1

fb you od

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի ուխտագնացությունը Առաջին քրիստոնյա երկիր PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

hromi pap 

Հռոմի Սրբազան Քահանայապետի այցի կապակցությամբ իրականացված բոլոր արարողակարգերին և միջոցառումներին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ Վիրահայոց թեմը ներկայացնում էին Թեմի Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը և Առաջնորդի օգնական հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը:

Սուրբ արարողություններին մասնակցում էին Թբիլիսիից, Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի հայկական համայնքներից ուխտի եկած հարյուրավոր հավատացյալներ իրենց հոգևոր հովիվների գլխավորությամբ:

2016 թվականի հունիսի 24-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը ժամանեց Հայաստան:

Հունիսի 24-ին սկսվեց Հռոմի Սրբազան Քահանայապետի եռօրյա այցը Հայաստանի Հանրապետություն` «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսի ներքո:

Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Հովվապետին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը` պատվիրակությունների ուղեկցությամբ, ինչպես նաև Կաթոլիկ և Հայ Կաթողիկե Եկեղեցու ներկայացուցիչներ:

Օդանավակայանում ՀՀ Նախագահի հետ կարճատև զրույցից հետո Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն ու Հռոմի Սրբազան Քահանայապետը պատվիրակությունների ուղեկցությամբ մեկնեցին Ս. Էջմիածին:

Մայր Աթոռում երկու Հայրապետերին դիմավորեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանությունը և պաշտոնեությունը: Այս առիթով Հայաստանից և Սփյուռքից հայոց հոգևոր կենտրոն ժամանած բազում ուխտավորներ դրոշակներով և պաստառներով ողջունեցին Ֆրանցիսկոս Պապին:

Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների հոգևորականներից կազմված հանդիսավոր թափորը, Մայր Տաճարի ավետաբեր ղողանջների և «Հրաշափառ Աստուած» շարականի երգեցողության ներքո, Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հռոմի Սրբազան Քահանայապետին առաջնորդեց Միածնաէջ Մայր Տաճար:

Համատեղ սաղմոսասացությունից հետո Ֆրանցիսկոս Պապն ընթերցեց «Ի մէջ տաճարիս» աղոթքը, ապա Մայր Տաճարի երգչախումբը կատարեց «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը:

Այնուհետև Հռոմի Սրբազան Քահանայապետը «Պահպանեա զմեզ, Քրիստոս Աստուած մեր» աղոթքով օրհնեց տաճարում ներկա բարեպաշտ հավատավոր ժողովրդին:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: - Աղոթք ենք բարձրացնում Քրիստոսի Սուրբ Եկեղեցու հաստատունության և պայծառության, մեր Տիրոջ պարգևած սիրո ու հաճության ոգու տարածման և աշխարհում խաղաղության ու համերաշխ կյանքի ամրապնդման համար: Հայցում ենք Ձերդ Սրբությանը Տիրոջ զորակցությունը և մաղթում ընդ երկայն աւուրս քաջառողջ, արդյունազարդ գահակալություն՝ ի պայծառություն Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու և ի մխիթարություն հավատացելոց:

Բարի եք եկել աստվածաշնչյան երկիր Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Մեր Տիրոջ և Փրկչի Հիսուս Քրիստոսի ողորմությունը, շնորհներն ու օրհնությունը թող լինեն մեզ հետ և ամենքի. ամեն»:

Պատասխան ուղերձով հանդես եկավ Ֆրանցիսկոս Պապը.

Հունիսի 24-ի երեկոյան Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հանդիպումը, որին ներկա էին Կաթոլիկ Եկեղեցու պատվիրակությունը, Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց դասը, Հայաստանից և Սփյուռքից ժամանած թեմակալ առաջնորդներ և առաջնորդական տեղապահներ:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը բարի գալուստ մաղթեց Հռոմի Սրբազան Քահանայապետին աստվածաշնչյան Հայոց երկիր և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` իր եղբայրական սերն ու բարեմաղթանքները փոխանցելով նաև պատվիրակության անդամներին:

Իր հերթին Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոս Պապը եղբայրական սիրո և ջերմ ընդունելության համար շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ` շեշտելով, որ Ս. Էջմիածնում ինքն իրեն զգում է ինչպես տանը: Գարեգին Բ Վեհափառի խոսքում կարևորելով միասնական աղոթքն ու խաղաղությունը` Հռոմի Սրբազան Քահանայապետը հավելեց, որ իբրև Եկեղեցիներ` կոչված են այդ խաղաղության քարոզիչները լինելու:

Հավարտ հանդիպման տեղի ունեցավ երկու Եկեղեցիների պատվիրակությունների փոխադարձ ներկայացում և կատարվեց նվերների փոխանակում:

