1

fb you od

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի տոնահանդեսը Շամշուլդա գյուղում PDF Տպել Էլ.փոստ

samshvilde 

Թեթրիծղարոյի շրջանի Շամշուլդա (Սամշվիլդե) գյուղի բնակչությունը թեև ընդամենը 60 կիլոմետր հեռավորությամբ է գտնվում քաղաքամայր Թբիլիսիից, սակայն ունի տեղում հոգևոր հոր ներկայության, Սրբազան Պատարագների և ժամերգությունների մասնակցելու կարիք: Այդ նպատակով, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի տնօրինությամբ, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը պարբերաբար այցելում է հայաբնակ այս գյուղը և տեղում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնակարգով անցկացնում տարբեր ծեսեր:

Նման հերթական այցելություն իրականացվեց 2015 թվականի հունիսի 13-ին, այս անգամ հոգևոր հոր հետ Շամշուլդա այցելեցին Վիրահայոց թեմի պաշտոնեության ներկայացուցիչներ Լևոն Չիդիլյանը, Վալերի Բադալյանը, Սուսաննա Խաչատրյանը, «Հայարտուն» կենտրոնի ստեղծագործական խմբերը՝ խմբավարներ Ռոբերտ Կաշավանիձեի, Իվանե Մկրտչյանի և օպերատոր Գևորգ Պողոսովի հետ միասին:

Հեռախոսային հաղորդագրությունների միջոցով նախապես տեղեկացված լինելով հյուրերի այցելության մասին, գյուղի հասարակությունը հավաքվել էր հինավուրց Սուրբ Փրկիչ եկեղեցում: Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը հավուր պատշաճի ծես կատարելուց և ժողովրդի հետ զրուցելուց հետո, եկեղեցու բակում կազմակերպեց Ընդհանրական մկրտություն: Հոգևոր հայրը մանրամասն քարոզ խոսեց մկրտության խորհրդի մասին, որից հետո օրհնված ջրով մկրտեց ու Սրբասուրբ մյուռոնով օծեց տարբեր հասակի գյուղի մի խումբ բնակիչների:

Օրը հիշարժան և տոնական դարձրեցին «Հայարտուն» կենտրոնի ստեղծագործական խմբերի ելույթները: Միմյանց հաջորդեցին անհատ կատարողներ Աննա Պողոսովայի, Անի Հովհաննիսյանի, Ռուզաննա Միքայելյանցի, Հովհաննես Շահնազարյանի ուրախ երգերը, Լիզա Թորոսյանի հուզառատ ասմունքը, դհոլի և դուդուկի մեղմանուշ կատարումները և «Տարոն» պարային խմբի (պարուսույց՝ Անգելինա Նազարյան-Քոչյան) հայկական բոցաշունչ պարերը:

Հավարտ միջոցառման հավաքված հասարակությանը դիմեց Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը: Բարձր գնահատելով գյուղի բնակիչների նվիրվածությունը իրենց սուրբ հավատքին և ազգային արժեքներին, հոգևոր հայրը բարձրաձայնեց տեղի բնակիչ Արարատ Քամալյանի ազգանվեր որոշումը՝ գնելու Սուրբ Փրկիչ եկեղեցու հողատարածքը և հարակից տունն իր հողամասով և այն Վիրահայոց թեմի սեփականությանը փոխանցելու ասին: Հավաքված հասարակությունը ծափերով ընդունեց հայրենանվեր բարեգործության մասին նորությունը:

Այնուհետև հյուրերը այցելեցին Դաղեթ-Խաչեն գյուղի մոտ, անտառում գտնվող 19-րդ դարի կառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին: Մոմեր վառելուց և աղոթք բարձրացնելուց հետո, կատարվեց Արարատ Քամալյանի ընտանիքի կողմից նվիրաբերված մատաղի օրհնություն և հյուրասիրություն:

DSC03468 DSC03515 DSC03540 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)