Ուխտագնացություն Հայաստանի ինը սրբավայրեր |
Լուրեր |
2017 թվականի սեպտեմբերի 9-ի վաղ առավոտյան, Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ,Հավլաբարի Սուրբ Էջմիածնի եկեղեցասեր կանանց խումբ, եկեղեցու լուսարարապետ արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի առաջնորդությամբ, աղոթքով և Աստծու հինավուրց տներում մոմեր վառելու փափագով բռնեցին ուխտի ճանապարհը Հայաստանյաց սրբավայրեր: Արդեն 5-րդ տարին անընդմեջ, թբիլիսաբնակ կանանց այս խումբը տարեցտարի ընդարձակելով սրբավայրերի աշխարհագրությունը, այցելում է Հայաստանի տարբեր սրբավայրեր, անփոփոխ պահելով Տաթևի վանական համալիրում հաղորդություն ստանալու և մատաղ մատուցելու նպատակը: Եկեղեցասեր տիկնանց ուխտագնացությունը մեկնարկեց Սևանի վանքեր այցելությամբ: Ուխտավորները մոմեր վառեցին Առաքելոց և Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճարներում, եղան Վազգենյան ճեմարանի բակում կառուցված Սուրբ Հակոբ մատուռում: Տիկնայք՝ Տեր Մանուկի առաջնորդությամբ, այցելեցին նաև Քարահունջի «Զորաց քարեր» հնագույն աստղադիտարանը, հետաքրքրությամբ դիտեցին այն քարերը, որոնց միջոցով հնագույն ժամանակներում դիտել են աստղերի տեղադրությունը, կատարել տարբեր հաշվարկներ: Ուխտավորների հաջորդ կանգառը Սիսիան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին էր, որտեղ թբիլիսեցի ուխտավորներին դիմավորեց արժանապատիվ Տեր Պարգև քահանա Զեյնալյանը: Եղան նաև Որոտնավանքում: Հոգևոր հայրերի գլխավորությամբ ուխտավորները մասնակցեցին երեկոյան ժամերգությանը,մոմեր վառեցին հայոց տաճարում: Հավատացյալների բաղձալի ուխտավայրը Տաթևի վանական համալիրն էր: Այստեղ երեկոյան կատարվեց մատաղօրհնություն և հյուրասիրություն, որին միացան նաև Տաթև ժամանած մյուս ուխտավորները: Օրհնաբեր մատաղ ճաշակելուց հետո թբիլիսեցի կանայք մինչև ուշ գիշեր մասնակցեցին ժամերգություններին: Հաջորդ օրը Տաթևի վանական համալիրում, հոգեշնորհ Տեր Միքայել վարդապետ Գևորգյանի հանդիսապետությամբ, Սուրբ Պատարագ մատուցելու պատիվ ունեցավ արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը: Պատարագին Թբիլիսիից ուխտի եկած հավատացյալներին ողջունեց և իր պատգամը փոխանցեց Հայր Միքայելը:Հավատացյալները սրտի թրթիռով, մեծ հավատքով մասնակցեցին Սուրբ Պատարագին, ճաշակվեցին ու հաղորդություն ստացան հինավուրց զորավոր տաճարում: Ուխտավորները, գիշերելով Արմավիրի շրջանում, առավոտյան ուղևորվեցին համայն հայության հոգևոր կենտրոն Սայր Աթոռ Սուրբ Էջմիածին և մասնակցեցին միասնական աղոթքին: Հոգևոր կենարար մեծ ուժ ստացած թբիլիսահայ հավատացյալները տունդարձի ճանապարհին աղոթք արեցին նաև Օհանավանքում և Սաղմոսավանքում: Ուխտավորները իրենց աղոթքում հայցեցին Ամենազորի կամքը իրենց ուխտը անխախտ պահելու և հաջորդ տարիներին կրկին այսպիսի ուխտագնացության արժանանալու խնդրանքով: Մայր հայրենիքի 9 սրբավայրերում աղոթելուց, մոմեր վառելուց, հնամենի տաճարների զորությունից ոգեկոչված, անմոռաց տպավորություններով հոգեպես վերանորոգված խանդավառ ուխտավորները վերադարձան Թբիլիսի: |