Այցի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի Սրբազան Քահանայապետին ընծայեց Ս. Պատարագի սկիհ, որի երկու կողմերում պատկերված են Վատիկանի Ս. Պետրոսի Տաճարն ու Ս. Էջմիածնի Մայր Տաճարը, երկու Եկեղեցիների հիմնադիր սուրբ առաքյալները: Նորին Սրբությունը Սրբազան Քահանայապետին նվիրեց նաև Հայոց Ցեղասպանության նահատակների սրբապատկեր և Ֆրանցիսկոս Պապի դիմապատկերի մանրաքանդակ: Իսկ Հռոմի Պապը Վեհափառ Հայրապետին նվիրեց Ս. Աստվածածնի խճանկար:

Վերջում Ֆրանցիսկոս Պապն արձանագրություն թողեց Վեհարանի Հիշողությունների մատյանում:

Հանդիպումից հետո տեղի ունեցավ երկու Հովվապետերի առանձնազրույցը:

Հունիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ուր երկու Հովվապետերին դիմավորեցին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Այնուհետև անմար կրակի առջև, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Հռոմի Ֆրանցիսկոս Պապի, կատարվեց բարեխոսական կարգ, որի ժամանակ հնչեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակներին նվիրված

«Հրաշացան պակուցմամբ»  շարականը, երկու Եկեղեցիների հոգևորականների կողմից ընթերցվեցին սուրբգրային հատվածներ, սաղմոսներ և քարոզներ:

Արարողությունն ամփոփվեց Հռոմի Ֆրանցիսկոս Պապի աղոթքով, որով Սրբազան Քահանայապետը հայցեց հանուն հավատքի և հայրենյաց իրենց կյանքն ընծայաբերած սուրբ նահատակների բարեխոսությունը հայոց ազգի և համայն աշխարհի համար: Արարողության ավարտին հնչեց հայկական դուդուկ Հայաստանի ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի, վաստակավոր արտիստներ Գևորգ Դաբաղյանի և Կամո Սեյրանյանի կատարմամբ:

Վերջում ՀՀ Նախագահը և երկու Հովվապետերն այցելեցին Հիշողությունների պուրակ, որտեղ Ֆրանցիսկոս Պապը ջրեց իր անվամբ տնկված մշտադալար եղևնին:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցի ավարտին Ֆրանցիսկոս Պապին մոտեցան Հայոց ցեղասպանությունը վերապրածների մի խումբ ժառանգներ, որոնց նախնիները Մեծ Եղեռնի տարիներին Պիուս ԺԱ Պապի որոշմամբ ապաստան էին գտել պապական Կաստել Գանդոլֆո դղյակ-ամառանոցում:

Հռոմի Սրբազան Քահանայապետը նաև գրառում կատարեց պատվո հյուրերի մատյանում. «Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա չարությանը բարությամբ հաղթել: Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և մխիթարություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»:

Հունիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը մեկնեցին Գյումրի:

Գյումրիի Ս. Վարդանանց կենտրոնական հրապարակում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցվեց Ս. Պատարագ:

Ս. Պատարագի ընթացքում օրվա խորհրդի շուրջ քարոզեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը:

Շնորհակալական ուղերձով վերջում հանդես եկավ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթոլիկների առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը:

Ս. Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հռոմի Սրբազան Քահանայապետը պապամոբիլով շրջեցին հրապարակում` իրենց օրհնությունը բաշխելով ներկաներին:

Եկեղեցու մուտքի առջև երկու Հովվապետերն իրենց օրհնությունը բաշխեցին նաև հաշմանդամ երեխաների:

Այնուհետև Նորին Սրբությունը և Հռոմի Սրբազան Քահանայապետն այցելեցին նաև Գյումրիի հայ կաթոլիկ առաջնորդանիստ Սրբոց Նահատակաց եկեղեցի: Եկեղեցու առջև նրանց դիմավորեցին Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, եկեղեցականներ և հայ կաթոլիկ համայնքի ներկայացուցիչներ:

Ապա Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մեկնեց Անարատ Հղության Քույրերի մենաստան:

Նույն օրը Ֆրանցիսկոս Պապն այցելեց Շիրակի թեմի Ս. Աստվածածին (Յոթվերք) առաջնորդանիստ եկեղեցի: Թափորով երկու Հովվապետերը զանգերի ղողանջների ուղեկցությամբ մուտք գործեցին եկեղեցի:Եկեղեցու Ավագ Խորանին դրված Աստվածածնի Յոթ վերք սրբապատկերի առջև Վեհափառ Հայրապետը և Հռոմի Պապն առանձնական աղոթք ասացին, որից հետո Ֆրանցիսկոս Պապն օրհնեց ներկա ժողովրդին:

