Ստորագրվեց փոխհամագործակցության հուշագիր |
Լուրեր |
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնի ճանաչումն արդեն վաղուց դուրս է եկել մայրաքաղաք Թբիլիսիի ու Վրաստանի սահմաններից: Մայրենի լեզվով ազգային կենտրոնի գործունեությանը մոտիկից ծանոթանալու և համագործակցության կապեր հաստատելու նպատակով Թբիլիսի էր ժամանել Երևանի Շեն-Գավիթ վարչական շրջանի մշակույթի բաժնի պատվիրակությունը պատանեկության ստեղծագործական կենտրոնի տնօրեն, «Pro Pouz» կենդանիների բարեկեցության բարեգործական ընկերության Հայաստանյան կենտրոնի ղեկավար Նարե Արամյանի գլխավորությամբ: 2017 թվականի մայիսի 6-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնում կայացավ հանդիպում մայր հայրենիքից ժամանած հյուրերի հետ: Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը պատվիրակության անդամներին ներկայացրեց «Հայարտուն» կենտրոնը, ծանոթացրեց կենտրոնի գործունեության նպատակներին, կարևորելով Վրաստանում մայրենի լեզվի տարածման, ազգային մշակույթի զարգացման, ժողովրդական ավանդույթների պահպանման, հայ երեխայի հայեցի դաստիարակության ուղղությամբ աշխատանքները: Այնուհետև «Հայարտուն» կենտրոնի և Շեն-Գավիթի պատանեկության ստեղծագործական կենտրոնի միջև ստորագրվեց փոխհամագործակցության հուշագիր, որը կդառնա անմիջական կապերը, փորձի փոխանակումը, պաշտոնական և գործնական պատվիրակությունների միջոցով տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հարթակ: Հուշագիրը ստորագրեցին «Հայարտուն» կենտրոնի ղեկավարը և Շեն-Գավիթի պատանեկության ստեղծագործական կենտրոնի տնօրենը: Տեսնելով «Սուրբ Գրիգոր Նարեկացի» մայրենիի ուսուցման վարժարանի դասը, ունկնդրելով «Ներսես Շնորհալի» երգչախմբի կատարումը, «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի երեխաների խաղն ու վարժանքը հյուրերը միանշանակ ընդգծեցին տեսածի՝ լսածից զորեղ լինելը և իրենց աշխատանքում դրսևորած ազգային մեծ նվիրումի համար Թեմի կրթական բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանին և «Սուրբ Ներսես Շնորհալի» երգչախմբի խմբավար Մարիա Աբուլյանին հանձնեցին շնորհակալագրեր: «Pro Pouz» կենդանիների բարեկեցության բարեգործական ընկերության ուսուցչուհիներ Ալլա Արզումանյանը և Կարինե Փանոսյանը նախակրթարանի սաների և երգչախմբի անդամների համար անցկացրեցին կենդանիների հետ ճիշտ վարվելու, նրանց իրավունքները իմանալու բնասիրական դաս-վարժանք: Պատվիրակության կազմում էին շրջանի մշակույթի բաժնի ներկայացուցիչ Արաքսյա Լևոնյանը և տեխնիկական սպասարկող Մարինե Շահինյանը: Հյուրերին ուղեկցում էր Վրաստանի կենդանիների իրավունքների կոմիտեի անդամ Թինաթին Ճավճանիձեն: |