1

fb you od

Սիրիա. ուղիղ միացում Հալեպի հայ համայնքի բանբեր Ժիրայր Ռաիսյանի հետ PDF Տպել Էլ.փոստ

169462 291706154279537 754795911 o

Արաբական աշխարհում, մասնավորապես Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները հայերիս համար առավել տագնապալի են: Հայոց մեծ Եղեռնից մազապուրծ փրկված հայերը ապաստանելով Սիրիայում, ստեղծել են մեծաթիվ հայ համայնք: Եվ այնտեղ հաստատված մեր հայրենակիցների համար պահը օրհասական է դարձել երկրում ծավալված ներքին խռովությունների, քաղաքացիական պատերազմի արհավիրքի հետևանքով:

Ամեն ժամ զանգվածային լրատվական միջոցները տարածում են լուրեր նորանոր գրոհների մասին, որ տեղի են ունենում Սիրիայի տարբեր քաղաքներում ընդդիմության և իշխանական ուժերի միջև: Ամեն րոպե ստացվում են լուրեր նորանոր զոհերի, վիրավորների և տարհանվածների մասին: Եվ դրանց շրջանում քիչ չեն մեր հայրենակիցները: Ուստի բնական էր Թբիլիսահայ համայնքի հետաքրքրությունը տեղի հայ համայնքի, Հալեպում ներկայումս տիրող իրավիճակի և ցուցաբերվող օգնության մասին:

Ընթացիկ տարվա նոյեմբերի 18-ին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ ուղիղ միացում Սիրիայի Հալեպ քաղաքի հայ համայնքի հետ: Թբիլիսահայերին հետաքրքրող հարցերին պատասխանում էր Հալեպի հայ համայնքի բանբեր Ժիրայր Ռաիսյանը:

54233 291706140946205 400466575 o

Ուղիղ եթերակապի միջոցով սիրիահայ բանբերը հավաքվածներին ներկայացրեց Հալեպի հայ համայնքը,   հայկական եկեղեցիները, համայնքային կառույցները և հայեցի կրթության դրվածքը: Նա կարևորեց այն, որ Սիրիայի հայ համայնքը միանգամայն հայախոս է, ընդհանուր լեզուն հայերենն է: Եվ, ցավոք, ստեղծարար աշխատանքին նվիրված հայի խաղաղ առօրյան խաթարել է արաբական աշխարհի «Գարուն» կոչված փոթորիկը, որին հետևած զինված բախումներից, ռմբակոծություններից և ավերածություններից զոհերի թիվը օրեցօր ավելանում է: Ըստ Ռաիսյանի, Հալեպում հայ զոհվածների թիվը ներկայիս դրությամբ հասնում է 50-ի: Դրանք Արաբական բանակի հայազգի զինծառայողներ են, կամավորներ և պատահական զոհեր:

Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանի այն հարցին, թե ինչ մասշտաբների է հասնում արտագաղթը և դեպի ուր է այն ուղղված, բանբերը պատասխանեց, որ պատերազմական գործողություններից խուսափելու նպատակով մարդիկ պատսպարվում են քաղաքի առավել անվտանգ թաղամասերում մերձավորների և հարազատների մոտ, ժամանակավորապես հաստատվում են երկրի այլ շրջաններում կամ էլ հեռանում են երկրի սահմաններից դուրս: Հայերը առավելապես ուղղվում են դեպի մայր հայրենիք, քանզի դա է ամեն հայի իսկական և ապահով տունը: Այսօրվա դրությամբ Հայաստան է տարհանվել շուրջ 5 հազար մարդ: Նմանօրինակ պատկեր է նաև Լիբանանում, որտեղ նույնպես կա հայկական գաղութ:

Անշուշտ, բոլորին հետաքրքրում էր ռմբակոծության ենթարկված Հալեպի Սուրբ Գևորգ եկեղեցու իրավիճակը: Ռաիսյանի խոսքերով, եկեղեցին հայտնվել է բախումների կենտրոնում, այն ոչ թե ռմբակոծության է ենթարկվել, այլ հրկիզվել է: Բարեբախտաբար մայր խորանը չի վնասվել: Արամ Ա Վեհափառ Հայրապետի կարգադրությամբ, վերանորոգման աշխատանքները կսկսվեն անմիջականորեն, երբ ժամանակները հարմար կլինեն, պարզաբանեց համայնքի խոսնակը:

Ըստ Ժիրայր Ռաիսյանի, Հալեպի հայ համայնքը ամեն օր զգում է մայր հայրենիքի և հայրենակիցների աջակցությունը: Սիրիահայերին օժանդակում են ՀՕՄ-ը, ՀԸԲՄ-ն, ՀՀ Սփյուռքի նախարարությունը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ՀՀ կառավարությունը: Սիրիայում ստեղծվել է հայերին օգնելու միասնական մեխանիզմ: Բոլոր հայկական կառույցները, անկախ կուսակցական պատկանելությունից և կրոնական մոտեցումներից,   միասնական են   հայրենակիցներին օժանդակելու խնդրում: Եվ որպես երախտագետ ազգ հայերը այս օրերին Սիրիայի ժողովրդի կողքին են. սա այն երկիրն է, որը օրհասական պահին ապաստան է տվել փրկված հայերին:

Վիրահայոց Թեմի Առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, հանձինս խոսնակ Ժիրայր Ռաիսյանի, իր խոսքն ուղղեց Հալեպի հայ ազգաբնակչությանը: Հիշելով հայի ճակատագիրը, Սրբազան Հայրը նրանց մաղթեց տոկունություն, համբերություն՝ ապավինելով Աստծո   ողորմածությանը:

Այնուհետև ուղիղ միացմանը ներկա գտնվող մարդիկ իրենց հարցերն ուղղեցին Սիրիայից ժամանած արաբ քույր ու եղբորը, որոնք Շվեդիա ուղևորվելու ճանապարհին, փաստաթղթերի անսարքինության պատճառով, հայտնվել են Թբիլիսիում: Տիրապետելով հայերենին (քույրը մինչև 6-րդ դասարան սովորել է հայկական դպրոցում) արաբ քույրը և եղբայրը հայոց Եկեղեցին և հայ համայնքը համարել են հարազատ և այս օրերին հաճախում են Թբիլիսիի Սուրբ Էջմիածին Եկեղեցի:

Վիրահայոց Թեմի Առաջնորդի առաջարկությամբ որոշվեց կազմակերպել դրամահավաք Սիրիայի հայ համայնքին օգնելու նպատակով: