Լուրեր
|
2017 թվականի մայիսի 18-ին Թբիլիսիում, Վրաստանի մշակութային կապերի կովկասյան տան հյուրերն էին «Հորիզոն» միջազգային կազմակերպության եվրոպական գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները: «Կովկասյան տունը» բարձրաստիճան հյուրերին ներկայացրեց Թբիլիսիի բազմազգ մշակույթից կազմած գեղեցիկ համերգ:
Հանդիպումը բացեց «Կովկասյան տան» տնօրեն տիկին Նաիրա Գելաշվիլին: Ողջունելով հյուրերին, հաստատության ղեկավարը անդրադարձ կատարեց հիրավի Կովկասյան ժողովուրդների հավաքատեղի-տուն հանդիսացող մշակութային կապերի զարգացման կենտրոնի գործունեությանը, արժևորեց տարբեր լեզուներով ընթացող բոլոր այն դասընթացները, ստեղծագործական խմբերը, հանդիպումները և միջոցառումները, որոնք նպատակաուղղված են Վրաստանում, ի մասնավորի Թբիլիսիում կովկասյան բազմազգ ժողովուրդների մշակույթի, լեզվի, ավանդույթների և ինքնության պահպանմանը: Բազմալեզու համերգին մասնակցեց նաև Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը: Կենտրոնի դուդուկի խումբը Իվանե Մկրտչյանի գլխավորությամբ կատարեց Կոմիտասի փոփուրին և»Ծաղիկ ես» ժողովրդական երգը: Դուդուկի մեղմանուշ ու սրտառուչ մեղեդին անմիջապես գրավեց ներկաների ուշադրությունը, արժանանալով բուռն ծափահարությունների: Իր ելույթում Թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը արժևորեց «Կովկասյան տան» աջակցությունը Վրաստանում ազգային փոքրամասնությունների մշակույթի և ինքնության պահպանման գործում: Շնորհակալություն հայտնելով «Կովկասյան տան տնօրինությանը ի դեմս տիկին Նաիրա Գելաշվիլու, բանախոսը հիշեց այն սիրալիր և պատրաստակամ վերաբերմունքը, որ այս հաստատությունը ցուցաբերում էր Վիրահայոց թեմին, սեփական դահլիճ չունենալու ժամանակաշրջանում միջոցառումների համար տրամադրելով «Կովկասյան տան» սրահները: Այժմ էլ մշակութային կապերի զարգացման այս կենտրոնն իր գործունեությունը ուղղորդում է ազգային փոքրամասնությունների մշակույթի զարգացմանը: Հանդիպումը հիրավի տպավորիչ էր Թբիլիսիի բազմազգ կոլորիտը ներկայացնող իր երգ ու պարով, ազգային տարազով և բազմազանությամբ :
|