Այցի առիթով Միքայել Սրբազանը թեմի հավատացյալների անունից Ֆրանցիսկոս Պապին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնեց Աստվածածնի Յոթ վերք սրբապատկերի կրկնօրինակները, որից հետո երկու Հովվապետերը քայլեցին դեպի եկեղեցու ներսում գտնվող Խաչելության խորանը, ուր երկրպագություն կատարեցին Ս. Խաչի առջև:

Երկու Հովվապետերի առանձնական աղոթքից հետո Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց հայ կաթոլիկ համայնքի ներկայացուցիչներին և հաշմանդամ երեխաների:

Դուրս գալով Սրբոց Նահատակաց եկեղեցուց` Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հռոմի Սրբազան Քահանայապետը, հրաժեշտ տալով Գյումրիին, վերադարձան Երևան:

Հունիսի 25-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի, Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ էկումենիկ արարողություն և խաղաղության աղոթք, որին ներկա էին տասնյակ հազարավոր հայորդիներ և հյուրեր տարբեր երկրներից:

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ֆրանցիսկոս Պապի մուտքը Հանրապետության հրապարակ ազդարարվեց Երևանի եկեղեցիների զանգերի ղողանջներով: Երկու Հովվապետերը  յուրաքանչյուր եկեղեցուց 12 բարձրաստիճան հոգևորականներով բարձրացան արարողության համար հատուկ պատրաստված բեմ:

Համատեղ աղոթքի ժամանակ ընթերցվեցին հատվածներ Ս. Գրքից և աղոթքներ, ինչպես նաև երգվեց Ս. Հարության շարական:

Արարողության ընթացքում ներկաներին իր ուղերձն ուղղեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Բարերար Աստծո մեզ պարգևած հանդիպման հոգևոր ուրախությունը Մեր սրտում, մեր Տիրոջ և Փրկչի շնորհը և խաղաղությունը հայցելով բոլորիս՝ հրավիրում ենք Ձեզ, սիրեցյալ եղբայր, Ձեր պատգամը և սիրառատ օրհնությունը բերելու այստեղ համախմբված բազմահազար հավատացյալներին»:

Ապա խոսքով հանդես եկավ նաև Հռոմի Սրբազան Քահանայապետը.

9),

Ուղերձներից հետո Ս. Պատարագի «Քրիստոս մեր մեջ հայտնվեց» հատվածի երգեցողության ժամանակ երկու Հովվապետերը միմյանց ողջույն տվեցին, որն ապա փոխանցվեց նաև արարողությանը ներկա բազմահազար մարդկանց:

Ողջույնից հետո Ֆրանցիսկոս Պապը «Պահպանեա զմեզ, Քրիստոս Աստուած մեր» աղոթքով օրհնեց ներկա ժողովրդին:

Արարողության ավարտին հնչեց Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի խոսքը.

Խոսքի ավարտին կատարվեց Գարրի Քեսայանի հեղինակած «Ave, Maria» ստեղծագործությունը` նվիրված Սրբազան Քահանայապետի Հայաստան այցին, որի ներքո Մերձավոր Արևելքից ժամանած մանուկները Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հռոմի Սրբազան Քահանայապետին օրհնության համար մատուցեցին իրենց երկրներից բերված հողը: Օրհնությունից հետո պատմական Հայաստանի տարազներով զգեստավորված երեխաները հողը լցրեցին Նոյյան տապանի մանրակերտի մեջ, ուր և դրվեց հայկական խաղողի տունկը:

Վատիկանին ընծայվելիք Նոյյան տապանի մանրակերտի հեղինակը ամերիկահայ դիզայներ Մայքլ Արամն է:

Արարողության ավարտին Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` ղեկավարությամբ Էդուարդ Թոփչյանի, և Հայաստանի Ազգային ակադեմիական երգչախումբը` ղեկավարությամբ Հայաստանի ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի, ինչպես նաև մասնակցությամբ հայ դասական երաժշտության անվանի մենակատարների, հանդես եկան համերգային ծրագրով:

Հունիսի 26-ին համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Տրդատի Բաց խորանում Սուրբ Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը` աղոթական ներկայությամբ Հռոմեակաթոլիկ Եկեղեցու առաջնորդ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի:

Արարողությունը սկսվեց հայրապետական հանդիսավոր և խաչվառազարդ թափորով, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը, ուղեկցությամբ Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների հոգևորականներից կազմված հանդիսավոր թափորի, Մայր Տաճարի ավետաբեր ղողանջների և « Խորհուրդ խորին» հոգեպարար շարականի երգեցողության ներքո ամպհովանիով առաջնորդվեցին Ս. Տրդատի բաց խորան, որտեղ Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը Ս. Պատարագ մատուցեց:

Ս. Պատարագի ընթացքում երկու Հովվապետերը միմյանց ողջույն տվեցին, ապա Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրվա կապակցությամբ իր պատգամը հղեց համայն հայ ժողովրդին և ներկաներին:

