The Feast of Transfiguration of Our Lord Jesus Christ Celebrated in the Armenian Diocese in Georgia |
News |
On July 23, 2017, the Armenian Apostolic Holy Church celebrated the Feast of the Transfiguration of Our Lord Jesus Christ. On the occasion of one of the five main “Tabernacle” feasts of the Armenian Church the Divine Liturgies were conducted in the churches of the Armenian Diocese in Georgia.
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրացույցով 2017 թվականի հուլիսի 23-ը Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է: Հայոց Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը Վիրահայոց թեմի եկեղեցիներում նշվեց Սուրբ և Անմահ Պատարագով: Առավոտից աշխուժություն էր տիրում եկեղեցիներում: Թբիլիսիի և Վրաստանի հայաբնակ տարածաշրջանների հավատացյալ ժողովուրդը մեծ խանդավառությամբ գալիս էր եկեղեցի մասնակից դառնալու Քրիստոսի Պայծառակերպության կամ, ինչպես ժողովուրդն է ասում, Վարդավառի տոնակատարությանը: Առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում տոնական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Հավարտ Պատարագի Սրբազան հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի մասին, կարևորելով տոնի Աստվածային խորհուրդը և պատգամեց նորոգվել Հիսուսով, Պայծառակերպված Քրիստոսով ապրել նոր կյանք, որը մարդկությանը կբերի բարություն, սեր, համերաշխություն և հոգևոր լուսավորություն: Սրբազանը նաև հորդորեց հարստացնել կյանքը հոգևոր արժեքներով, բարի գործերով, գթասրտությամբ և ներողամտությամբ: Սրբազան առաջնորդի և հոգևոր դասի պահպանիչ աղոթքից և օրհնությունից հետո տոնական տրամադրությունը շարունակվեց մայրաքաղաքի երկու եկեղեցիների բակերում: Հեթանոսական ժամանակներից եկող և քրիստոնեական շունչ ստացած միմյանց վրա ջուր ցողելու սովորությունը կամ Վարդավառն իր արտահայտությունը գտավ ծայր առած ջրախաղով: Վարդաջրով մաքրվելու ուրախ և աշխույժ տեսարանի մասնակից դարձան ներկա ահելներն ու ջահելները, հյուրերն ու պատարագի մասնակիցները, բոլոր հավատացյալները, զարմանք ու հետաքրքրություն առաջացնելով բազում զբոսաշրջիկների մոտ, ովքեր սիրով միանում էին ջրվողներին և ուրախանում նրանց հետ: Բարի սովորույթ է դարձել առաջնորդանիստ եկեղեցու բակում տոնի կապակցությամբ հավատացյալներին մատաղով հյուրասիրությունը: Այս տարի նույնպես ավանդույթը չխախտվեց և Սուրբ Գևորգի եկեղեցասեր տիկնանց միության նախաձեռնությամբ պատրաաստված մատաղը բաժանվեց ժողովրդին: Զուգահեռաբար երեխաները և ներկաները հյուրասիրվեցին պաղպաղակով: Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի կապակցությամբ հետպատարգյա տոնական հանդիսություններ տեղի ունեցան Բաթումի «Սուրբ Փրկիչ», Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ախալքալաքի «Սուրբ Խաչ», Նինոծմինդայի «Սուրբ Սարգիս» և շրջակա գյուղերի եկեղեցիներում: Հատկանշական է, որ Ծալկայի շրջանի հայաբնակ գյուղերն ունեն եկեղեցական տոները նշելու իրենց սովորությունը: Այազմա գյուղը ավանդաբար նշում է Վարդավառի տոնը,որտեղ հավաքվել էին շրջանի տարբեր գյուղերից ժամանած հավատացյալները և տեղի հոգևոր հովիվ Տեր Ղևոնդ Թոփաշյանի նախաձեռնությամբ տոնը նշվեց համերգային ծրագրով և ջրախաղով: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությամբ հոգեպես պայծառացած և Վարդավառի ջրով մաքրազերծված հավատացյալները վերադարձան իրենց տները, տանելով Պատարագիչ քահանաների հորդորը՝ մաքրված ջրով ու նորոգված Հիսուսով՝ նոր կյանք ապրել Քրիստոսով: |