«Եղիցի լույս կույրերին» ԲՀ կազմակերպության համերգը՝ նվիրված ՀՀ 26-րդ տարեդարձին |
Լուրեր |
2017 թվականի սեպտեմբերի 30-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ «Լույս» համույթի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կամերային երգչախմբի համերգը՝ նվիրված ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին: Համերգը նախաձեռնել էր «Եղիցի լույս կույրերին» բարեգործական հասարակական կազմակերպությունը (նախագահ՝ Մարո Մեսրոպյան, գործադիր տնօրեն Մարիետտա Սարդարյան) Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ: Այն ընդամենը ութ ամիս առաջ ստեղծված համույթի առաջին մենահամերգն էր մայր հայրենիքի սահմաններից դուրս: «Լույս» համույթին անդամագրված են սահմանափակ կարողություններով, հիմնականում տեսողական խնդիր ունեցող անձինք, ովքեր իրենց կատարողական մեծ վարպետությամբ հանդիսատեսին պարգևեցին գեղարվեստական անկրկնելի բավականություն: Բազմաժանր էր երգացանկը, ընդգրկված էին Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Կարա Մուրզայի, ժամանակակից հայ երգահանների ստեղծագործությունները: Խմբավար Գայանե Սահակյանի արհեստավարժությամբ և հմուտ ղեկավարությամբ համույթը հանդիսատեսին ներկայացավ հայ երգահանների ստեղագործությունների քառաձայն կատարումներով: Տպավորությունը անկրկնելի էր: Բազմազգ դահլիճը, գնահատելով համույթի կատարողական վարպետությունը, ձայների ճիշտ հնչեղությունը, ելույթներն արժանացնում էր բուռն ծափահարությունների: Համերգի երկրորդ մասը տրամադրվեց Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի կամերային երգչախմբին: Վերջինիս ելույթը դարձավ «Լույս» համույթի ստեղծած վառ տպավորության բանական շարունակությունը, ունկնդրին տեղափոխելով դասական երգի աստվածային անսահմանություն: Աղջիկների կազմով կամերային երգչախումբը ստեղծվել է 2005 թվականին և մասնակցել բազում փառատոների: 2011 թվականին խմբավար Գայանե Սահակյանի գլխավորությամբ, երգչախումբը մասնակցեց Բաթումիի «Ոսկե դելֆին» փառատոնին և արժանացավ գրան-պրիի: «Եղիցի լույս կույրերին» բարեգործական կազմակերպությունը գործում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ և անհատ բարերարների հովանավորությամբ: Իր շուրջը համախմբելով սահմանափակ կարողություններով անձանց, կազմակերպությունն իր գործունեությունը ծավալում է տարբեր ուղղություններով՝ սոցիալական, տնտեսական, առողջապահական և այլն: Նպատակը օժանդակությունն է խնդիր ունեցող անձանց՝ ինտեգրվելու հասարակությանը և ցույց տալ այն ուժն ու կարողությունը, որ կա նրանցից յուրաքանչյուրի մոտ, երբեմնի անկարելին դարձնելով կարելի և հասանելի: Շնորհավորելով երկու համույթների լավագույն մենահամերգը, Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը կազմակերպիչներին և մասնակիցներին փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը և հանձնեց «Հայարտուն» կենտրոնի շնորհակալագրերը: «Եղիցի լույս կույրերին» կազմակերպության հաջորդ նպատակը կույրերի թատրոն ստեղծելն է: Առաջ Աստված... |