Խոնարհում Մհեր Մկրտչյանի հիշատակին |
Լուրեր |
Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է: 2017 թվականի հուլիսի 4-ին, կինոյի և թատրոնի մեծ դերասանը, ճանաչված կատակերգուն, ԽՍՀՄ ժողովրդական արտիստը կդառնար 87 տարեկան: Թբիլիսիի Հավլաբար թաղամասում բարեկամության պուրակում կանգնեցված է վրաց ռեժիսոր Գիորգի Դանելիայի «Միմինո» ֆիլմի դերասաններին նվիրված կոմպոզիցիոն հուշարձանը, ընդորում ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկի՝ Մհեր Մկրտչյանի արձանը: Վիրահայոց թեմի պաշտոնեությունը, «Հայարտուն» կենտրոնի ուսուցիչները և ստեղծագործական խմբերի սաները ծաղկեպսակ խոնարհեցին անվանի դերասանի հուշարձանին ի հիշատակ նրա ծննդյան օրվան: Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր ծառայող արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը «Հոգվոց» ասաց Մհեր Մկրտչյանի հոգու խաղաղության համար և հիշատակի խոսք ասաց ժողովրդի մեծ սերը վայելող դերասանի մասին: Չկա հայ անվանի դերասանն ու մեծ կատակերգակը, սակայն կան նրա մարմնավորած հարյուրավոր դերակատարումները ֆիլմերում և թատրոնի բեմերից: Ժողովուրդը նախկինի նման սիրում է նրան, հուզվում, հրճվում նրա մարմնավորած բեմական ու էկրանային կերպարներով:Նա շարունակում է ապրել տարբեր ազգի ժողովուրդների սրտերում: |