Թբիլիսահայ դպրոցականները մեծարեցին մայրերին |
Լուրեր |
2017 թվականի ապրիլի 7-ին, Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, երեկոյան ժամերգությանը նախորդեց Ավետման տոնին, ի մասնավորի մայրության և գեղեցկության օրվան նվիրված գողտրիկ միջոցառումը: Այն Սուրբ Գևորգի Եկեղեցասեր Կանանց միության նախաձեռությամբ կազմակերպել էր միության ատենապետուհի, Թբիլիսիի թիվ 103 վրաց-հայկական հանրային դպրոցի հայոց լեզվի և գրականության վաստակաշատ ուսուցչուհի Գայանե Մխիթյանը: Մասնակցում էին հայկական բաժնի տարբեր դասարանների սաները: Միջոցառմանն իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Եկեղեցում հավաքված ծնողները, հյուրերը և հավատացյալները ունկնդրեցին միշտ արդիական, միշտ հարազատ և անփոխարինելի մայրերին նվիրված հայ պոեզիայից ծաղկաքաղը՝ համեմված իմաստալից ասույթներով և գեղեցիկ երգերով, որոնք կատարեցին ասմունքողները: Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը երախտագիտության խոսքեր ուղղեց գրական-երաժշտական կոմպոզիցիայի մասնակիցներին, կազմակերպիչ-ուսուցչուհուն, ով մեծ նվիրումով աշակերտության շրջանում միշտ վառ և հիշարժան է պահում եկեղեցական տոները, ժողովրդական ավանդույթները: Միջոցառումն ամփոփեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսը անդրադարձ կատարելով Ավետման տոնին, որը համաքրիստոնեական է և անշարժ, խոսեց տոնի խորհրդի մասին, Սուրբ ԿույսիԱստծուն ծառայելու հնազանդության, նրա աղախինը լինելու խոնարհության և Փրկչին ծնելու համոզվածության մասին:Սրբազան Հայրը բոլոր Մարիամներին շնորհավորեց նաև Սուրբ Աստվածածնի անունը կրելու համար, բոլոր մայրերին մաղթեց առողջ կյանք՝ հավատքին հավատարմության շնչով, ազգին նվիրվածության ոգով և հայրենին սիրող որդիներ մեծացնելու իրենց առաքելության մեջ: Միջոցառման մասնակիցներին հոգևոր հովվության կողմից Առաջնորդի ձեռամբ բաժանվեցին օրհնված խաչեր: Նույն օրը երեկոյան Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հովվության և Եկեղեցասեր կանանց միության նախաձեռնությամբ Մայրության և գեղեցկոթյան տոնի առիթով կազմակերպվեց հյուրասիրություն: |