1

fb you od

«Հայարտուն» կենտրոնի «Հայոս բենդ» համույթի հաշվետու համերգը PDF Տպել Էլ.փոստ

band 

2015 թվականի հուլիսի 1-ը դարձավ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Հայոս բենդ» վոկալ-գործիքային համույթի (ղեկավար՝ Վլադիմիր Ասատուրով) ինքնահաստատման անմոռանալի օր: Կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացած հաշվետու համերգը իր հնչեղությամբ, վարպետ կատարումներով և բարձրարժեք կառուցվածքով իսկական անակնկալ էր համույթի անդամների ծնողների, ընկերների և Վիրահայոց թեմի պաշտոնեության համար:

Նորաստեղծ համույթի գործիքային կազմի (հարվածային գործիքներ՝ Սերգեյ Քամալով, տամ-տամ՝ Էռիկ Գեորկով , ստեղնային գործիք՝Էդուարդ Զալինյան, կիթառ՝ Ռիչարդ Հարությունյան, բաս-կիթառ՝ Գարի Ամիրխանյան) նվագակցությամբ համույթի մենակատարներ Անի Հովհաննիսյանի և Մարիաննա Սահակյանի կատարմամբ հնչեցին հայերեն, վրացերեն, ռուսերեն և անգլերեն երգեր: Բազմամարդ դահլիճն իր հիացմունքն ու գոհունակությունը արտահայտում էր բուռն օվացիայով:
Դեռևս երկու տարի առաջ ճանաչված երաժիշտ Վլադիմիր Ասատուրովի առաջարկությունը վոկալ-գործիքային էստրադային համույթ ստեղծելու մասին թեև ընդունվեց ոգևորությամբ, բայց շուտով ցույց տվեց այն դժվարությունները, որ առաջացան խմբի ձևավորման ճանապարհին, քանզի հավաքագրված երիտասարդները գրեթե անծանոթ էին նվագարաններին:

Վիրահայոց թեմի առաջնորդի հովանավորությամբ, «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ խումբը շուտով ունեցավ անհրաժեշտ նվագարանները և ղեկավար-ուսուցչի մեծ աշխատանքի, անհատական պարապմունքների արդյունքում ձևավորվեց խումբը, որի աշխատանքները նպատակաուղղվեցին կատարողական վարպետության բարձրացմանը և երգացանկի հարստացմանը:

Համույթի մենահամերգը բարձր գնահատեցին երաժիշտներ Լևոն Շահբազյանը, Աիդա Մեսրոպյանը, Մարիա Աբուլյանը և այլոք: Համույթի ղեկավար Վլադիմիր Ասատուրովը շնորհավորելով սաներին՝ իրեն երջանիկ համարեց իրականացած տեսնելով Թբիլիսիում հայ երիտասարդների կազմով էստրադային խումբ ստեղծելու իր շուրջ 15 տարի փայփայած երազանքը և շնորհակալության խոսքեր ուղղեց Վիրահայոց թեմի առաջնորդին և «Հայարտուն» կենտրոնի ղեկավարությանը ցուցաբերած աջակցության համար:

Ամփոփելով հաշվետու համերգը, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը բարձր գնահատեց համույթի հաշվետու համերգը և կոչ արեց երիտասարդներին ու նրանց ծնողներին՝ չկտրվել ազգայինից, հաճախել Հայոց Եկեղեցի և «Հայարտուն» կենտրոն ու անպայման մասնակցություն ունենալ հայոցի լեզվի և ազգային մշակույթի պահպանմանը և զարգացմանը արևավառ Թբիլիսիում: Հաշվետու համերգը վարեց Լիզա Թորոսյանը, իսկ օրը նշանավորվեց տոնական տորթով և հրավառությամբ:

IMG 9066 IMG 9067 

IMG 1113 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)