Շաբաթօրյայի սաները գովերգում են մորը, մայրենի լեզուն և հայրենիքը |
Լուրեր |
2017 թվականի ապրիլի 8-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան դահլիճում կայացավ Թեմի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա դպրոցի սաների՝ մորը, մայրենի լեզվին, հայերենի առաջին ուսուցիչ Սուրբ Մեսրոպ Մաշտոցին և հայրենիքին նվիրված միջոցառում: Այն ընթացավ «Իմ քաղցր լեզու» խորագրով, որպես արձագանք «Մայրս պատկերն է մայր հայրենիքիս» կարգախոսով ՀՀ Սփյուռքի նախարարության շարադրությունների մրցույթին: Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ: Բացելով միջոցառումը Թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը համառոտ ներկայացրեց հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցների գործունեությունը, սաների հաջողությունները և ուսուցիչների նվիրված աշխատանքը: Միջոցառումը նախաձեռնել էր «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա դպրոցի ուսուցչուհի Թամարա Գաբոյանը՝ «Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախմբի (խմբավար՝ Մարիա Աբուլյան և դաշնակահար՝ Կարեն Միրզոյան) հետ համատեղ: Գրական-երաժշտական մոնտաժը նվիրված էր Ավետման տոնին և մայրերի մեծարմանը, նաև մայրենի լեզվով անդրադարձ էր հայոց գրերի ստեղծմանը և հայ ժողովրդի պատմությանը: Մայրության տոնի առիթով մեկօրյա դպրոցի սաները գորովալից խոսքեր ուղղեցին մայրերին, ում անսահման սերն անփոխարինելի է բոլոր զավակների համար, իսկ երեխաների սիրով և հարգանքով առլեցուն վերաբերմունքը նրանց կյանքի անփոխարինելի բալասանը: Գրական մոնտաժի վարողներ Ալլա Ավետիսյանի և Էլլա Սիմոնյանի արձակ խոսքը, սաների արտասանությունը տպավորիչ էին ոչ միայն իրենց հուզականությամբ, այլև զուլալ, իմստավորված և ճշգրիտ հայերենով: Միջոցառումը հայ գրականության շավիղներով ունկնդրին տարավ մայրենիի անմահություն, հայոց գրերի ստեղծում, մայրենին ու հայրենիքը պահելու անկոտրում պատգամ: Խոնարհվելով քերթողահայր Մեսրոպ Մաշտոցի հիշատակի առջև, բանաստեղծական խոսքի միջոցով դեռահասները ներկայացրեցին պատմության պայքարաշունչ դրվագները, հայ ժողովրդի ինքնությունը հաստատող երկաթագիր գրերի ստեղծումը, հայերենի տեղը աշխարհի լեզվական ընտանիքում: Դպրոցի սաների սրտաբուխ և հուզումնալից արտասանությունը ներդաշնակվում էր երգչախմբի կատարմամբ մայրերին և հայոց գրերին, հայ ժողովրդին ու մայր Հայրենիքին նվիրված երգերին: Վիրահայոց թեմի մամլո և լրատվության բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը, Սուրբ Եղիա մարգարեի անվան կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանը և «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը շնորհակալություն հայտնելով ուսուցչուհուն և մյուս կազմակերպիչներին ջերմ և հայրենաշունչ միջոցառում ներկայացնելու համար, ծնողներին հորդորեցին իրենց երեխաներին տալ հայեցի կրթություն, հոգեհարազատ դարձնել մեր ոսկեղենիկ լեզվին, մեր պատմությանն ու ավանդույթներին: Այդպիսով դյուրացնել երեխաների ուսումնառության գործընթացը, նրանցից կերտելով իր իսկությունը պահպանած հայի տեսակ: Ամփոփելով միջոցառումը Վիրահայոց թեմի առաջնորդը բարձր գնահատեց հայ պատանիների վերադարձը իրենց արմատներին, հորդորեց միշտ և ամենուրեք հավատարիմ մնալ լեզվին ու քրիստոնյա հավատքին: Սրբազան Հայրը կոչ արեց ծնողներին չկտրել իրենց զավակներին ազգից ու ավանդականից, չդարձնել նրանց լեզվակը կտրած զանգակ, այլ դաստիարակել նրանց հայրենասիրությամբ և հայասիրությամբ: Վերջում Թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը ընթերցեց ՀՀ Սփյուռքի նախարարության շնորհակալագիրը «Սուրբ Գրիգոր Նարեկացի» դպրոցի սովորող Նինա Սերոպովային «Իմ քաղցր լեզու» խորագրով շարադրությունների մրցույթին մասնակցության համար: |