Այնուհետև ողջույնի խոսքով ներկաներին դիմեց Ֆրանցիոսկոս Պապը:

« Ձերդ Սրբություն, հույժ սիրելի Եպիսկոպոսներ,

Սիրելի եղբայրներ և քույրեր,

այս հույժ ցանկալի և ինձ համար արդեն անմոռանալի այցի գագաթնակետին, ուզում եմ Տիրոջ բարձրացնել իմ շնորհակալությունը, միացնելով այն այս սեղանից բարձրացած փառաբանական և գոհաբանական մեծ աղոթքին: Այս օրերին, Ձերդ Սրբությունը սեփական տան դռները բացեց ինձ, և զգացինք թե «ինչ գեղեցիկ և ինչքան քաղցր է, որ եղբայրները միասին բնակվեն» (Սղ 133,1): Հանդիպեցինք, եղբայրաբար ողջագուրվեցինք, միասին աղոթեցինք, կիսեցինք ընծաները, հույսերն ու մտահոգությունները, Քրիստոսի Եկեղեցու՝ որի սրտի միաձայն զարկերը լսում ենք, և հավատացած ենք և զգում ենք թե մեկ է: «Մե՛կ մարմին և մե՛կ հոգի, ինչպես որ մե՛կ է ձեր հույսը […]. մե՛կ Տեր, մե՛կ հավատ, մե՛կ մկրտություն: Մե՛կ Աստված և Հայր բոլորի, որ վեր է բոլորից, բոլորի հետ և մեր բոլորի մեջ» (Եփ 4,4-6). իրոք կարող ենք ուրախությամբ մերը դարձնել Պողոս առաքյալի այս խոսքերը: Հենց սուրբ Առաքյալների հիշատակին հանդիպեցինք: Սուրբ Բարթողիմեոս և Թադեոս, որ առաջի անգամ քարոզեցին Ավետարանը այս աշխարհում, և սուրբ Պետրոսն ու Պողոսը, որ Հռոմում իրենց կյանքը զոհեցին Տիրոջ համար, մինչ թագավորում են երկնքում Քրիստոսի հետ՝ վստահաբար ուրախանում են տեսնելով մեր սերն ու ժրաջան ձգտումը՝ ամբողջական հաղորդության: Այս բոլորի համար շնորհակալ եմ Տիրոջ, ձեզ համար և ձեզ հետ. Փառք Աստծո:

Ս. Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հռոմի Սրբազան Քահանայապետը միասին օրհնեցին ներկա ուխտավոր ժողովրդին:

Նվիրապետական Աթոռներ

Հունիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի գահասրահում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի համատեղ հռչակագրի ստորագրման արարողությունը:

Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցի վերջին հանգրվանը Խոր Վիրապի պատմական վանքն էր:

Հունիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Հռոմի Սրբազան Քահանայապետը պատվիրակությունների ուղեկցությամբ այցելեցին Խոր Վիրապ:

Թափորով երկու Հովվապետերն առաջնորդվեցին դեպի Խոր Վիրապի վանքի շրջաբակը։ Վանքում երկու Հովվապետերը մուտք գործեցին Ս. Գրիգոր Լուսավորիչ մատուռ, ուր Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Հռոմի Պապը գբից հանված կենսապարգև լույսով վառեցին իրենց մոմերը։

Այնուհետև Ս. Աստվածածին եկեղեցում նույն այդ լույսից վառվեց այցի առիթով Ֆրանցիսկոս Պապի կողմից Խոր Վիրապի վանքին ընծայված կանթեղը:

Ապա Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը հայերեն և իտալերեն լեզուներով խաղաղության համար աղոթք հնչեցրեցին:

Այս ընթացքում Գևորգյան հոգևոր ճեմարանի և Վազգենյան հոգևոր դպրանոցի երգչախմբերի կողմից կատարվեց համաքրիստոնեական սուրբ և Հայ Եկեղեցու երկրորդ Լուսավորիչ Ս. Գրիգորին նվիրված «Լերինք ամենայն» հոգեպարար շարականը:

Արարողությունը եզրափակվեց միասնական Տերունական աղոթքով:

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն ու Հռոմի Սրբազան Քահանայապետն առաջնորդվեցին դեպի բիբլիական Արարատ լեռը նայող բարձրահարթակ, որտեղից, ի նշան խաղաղության, հայ-թուրքական փակ սահմանի ուղղությամբ արձակվեցին երկու աղավնիներ:

Վանք այցելությունից հետո «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ հրաժեշտի պաշտոնական արարողություն, որից հետո Ֆրանցիսկոս Պապը, ավարտելով այցն առաջին քրիստոնյա երկիր, վերադարձավ Վատիկան:


Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)