ռուսթավի և 1Գարդաբանի հայ համայնքի անդամները, կենտրոնի աշխատակազմը: Արհեստավարժ ջութակահարի գեղանկարչական աշխատանքներին ծանոթանալու համար Ռուսթավի էին ժամանել Վրաստանի հայ նկարիչների միության անդամները՝ նախագահ Իռեն Օհանջանյանի, «Հայարտուն» կենտրոնի ակտիվիստների խումբը՝ Թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանի ուղեկցությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդարանի պաշտոնեությունը:

Ցուցահանդեսին իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

2Համայնքի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը ողջունելով ներկաներին, կարևորեց տեղի հայությանը համախմբող այս օջախի գործունեությունը, արժևորեց շնորհաշատ արվեստագետ Գարի Նալբանդյանի գեղանկարչությունը և ցուցահանդեսն անվանեց կենտրոնի մշակութային գործունեության անդրանիկ միջոցառում:3

Գարի Նալբանդյանը հասարակությանը ծանոթ է որպես շնորհաշատ ջութակահար, միջազգային մրցույթների և փառատոների մասնակից ու հաղթող: Թերևս ճանաչված երաժիշտը օժտված է նաև իր հուզումները ներկերով արտահայտելու ի վերուստ շնորհված ձիրքով: Ցուցահանդեսի այցելուներին Գարի Նալբանդյանը ներկայացավ ռեալիստական և սյու-ռեալիստական ոճի կտավներով: Ցուցադրված աշխատանքները հարուստ ներկապնակով և մտածված վրձնահարվածներով ստեղծված այն յուղաներկ աշխատանքների մի մասն էր, որոնք ցայտել են նրա ներաշխարհից, դարձել նրա մտածումների արգասիք:

Տարբեր էին նկարչի կտավները, խորհրդավոր, վերնագրված մտածելու տեղիք տվող անվանումներով, արդիական, իրատեսական, նաև երևակայական, ոչ իրական:

4Ցուցահանդեսի այցելուները, որոնց շրջանում էին շնորհալի և վաստակաշատ արվեստագետներ, գնահատանքի խոսքեր ուղղեցին ինքնուս նկարչին, նրա կերտումներն անվանելով հեղինակի զգացումների և ներաշխարհի արտահայտություն, որը ջութակի լարերի համադրումից անցել է գույների և վրձնի համադրության, նույն տաղանդով, նույն ձիրքով և ձգտումով:5

Շնորհաշատ նկարչին և ցուցահանդեսի մասնակիցներին իր օրհնությունը հղեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսը արժևորեց Գարի Նալբանդյանի ստեղծագործական աշխարհը, նկարի միջոցով նրա խռովահույզ և իմաստալից հուզաշխարհի պոռթկումները: Դա ամենազորի կողմից դրված այն շնորհն է, որը երաժշտությանը համընթաց արտահայտվել է նաև նկարչության մեջ: Սրբազան հայրը գնահատանքի խոսքեր ուղղեց Տեր Նարեկ քահանայի գլխավորությամբ համայնքի և կենտրոնի գործունեությանը, հաջողություն մաղթեց նախանշված մշակութային, կրթական և երիտասարդական ծրագրերի իրականացմանը:

6Ցուցահանդեսի այցելուները ըմբոշխնեցին նաև Գարի Նալբանդյանի ջութակի հիասքանչ կատարումները և կենտրոնի կողմից կազմակերպված հյուրասիրությունը:

Ինքնուս նկարիչն իր աշխատանքներից նվիրեց Վիրահայոց թեմի առաջնորդին և մշակույթի բաժնի ղեկավարին:

Առաջարկություն արվեց Գարի Նալբանդյանի գեղանկարչության ցուցահանդես կազմակերպել նաև Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում՝ ի տես թբիլիսահայ արվեստասեր հասարակության: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)