1

fb you od

Տոլմայի փառատոն Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում PDF Տպել Էլ.փոստ

tolma 

«Տոլմայի փառատոն 2015» հայերեն և վրացերեն լեզուներով ցուցապաստառը հայկական տոլմա համտեսելու էր հրավիրում բոլորին: Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի հովանավորությամբ, «Հայարտուն» կենտրոնի և անհատ բարերարների աջակցությամբ, 2015 թվականի հունիսի 28-ին, Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու բակում տեղի ունեցավ «Տոլմա-2015» փառատոնը:

Հայկական հարուստ մշակույթի արժեքներից մեկը ազգային խոհանոցն է իր բազմազանությամբ: Արդեն բարի ավանդույթ է դարձել Թբիլիսիում փառատոնի միջոցով ներկայացնել և ժողովրդականացնել հայկական կերակրատեսակները. գաթան, հարիսան, տոլման:

Առավոտից տոլմայի ախորժալի բուրմունքը տարածվել էր ողջ Հավլաբար թաղամասում: Եկեղեցու բակում շարված սեղաններին տեղ էին գտել թբիլիսահայ տիկնանց պատրաստած տոլմայով կաթսաները: Այս տարի հաշվի առնելով մասնակիցների մեծաթիվ լինելը, որոշվեց անցկացնել միայն փառատոն, հնարավորություն ընձեռելով մասնակիցներին ներկայացնելու իրենց խոհարարական վարպետությունը:

Բացի «Շուշանիկ» միության անդամներից, փառատոնին մասնակցում էին «Հայարտուն» կենտրոնի բոլոր ստեղծագործական խմբակների, Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարան սաների ծնողները, Վիրահայոց թեմի երիտասարդական բաժինն իր խմբակներով, «Տարոն», «Վանք», «Անի» պարային խմբերը: Նշենք, որ յուրաքանչյուր խումբ ներկայացել էր տոլմայի 3-5 տարատեսակներով:

Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը, բացելով փառատոնը՝ խոսեց ավանդույթը պահպանելու անհրաժեշտության մասին և արժևորեց հայ մարդու ինքնության հետ առնչվող ազգային կերակրատեսակները պահպանելու, սերունդներին փոխանցելու կարևորությունը:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ողջունեց ավանդական տոլմայի փառատոնը, օրհնեց բոլոր մասնակիցներին, բարձր գնահատեց հայ մշակույթն իր բոլոր դրսևորումներով Վրաստանում, քաղաքամայր Թբիլիսիում պահպանելու միտումը:

Այնուհետև հոգևոր սպասավոր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը օրհնեց տոլմայի կաթսաները, միատեսակ գոգնոցներով զուգված տիկնանց և բարեհաջող ընթացք մաղթեց փառատոնին:

Տոլմայի փառատոնին ներկա էին Վրաստանում Հայաաստանի Հանրապետության դեսպանության խորհրդական Կարեն Մելիքյանը, արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի տիկին Էլեոնորա Վարդանյանը, գրող-թարգմանիչ Գիվի Շահնազարը, հայ հասարակական գործիչներ, մտավորականներ և ուրիշներ:

Հայոց եկեղեցու բակը լեփ-լեցուն էր մարդկանցով. եկել էին տեղացիներ, հյուրեր, նաև այլազգիներ. նրանք բոլորը համտեսելով տոլման, բարձր գնահատեցին այս ճաշատեսակի համային հատկանիշները: Տոլմայով հանրության հյուրասիրությունը ուղեկցվեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանի կազմակերպած ուրախ համերգով, որին մասնակցում էին ստեղծագործական խմբերը, պարային համույթները և անհատ կատարողները:

«Տոլմա-2015» փառատոնի ընթացքում ներկաներին զովացուցիչ ըմպելիքներով հյուրասիրությունը ապահովել էր Էդուարդ Մուրադյանի ղեկավարած ըմպելիքների «Ռիծա» ընկերությունը, իսկ հացով՝լավաշի արտադրության ընկերությունը՝ Արամայիս Քամալյանի ղեկավարությամբ: Միջոցառումը վարեց Լիզա Թորոսյանը:

Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը շնորհակալություն է հայտնում բոլոր բարերարներին և նվիրատուներին փառատոնի իրականացմանը աջակցություն և մասնակցություն ցուցաբերելու համար:

DSC03728 DSC03731 DSC03733 

DSC03753 DSC03746 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)