Ճրագալույցի Սուրբ Պատարագ Վիրահայոց թեմում |
Լուրեր |
2017 թվականի ապրիլի 15-ին, Ավագ շաբաթ օրը երեկոյան, Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով, Վիրահայոց թեմի եկեղեցիներում մատուցվեց ճրագալույցի Ս. Պատարագ: Այդ օրերին, ըստ հատուկ արարողակարգի, վառում են տաճարի ջահերն ու կանթեղները, բացվում են Եկեղեցու խորանի վարագույրները և վառվող մոմերը բաժանում են ժողովրդին, որից հետո մատուցվում է Սուրբ Պատարագ: Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ,Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը: Սուրբ Պատարագին իրենց մասնակցությունն էին բերել Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ,թբիլիսահայ համայնքային գործիչներ, հյուրեր, հավատացյալներ: Հընթացս Սուրբ Պատարագի Պատարագիչ քահանան ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի պատգամը մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առիթով: Տեր Սամվել քահանան ազդարարեց Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը: Հավատացյալները սիրով միմյանց շնորհավորեցին Մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեռելներից կենդանություն առնելու համար: Հավարտ Սուրբ Պատարագի Թեմակալ առաջնորդը հավատացյալներին շնորհավորեց Սուրբ Հարության տոնի առիթով, բարեմաղթեց Վրաստան և Հայաստան աշխարհներին խաղաղություն, առաջընթաց ու զարգացում: Սբ. Պատարագի ավարտին հավատացյալները իջեցված աշտանակի մոմից վառեցին իրենց մոմերը և Փրկչի օրհնությունն ստացած վերադարձան տներ, տանելով Տիրոջ Հարության Սբ․ Լույսը։Այնուհետև կատարվեց Սուրբ Հարության տոնից հետո առաջին տնօրհնեքի արարողությունը: Օրհնվեցին հացը, ջուրը և աղը: Սուրբ Գևորգ եկեղեցու բակում,Եկեղեցասեր կանանց միության և ջրօրհնեքի խաչի կնքահայր Յուրի Երեմյանի նախաձեռնությամբ, կազմակերպվեց հյուրասիրություն հավատացյալների համար: Ժողովրդի այցը եկեղեցի շարունակվեց մինչև կեսգիշեր: Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնին նվիրված Սուրբ Պատարագներ մատուցվեցին Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում: |