1

fb you od

«Հայագիտություն» խորագրով սեմինար «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

gl

Վիրահայոց թեմի երիտասարդության հարցերի բաժնի (պատասխանատու՝ Գևորգ սարկավագ Անտոնյան) և ՀՀ նախագահին կից Պետական կառավարման ակադեմիայի ընդամենը մեկամյա համագործակցությունը նշանավորվեց Թբիլիսիում «Հայագիտություն» խորագրով սեմինարի անցկացմամբ, որը նախաձեռնել էին ակադեմիայի տարբեր բաժինների ուսանողները: Սույն թվականի մարտի 16-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացած այս համատեղ ծրագրի նպատակն էր վիրահայությանը, հատկապես Թբիլիսիի հայ երիտասարդությանը ներկայացնել երկրի կառավարման պետական ինստիտուտները, տնտեսության, արտաքին հարաբերությունների, աշխարհագրության և եկեղեցաշինության ոլորտներում հայ-վրացական հարաբերությունների զարգացումը: Սեմինարը ողջույնի խոսքով բացեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը: Նա ներկայացրեց Կենտրոնի և թեմի երիտասարդական բաժնի գործունեությունը, կարևորելով նման ծրագրերի իրականացումը հայ մարդու ինքնությունը ճիշտ ձևավորելու գործում:

Լսարանը, որտեղ ներկայացված էին Թբիլիսիի տարբեր բուհերում սովորող ուսանողներ, ինչպես նաև ապագա դիմորդներ, հետաքրքրությամբ լսեց Երևանից ժամանած ակադեմիայի սովորողների զեկուցումները, որոնք վերաբերում էին ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը, ՀՀում տուրիզմի զարգացմանը, հարևան երկրների հետ տնտեսական, քաղաքական հարաբերություններին: Հանգամանալից խոսք ասվեց հայ նշանավոր մարդկանց, աշխարհում հայի տեսակի և նրա ինքնության ձևավորման մասին: Վերջում ՀՀ ՊԿԱ ուսանողուհի Գայանե Բեջանյանը լսարանին ներկայացրեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գործունեությունը, որը գործում է անմիջականորեն երկրի նախագահի հովանու ներքո, բացատրեց ակադեմիա ընդունվելու, սովորելու և արտոնություններից օգտվելու հանգամանքները: Սեմինարին մասնակցող ակադեմիայի սովորողներ Լիլիթ Խուրշուդյանը, Սոս Հակոբյանը,Արթուր Գրիգորյանը, Տիգրան Էլբակյանը և մյուսները սիրով պատասխանեցին ներկաներին հետաքրքրող հարցերին:

Առաջարկություն եղավ նման սեմինարները դարձնել շարունակական, համագործակցել ակադեմիայի ուսանողների հետ և մասնակիցը դարձնել Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի երիտասարդ առաջնորդների սեմինարին: Երևանից ժամանած հյուրերը թբիլիսահայ երիտասարդների ուղեկցությամբ եղան Խոջիվանքի «Մեծաց-մեծերի» պանթեոնում, հյուրընկալվեցին «Գարի Դավթյան» տիկնիկային մշակույթի տանը, դիտեցին քաղաքի մյուս տեսարժան վայրերը:

 

IMGP2674 IMGP2677 IMGP2696 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)