1

fb you od

Ռուսթավի քաղաքում առաջին անգամ հնչեց Հայոց Պատարագը PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

IMG 9216 

Ընդամենը մեկ շաբաթ առաջ քաղաք Ռուսթավիում հանդիսավորապես բացվեց Սուրբ Գրիգոր Նարեկացի հոգևոր, կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնը, որի շուրջ համախմբվելու է այս քաղաքի հայ համայնքը: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ օծվեց Վեմ քարն ու Սրբապատկերը, որի մոտ ամեն կիրակի հոգևոր կենտրոնում մատուցվելու է Սուրբ և Անմահ Պատարագ:

2017 թվականի մայիսի 21-ը դարձավ հիրավի բեկումնային քաղաքի հայազգի բնակչության համար: Ռուսթավի քաղաքի և Մառնեուլի շրջանի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր նարեկ քահանա Ղուշչյանը այստեղ մատուցեց անդրանիկ Սուրբ Պատարագը՝ նոր էջ սկսելով տեղի հայության տարեգրությունում, նոր առաջընթաց արձանագրելով Վիրահայոց թեմի հոգևոր-եկեղեցական կյանքում:

Անդրանիկ Սուրբ Պատարագին մասնակցելու համար Թբիլիսիից հատուկ ժամանել էր Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հավատացյալների խումբը: Հուզված էին ռուսթավցիները, ուրախության փայլ կար նրանց աչքերում, եկել էին ընտանիքներով, նաև դպրոցահասակ երեխաների հետ: Եկել էին Սուրբ Պատարագի մասնակիցը դառնալու և Հաղորդություն ստանալու փափագով, եկել էին հարազատ քաղաքում սրտի թրթիռով հայերեն Պատարագը լսելու ուրախությամբ, մայրենի լեզվով աղոթելու և հաղորդություն ստանալու հոգու կանչով:

Ողջունելով ներկաներին պատարագիչ Տեր Նարեկ քահանան բացատրեց Վեմ քարի և Սրբապատկերի խորհուրդը, որը եկեղեցու, վանքի և տաճարի բացակության դեպքում Հայոց Սուրբ Պատարագի հիմնաքարն է:

Պատարագը խորիմաստ էր և հուզիչ՝ Թբիլիսիից ժամանած երգիչների և դպիրների մասնակցությամբ:

Հընթացս Սբ. Պատարագի Տեր Հայրը հանգամանալից մեկնաբանեց Հայոց Եկեղեցու, Սուրբ Պատարագի և Հաղորդության խորհուրդը, քարոզ խոսեց քրիստոնյա հավատքին հավատարմության, ազգային ինքնության պահպանության մասին: Կարևորելով Եկեղեցու և լեզվի դերը ազգի հարատևության գործում, Տեր Նարեկ քահանան արժևորեց նաև հոգևոր երգերի, ազգային մշակույթի, ժողովրդական ավանդույթների պահպանությունը աշխարհասփյուռ հայկական համայնքներում՝ լինի դա մերձավոր, թե հեռավոր Սփյուռքի գաղթօջախներում: Պատարագիչ քահանան ներկայացրեց կենտրոնի գործունեության մեկնարկը՝ դա երեխաների և չափահասների համար Սուրբ Եղիշեի անվան կիրակնօրյա դպրոցն է, դա մեծերի և փոքրերի համար «Նեմրութ» պարային համույթն է, դա կազմավորվող Բերկրի» երգչախումբն է: Թերևս ամենակարևորը Հայոց Եկեղեցին է և նրա ծիսակատարությունները, ի մասնավորի Սուրբ Պատարագները, որ ամեն կիրակի մատուցվելու են Ռուսթավի քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի հոգևոր կենտրոնում:

Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց խոստովանության կարգ և հավատացյալները ստացան Հաղորդություն: Հոգևոր կենտրոնի շարժիչ ուժը լինելու, Հայոց Եեղեցու շուրջը համախմբվելու խանդավառությամբ այն երանելի օրվա հույսը հնչեց, երբ ռուսթավցի հայերը Սուրբ Պատարագի կմասնակցեն այս քաղաքում գործող հայոց եկեղեցում: 

IMG 9207 IMG 9247 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)