1

fb you od

Նոր ուսումնական տարում Նորանոր բարձունքներ PDF Տպել Էլ.փոստ

 8891020841090991544 o 

2015 թվականի սեպտեմբերի 14-ին Վրաստանի բոլոր տիպի ուսումնական հաստատություններում մեկնարկեց նոր՝ 2015-16 ուսումնական տարին: Ուսումնառության սկիզբն ազդարարող դպրոցական զանգը հանդիսավոր պայմաններում հնչեց նաև Թբիլիսիի և Վրաստանի տարածաշրջանների հայկական դպրոցներում: Վրաստանում ներկայումս գործում է 150-ից ավելի հայերեն ուսուցմամբ կրթօջախ: Այսօր քաղաքամայր Թբիլիսիում հայ դպրոցականների առջև դռները բացեցին հայոց դպրոցի կարգավիճակով թիվ 104 դպրոցը, հայկական բաժիններով թիվ 132 և թիվ 103 դպրոցները:

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Թբիլիսիի թիվ 104 դպրոց էին եկել հասարակական կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, դպրոցի նախկին ուսուցիչներ ու շրջանավարտներ:

Սպիտակ վերնաշապիկներով զուգված գեղեցիկ ծաղկեփնջերով աղջիկներն ու տղաներն իրենց ուսուցիչների հետ հանդիսավորապես շարվել էին դպրոցի մարզադաշտում,իսկ բակում հավաքվել էին ծնողներ, տատիկներ ու պապիկներ, հյուրեր:

Վրաստանի և Հայաստանի Հանրապետության պետական օրհներգներից հետո, բարձրացվեց Վրաստանի պետական դրոշը և հնչեց դպրոցի հիմնը: Դպրոցի տնօրեն տիկին Իրինա Ժամկոչյանը շնորհավորեց բոլորին նոր՝ 2015-2016 ուսումնական տարվա կապակցությամբ, հայտնեց, որ դպրոցը կազմ ու պատրաստ, «Նոր ուսումնական տարում նորանոր բարձունքներ» կարգախոսով ձեռնամուխ է լինում ուսումնառության գործընթացին: Տիկին Ժամկոչյանը հավելեց, որ տարին լինելու է հետաքրքիր, հագեցած բազում նոր ծրագրերով և մտահղացումներով, որոնք իրականացվելու են աշակերտների,ուսուցիչների, ծնողների ընդհանուր ուժերով:

Ներկաներին իր օրհնությունը բաշխեց և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորանքի խոսք ասաց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդը ոգեկոչեց դպրոցականներին՝ լավ սովորել, չխնայել ուժերը, նորանոր եռանդով հաղթահարել ուսման դժվարությունները և ապրել այն հաստատ համոզմունքով, որ բարձր տեխնոլոգիաներով հագեցած 21-րդ դարում միայն կրթությունն է լավ ապագայի գրավականը:

Վրաստանի իշխանությունների կողմից դպրոցականներին ուսումնառության գործի բարի երթ մաղթեց Վրաստանի խորհրդարանի անդամ Ռուսլան Պողոսյանը: Վրաստանի Կրթության և գիտության նախարարության ազգային դպրոցների ծրագրերի համակարգող Կարինե Մանուկյանը ներկայացրեց այն նորույթները, որ իրականացվելու են այս ուսումնական տարում և արձանագրեց, որ Վրաստանի հայկական դպրոցների շրջանավարտները այս տարի ևս հաջողությամբ հատել են բուհ ընդունվելու անցողիկ սահմանը և ընդունվել տարբեր բուհերի նախապատրաստական կուրս:

Դժվարություններից չվախենալու, լավ սովորելու, հայեցի դաստիարակություն ստանալու, այս երկրի արժանի քաղաքացի և իսկական մարդ մեծանալու պատգամով դպրոցականներին բարեմաղթանքի ուղերձ ասացին «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը, բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը, Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, Վիրահայերի միության նախագահ Նարեկ Բայանդուրյանը, այս դպրոցի նախկին ուսուցիչ Նորայր Բաղդասարյանը և ուրիշներ:

Առաջին զանգը խորհրդանշորեն հնչեցրեց այս տարվա առաջինդասարանցին, աշակերտները փոխադրվեցին իրենց դասասենյակները: Նոր ուսումնական տարին այս դպրոցում սկսվեց 300 աշակերտներով, ընդորում առաջին դասարան ընդունվածների թիվը հասնում է 25-ի, որից 13-ը Վիրահայոց թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի շրջանավարտներ են:

Նոր ուսումնական տարին կազմ ու պատրաստ սկսեցին Թբիլիսիի, Սամցխե Ջավախքի, Քվեմի Քարթլիի տարածաշրջանների և ք.Բաթումիի բոլոր տիպի հայկական կրթօջախները:

11045459 808643522585795 8313839301756288175 o 11950435 808643485919132 2617555948259872527 o 

12022361 808643509252463 5362538354418628612 o 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)