| 
						
													Լուրեր												
			 | 
| 
  Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմում Սուրբ Աստվածամոր Ավետման տոնը նշանավորվեց Սուրբ Պատարագների մատուցմամբ և մշակութային միջոցառումներով: 2018 թվականի ապրիլի 7-ին տոնական տրամադրություն էր տիրում Նինոծմինդայի շրջանի Մամզարա գյուղում: Գյուղի հասարակությունը հավաքվել էր տեղի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, որտեղ Պատարագիչն էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Պատարագին Ախալքալաքի ուխտավորների հետ միասին ժամանել էր Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը:  Վիրահայոց թեմի Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցու և հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը հավուր պատշաճի էր պատրաստվել օրվա Պատարագին:  Հընթացս Սուրբ Պատարագի, թեմակալ առաջնորդը շնորհավորեց հավատացյալներին Աստվածամոր Ավետման տոնի առիթով, խոսեց Աստվածամոր տոների և Հայ Եկեղեցում Սուրբ Մարիամի խորհրդի մասին և շնորհավորեց եկեղեցում գտնվող բոլոր մայրերին ու քույրերին Ավետման և մայրության տոների առիթով: Մամզարայի  Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Սուրբ Պատարագից հետո Ախալքալաքի փոխառաջնորդարանի մշակույթի կենտրոնի  «Ջավախքի ձայներ» երգչախումբը, խմբավար Գայանե Աղաջանյանի, գեղեցիկ անակնկալ մատուցեց եկեղեցու բակում հավաքված հասարակությանը:  Երգչախումբը  նրանց համար կատարեց ժողովրդական երգեր և օրը դարձրեց առավել հանդիսավոր և հիրավի տոնական:  Սբ. Պատարագի ավարտին եկեղեցու կնքահոր կողմից  Պատարագին մասնակցող կանանց ու աղջիկներին բաժանվեցին ծաղիկներ:  Այդ օրը Ախալքալաքի շրջանի Մերենիա գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի ձեռամբ մատուցվեց տոնական Սուրբ  Պատարագ: Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր տեսուչ հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը Սրբազան Պատարագ մատուցեց Ախալցիխեի շրջանի Ղուլալիս գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Սուրբ Աստվածամոր Ավետման տոնի առիթով Սրբազան պատարագներ մատուցվեցին Վիրահայոց թեմի Բաթումի Սուրբ Փրկիչ և Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում, տոնական միջոցառումներ կազմակերպվեցին և մայրերին ու մայրության բերկրանքին սպասող կանանց ու աղջիկների տոնը շնորհավորեցին ու ծաղիկներ նվիրեցին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում և Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» ու  «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոններում:  
 |